×

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյան/My Armenia

«Արբեցնող» Սարյան փողոցն ու գինու օրերի անակնկալները

Սարյան փողոցը երկու օրով դարձյալ կդառնա գինեսերների եւ գինեգործների հանդիպման վայր։ 2019թ. մայիսի 3-ին եւ 4-ին կկայանա «Երեւանի գինու օրեր» միջոցառումը։ Տաղավարները կբացվեն 17:00-ին եւ կփակվեն 23:00-ին:

Երեւանում այս օրերին ռուս զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Ոմանց հետաքրքրում են Հայաստանի տեսարժան վայրերը, մի մասին էլ Հայաստան է բերել «Երեւանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը, որը կազմակերպում է «ԷվենտՏուրա» ընկերությունը:

«Երեւանի գինու օրերի» նպատակը

Միջոցառման կազմակերպիչներն իրենց առաջ խնդիր են դրել ապացուցել, որ տարածաշրջանում գինու բնօրրանը հենց Հայաստանն է եւ 6 հազար տարվա պատմություն ունեցող երկրի համար այն կարող է կարեւոր այցեքարտ դառնալ:

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նպաստում է ոչ միայն գինու ոլորտի, այլեւ Հայաստանի տնտեսության եւ իրադարձային տուրիզմի զարգացմանը:

«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն, «Երեւանի Գինու Օրեր» միջոցառման կազմակերպիչ Մերի Բադալյանը՝ խոսելով այս տարի տեղի ունենալիք միջոցառման մասին, ասել է, որ այն նվիրվում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Միջոցառմանը տուն-թանգարանը կներկայանա ներկայացումներով, այնուհետեւ տեղ կունենա ջազային համերգ: Տաղավարներ կունենան նաեւ Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարանները, միջոցառման մասնակիցները կարող են այցելել նաեւ այս թանգարաններ:

Ընդլայնված սահմանները

2018 թվականին տարածքը բավական նեղ է եղել, մեծաթիվ այցելուների տեղաշարժի համար խոչընդոտներ են ստեղծվել: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ այս տարի միջոցառման անցկացման տարածքն ընդլայնվել է երկու անգամ:

Միջոցառման մասնակիցների թիվն անփոփոխ է, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, տաղավարներն իրարից ավելի հեռու են:

Միջոցառումը գինեսերներին հնարավորություն կտա ծանոթանալու ինչպես փոքր գործարանների, այնպես խոշոր գինեգործների նոր արտադրանքին, լսել նրանց պատմությունները:

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյան/My Armenia


Միջոցառումից հետո «ԷվենտՏուրա»-ն՝ տուրօպերատորների օգնությամբ, վերլուծություն կիրականացնի՝ պարզելու օտարերկրյա մասնակիցների թիվը:
Մերի Բադալյանն ասել է, որ նախորդ տարիներին միջոցառմանը մասնակցել է 20-25 հազար այցելու, որից 40 տոկոսը՝ զբոսաշրջիկներ են եղել:

7 տեսակի գինի՝ 2 օրում

Հայաստանի եւ Արցախի գինեգործների արտադրանքը փորձելու համար միջոցառման մասնակիցները կարող են գնել 6 հազար դրամ արժողությամբ փաթեթ, որը ներառում է գինու բաժակ եւ հնարավորություն է տալիս միջոցառման երկու օրերի ընթացքում համտեսել 7 բաժակ գինի՝ իրենց նախընտրած գինեգործներից: Կազմակերպիչներն ասել են, որ նախորդ տարի գինեսերները մեկ փաթեթով կարող էին համտեսել 25 տեսակի գինի: Երեք տեսակի գինի փորձելուց հետո, սակայն, մարդու քիմքը այլեւս հնարավորություն չի տալիս զգալու ըմպելիքի համը:

Այս տարի եթե մասնակիցը ցանկանա ավելի մեծ թվով գինիներ համտեսել, յուրաքանչյուր հաջորդ բաժակի համար պետք է վճարի 500 դրամ:

Հովանավորը

Այս տարի «Երեւանի գինու օրերի» գլխավոր հովանավորը ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է: Բանկի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ Արտյոմ Ղազարյանն ասել է.

«Նման միջոցառումները ներքին արտադրողների դրսեւորման, իրենց արտադրանքն ի ցույց դնելու եւ ճանաչելի դառնալու խթան կհանդիսանան: Մենք այս ամենի կողքով չէին կարող անտարբեր անցնել»:

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին