×

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյան/My Armenia.

«Հայկական գինին վայելելու համար է»

«Երեւանի գինու օրեր» միջոցառումն այս տարի տեղի կունենա մայիսի 3-ին եւ 4-ին՝ 17:00-ից 23:00-ը, Սարյան փողոցում։ Միջոցառումն անցկացվում է երրորդ անգամ: Կազմակերպիչը «ԷվենտՏուրա» ընկերությունն է։ Հայաստանյան եւ արցախյան գինեգործներն այդ օրերին կներկայացնեն շուրջ 200 տեսակի գինի, ռեստորաններն ու սրճարանները՝ հայկական եւ միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ։

«Երեւանի գինու օրեր»-ին մասնակցում է նաեւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը։ Հիմնադրամն այդ օրերին վարպետության դասեր է անցկացնելու, որոնց մասնակիցները խաղային համտեսներ են անելու, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է գնահատել գինին, տարբերել լավը վատից, ավելի մասնագիտորեն մոտենալ գինիների ընտրությանը, ուտեստների հետ համադրությանը։

«Ուտեստի եւ գինու հարցը շատ կարեւոր է։ Ցավոք, բացեր շատ ունենք։ Հայաստանում առաջին անգամ պատրաստվում ենք հրատարակել հայկական գինիների եւ ուտեստների համադրության մասին գիրք, որտեղ կնկարագրվի, թե որ տեսակի խաղողից պատրաստված գինին որ հայկական ուտեստի հետ է ավելի համադրելի»,- GastroVino-ին պատմել է հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Նրա խոսքով՝ «Երեւանի գինու օրեր» միջոցառումը կարեւոր է գինիների թե՛ ներքին, թե՛ միջազգային ճանաչելիության բարձրացման համար։ Միջոցառումն արդեն ճանաչելի է. շատ զբոսաշրջիկներ հենց այս օրերին են այցելում Հայաստան՝ համտեսելու հայկական գինին։

Լուսանկարը՝ Հրանտ Սահակյան/My Armenia


Համեմատելով Հայաստանի եւ հարեւան Վրաստանի գինիները, որտեղ, ի դեպ, նույնպես գինու օրեր են անցկացվում, Զարուհի Մուրադյանն ասել է, որ որակական առումով հայկական գինին ավելի լավ դիրքում է, դրա մասին վկայում են բոլոր այն փորձագետները, որոնք աշխատել են ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում, ծանոթ են կովկասյան գինիներին։ Հայաստանը զիջում է քանակական առումով։ Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործությունը Վրաստանում երկրի բրենդինգի ռազմավարական ուղղություններից է, յուրաքանչյուր տարի 5 մլն դոլար ծախսվում է այդ ուղղության մարքեթինգի համար։
 
«Մենք էլ ճանաչելի ենք, մեր պետությունը եւս մեզ աջակցում է: Չեմ սիրում համեմատություններ անել Վրաստանի հետ, որովհետեւ մենք չենք կարող աշխարհին տրամադրել շատ ու էժան գինի։ Մեր գինին թանկ է, բարձրորակ է ու վայելելու համար է։ Մենք մեր դիրքն ունենք միջազգային շուկայում, հուսամ՝ մի քանի տարի հետո էլ ավելի շատ արդյունքներ կունենանք»,- ասում է Զարուհի Մուրադյանը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին