×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Saryan’Notes»-ի բացումը

Երեւանի ամենակոլորիտային փողոցներից մեկում՝ Սարյան 1 հասցեում, մարտին իր դռներն է բացել «Saryan’Notes» գինետուն-ռեստորանը: Այն միակն է գինետների հայտնի փողոցում, որն ունի հայկական ու արտասահմանյան գինիների հարուստ մառան: Այստեղ ներկայացված է լավագույն խմիչքների լայն տեսականի, որը բաց է ցուցադրության եւ, իհարկե, համտեսի համար:

Բացման միջոցառումն առանձնանում էր դեռ հյուրերի դիմավորման պահից սկսած. մուտքի մոտ կանգնած սպիտակ հանդերձանքով երիտասարդներն արդեն հուշում էին, որ շուտով յուրահատուկ ու հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենալու:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անակնկալը շատ չուշացավ: Պարզվեց՝ կարմիր ժապավենը կտրելու համար հատուկ գիտական շոու է կազմակերպվել, որը դիտելու համար բոլոր հյուրերը դուրս էին եկել սրահից՝ չնայած ցուրտ եղանակին: Հեղուկ ազոտի եւ մուրճերի օգնությամբ ժապավենը կտրելուց հետո ժամանակն էր ծանոթանալ գինետան բոլոր սրահներին ու պայմաններին:

Գինետան ո՛չ ինտերիերը, եւ ո՛չ էլ անվանումն ուղղակիորեն կապ չունեն Մարտիրոս Սարյանի անվան հետ: «Saryan’Notes» անվան ընտրությունը պայմանավորված է ռեստորանի գտնվելու վայրով: Մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ «Սարյանի գրառումներով» ցանկանում են հիշվել իրենց հաճախորդների կողմից՝ աչքի ընկնելով գեղեցիկ ու նորաոճ ինտերիերով, լավ սպասարկմամբ, հաճելի մթնոլորտով, հարուստ մառանով ու համեղ ճաշացանկով:

«Saryan’Notes»-ն ունի մի քանի սրահներ, որոնցից երկուսը նախատեսված են չծխող մարդկանց համար: Դրանցից մեկն առաջին հարկում է, իսկ մյուսը՝ երկրորդ: Վերջինս աչքի է ընկնում իր գունեղ, տաք ու ընտանեկան միջավայրով: Այստեղ նույնիսկ ներկայացված են հայ նկարիչների գործեր, որոնք ոչ միայն ցուցադրված են, այլեւ վաճառվում են: Կտավները հաճախ փոխվելու են եւ ցուցադրվելու են նոր հեղինակների գործեր:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջին հարկում գտնվում է ոչ միայն գինիների մառանը, այլեւ ընդարձակ մի սրահ՝ բեմի առանձնացված հատվածով: Այստեղ ամեն ուրբաթ եւ շաբաթ օրերին կազմակերպվելու են կենդանի հնչողությամբ համերգներ՝ հայտնի բենդերի եւ անհատ կատարողների մասնակցությամբ: Պաշտոնական բացման ժամանակ էլ «Saryan’Notes»-ում հանդես էին գալիս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ու DJ Donz-ը:

Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին