×

Գյումրիի «Մեղր ու բույս» թեյարանը

Տնտեսագետ Արտուշ Եղիազարյանը, վերադառնալով Շվեյցարիայից Հայաստան, որոշել է հայրենի Գյումրիում հիմնադրել Herbs and Honey («Մեղր ու բույս») թեյարանը:

Օգնելով թեղուտցիներին

Թեղուտում անտառահատման խնդիրը եւ դրա բացասական հետեւանքները, տարիներ առաջ հայտնվելով Արտուշ Եղիազարյանի ուշադրության կենտրոնում, ստիպել են նրան մտածել տեղացիների շրջանում այլընտրանքային տնտեսությունը զարգացնելու մասին:

«Ընկերներով ցանկանում էինք թեղուտցիներին օգնել՝ նրանց մեղրը, խոտաբույսերը, չրերը սպառել: Կամավորական հիմունքներով նրանց մեղրը Երեւան բերեցինք ու վաճառեցինք: Հենց այդ ժամանակ էլ Herbs and honey-ի գաղափարը ծնվեց»,- պատմում է թեյարանի տնօրենը:


Հավակնությունը՝ լինել սոցիալական բիզնես

Բիզնեսը հիմնադրվել է 2018թ. մարտին: Թեյարանը ստեղծվել է անձնական ներդրումների հաշվին, ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեն:

Herbs and honey-ն առանձնանում է իր դիզայնով. պատերը զարդարված են բնական չորացրած խոտաբույսերով:

Տնօրենն ընդգծում է, որ այդպիսով փորձում են բնությունը քաղաք բերել եւ մարդկանց զգայուն դարձնել բնության հանդեպ:


«Մենք հավակնում ենք լինել սոցիալական բիզնես, ունենք վաճառքի ենթակա մեղրի, խոտաբույսերի տաղավար: Թեյարանն առաջին հերթին նպատակ ունի մշակույթ փոխել: Նաեւ հարկ է նշել, որ մյուս թեյարանների մեզ մոտ աշխատավարձերն ավելի բարձր են»,- նկատում է Արտուշ Եղիազարյանը:

Բնական արտադրանք

«Բույս ու մեղր» թեյարան օրական միջինում 50-60 մարդ է այցելում:

Աշխատակիցների թիվը 14 է: Հիմնված լինելով բնական արտադրանքի սպառման սկզբունքների վրա՝ համագործակցում է նաեւ 7-8 ընտանիքի հետ՝ գնելով մեղր, խոտաբույսեր, չրեր եւ այլն:


«Մենք փորձում ենք սնունդ գնելիս չաշխատել մեծ ընկերությունների հետ: Օրինակ, այստեղ վաճառվող թեյերը մեծ ընկերությունների չեն պատկանում: Մենք ունենք 60 տեսակի թեյ, որոնցից 8-ը ներկրում ենք, քանի որ Հայաստանում չեն աճում (սեւ եւ կանաչ թեյեր): Մնացածը մեր շահառուների արտադրությունն է. գնում ենք անհատներից՝ հիմնականում Շիրակի մարզի գյուղերից: Այս տարի, օրինակ, վարդ գնեցինք Արարատի մարզից, լորենի՝ Լոռու մարզից»:

Տեքստը եւ լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին