Տարեցտարի Հայաստանի համային գույները ավելի վառ, խորն ու հարուստ են դառնում։ Երկրի գաստրոնոմիկ սահմաններն ընդլայնվում են. դրան նպաստում են նոր ռեստորանները, սրճարաններ ու կոկտեյլային բարեր, որոնք բացում են տեղի ռեստորատորները, արտերկրի խաղացողները, ինչպես նաեւ ռելոկանտները: Դրա հետ մեկտեղ «հավերժական դասականը» չի կորցնում իր արդիականությունը՝ ներդաշնակվելով նորարարությունների հետ։
Լուսանկարը՝ ARARAT
Նման կոլաբորացիայի օրինակներից է «Երկրի աղը» նախագիծը՝ «Соль» տելեգրամ-ալիքի ստեղծող եւ գլխավոր խմբագրի, գաստրոլրագրող, ճանապարհորդ, ռեստորանային քննադատ Իվան Գլուշկովի եւ Երեւանի կոնյակի գործարանի համատեղ ծավալուն աշխատանքը։
Լուսանկարը՝ ARARAT
««Երկրի աղը» իմ առաջին մեծ նախագիծն է Ռուսաստանից դուրս: Նախատեսվում է երեք ընթրիք Հայաստանի երեք մարզերում՝ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի ռեստորանների խոհարարների հյուրախաղերով։ Մենք հրավիրում ենք խոհարարների, ովքեր նախկինում Հայաստանում չեն եղել եւ ծանոթ չեն հայկական խոհանոցին: Նրանք իրենց հետ որեւէ մթերք կամ հիթային բաղադրատոմս չեն բերում: Բոլոր ուտեստները պատրաստվում են միայն տեղական սեզոնային մթերքներից՝ հավաքված (կամ որսված) հենց ընթրիքի օրը։ Դա գաստրոնոմիկ արկած է ոչ միայն ընթրիքի հյուրերի, այլեւ հենց խոհարարների համար:
Լուսանկարը՝ ARARAT
««Երկրի աղը» նաեւ շեֆ-խոհարարի եւ ARARAT թիմի բարմենների համատեղ աշխատանք է՝ յուրաքանչյուր մատուցում ուղեկցվում է Երեւանի կոնյակի գործարանի խմիչքների հիման վրա պատրաստված կոկտեյլներով։ Կոկտեյլներ պատրաստելիս եւս անփոփոխ է մնում միայն տեղական արտադրանքի եւ համերի օգտագործման կանոնը։ Մենք այս նախագիծն իրականացնում ենք ARARAT-ի հետ, քանի որ մեզ համահունչ է նրանց փիլիսոփայությունը. լեգենդար կոնյակը երկար տարիներ երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկն է եւ բացահայտում է Հայաստանի հենց այդ «աղը»,- պատմել է Իվան Գլուշկովը GastroVino-ին:
Նախագծի առաջին ընթրիքը կայացավ մայիսի 13-ին Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող Ծաղկունք գյուղի Tsaghkunk Restaurant & Glkhatun-ում։
Կարճ ժամանակում Tsaghkunk Restaurant & Glkhatun-ը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ յուրահատուկ եւ անչափ համեղ խոհանոցի եւ տարբեր խոհարարների հյուրախաղերի շնորհիվ: Մասնավորապես, 2021 թվականի սեպտեմբերին այստեղ մի քանի օր «կախարդում էր» դանիացի հայտնի շեֆ Մեդս Ռեֆսլունդը։
Ռոման Կիսելյովը | Լուսանկարը՝ ARARAT
Ընթրիքի հրավիրյալ շեֆն էր փարիզյան գաստրոնոմիկ դպրոցների շրջանավարտ Ռոման Կիսելյովը, ով ղեկավարում էր 0.75 please եւ Goose Goose ռուսական հայտնի ռեստորանների խոհանոցները։ Այժմ Ռոմանը կառավարում է նախագծեր Սանկտ Պետերբուրգում ՝ wellness Nothing Fancy բիստրոն եւ պատմական Singer տանը գտնվող Rene սրճարանը՝ ֆրանսիական երանգներով հեղինակային խոհանոցով։
Ռոման Կիսելյովը եւ Իվան Գլուշկովը | Լուսանկարը՝ ARARAT
«Մենք առաջին անգամ ենք Հայաստանում (Ռոմանը եկել էր կնոջ եւ փոքրիկ դստեր հետ-խմբ.), սակայն լավ եմ հասկանում Հայաստանը, քանի որ մեծացել եմ հայերով շրջապատված, լավագույն ընկերս էլ հայ է։ Մեզ շատ դուր եկավ Երեւանը, հասցրեցինք այցելել մի քանի ռեստորան, ամեն ինչ ֆանտաստիկ համեղ էր, ամենաշատը տպավորեց մսով ղափաման։ Զարմացրեց ԳՈՒՄ-ի շուկայի թարմ կանաչեղենի եւ բանջարեղենի լայն տեսականին:
Առաջիկա ընթրիքը ամբողջությամբ իմպրովիզացիա է։ Ամեն ինչ պատրաստվում է տեղական մթերքի հիման վրա (գառան միս, իշխան, Սեւանի խեցգետին)։ Կլինեն ֆրանսիական խոհանոցի տարրեր՝ համակցված սեզոնային հայկական կանաչիով, կոնյակով, ընկույզով եւ հատապտուղներով։ Նման փորձ երբեք չեմ ունեցել, կարծում եմ, որ այս երեկոյի արդյունքում որոշ բաներ կավելացնեմ ռեստորանիս ճաշացանկում։ Կլինի 4 մատուցում՝ 10 տարբեր ուտեստներով՝ կոկտեյլների եւ ARARAT կոնյակի ուղեկցությամբ»,- պատմել է Ռոմանը։
Լուսանկարը՝ ARARAT
Որպես ապերիտիվ հյուրերին սպասում էին ARARAT-ի թեթեւ կոկտեյլներ եւ անսովոր նախուտեստներ՝ բաստուրմա թութով եւ քերած պանիրով, ավելուկից եւ սալորի թթու լավաշից ռոլեր՝ վրան ցանած չոր ապխտած հոն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինտերիերի աուտենտիկ պարզությունը, դաշտային ծաղիկները, պատուհանից երեւացող մռայլ մոխրագույն երկինք եւ վառ կանաչ դաշտերի բնապատկերը, բլրի վրա գտնվող եկեղեցու ուրվագիծը, անձրեւով հագեցված օդը. այս ամենը հիանալի տրամադրում է խոստացված գաստրոնոմիկ արկածը վայելելու:
Դավիթ Հովհաննիսյան | Լուսանկարը՝ ARARAT
Յուրաքանչյուր մատուցումից առաջ Ռոման Կիսելյովը պատմում է պատրաստված ուտեստների մասին, իսկ բարմեն Դավիթ Հովհաննիսյանը ծանոթացնում է կոկտեյլների բաղադրիչներին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Որպես սառը նախուտեստներ մատուցվում են խխունջի յուղով սիբեխ, չանախ պանիր՝ տնական հացով, զեյթունով ու ապխտած լոլիկով, ռիյետ թույլ ապխտած իշխանով, վարունգով, նեխուրով եւ սիգի խավիարով սալսայով, «Նիսուազ» աղցան՝ ապխտած սիգով, հայկական կանաչիով, ծնեբեկով եւ լորի ձվերով:
Լուսանկարը՝ ARARAT
Ու ամենազարմանալի ուտեստը՝ տավարի թարթար՝ քերած բաստուրմայով, խնջլոզով եւ ընկույզի պյուրեով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Թարմ, քաղցրաթթու «Զատիկ» կոկտեյլը իդեալական լրացնում է գաստրոնոմիկ պատկերը։ Բաղադրությունը՝ ARARAT APRICOT, թարխուն, վարունգի օշարակ, լայմի հյութ եւ ծիրանի կորիզի տնական լիկյոր։
Լուսանկարը՝ ARARAT
Տաք նախուտեստները պատրաստված են հայկական բանջարեղենից՝ ֆրանսիական սոուսներով։ Դրանք են՝ խորոված սմբուկներ՝ երիտասարդ պանրով եւ վյերժ սոուսով, մանղալի վրա եփված նոր դուրս եկած կաղամբ՝ խեցգետնի բիսկ սոուսով, ամբողջական խեցգետնի պոչերով եւ կանաչեղենով:
Լուսանկարը՝ ARARAT
Հատապտուղների բույրով «Այգի» կոկտեյլի բաղադրությունն է՝ ARARAT CHERRY, ելակ, ազնվամորի, նռան եւ լայմի հյութ՝ վանիլի օշարակի եւ ծոթորի պիկանտ հավելումով: Այն հիանալի ընդգծում է մթերքի համադրությունը եւ նուրբ հետհամ է թողնում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմնական ճաշատեսակը «կոնֆի» գառան թիակն է: Երկար մարմանդաեփ, շաքարաշերտով պատած, բարկահամ միսը մատուցվում է տարբեր սոուսների եւ հաճարի հետ՝ չրերով, թարմ գազարով, գրիլի վրա պատրաստված ծնեբեկով եւ կանաչիով՝ կիտրոնի դրեսինգով։
Մսի հետ ամեն ինչ լակոնիկ է՝ ARARAT АNI 7 տարեկան կոնյակ։
Լուսանկարը՝ ARARAT
Ընթրիքի եզրափակիչ մասում Ռոման Կիսելյովին օգնում էր իր կինը ՝ պատրաստելով ցնցող համեղ դեսերտ՝ գալետ երկու տեսակի ելակից եւ կեռասից թարթարով եւ թանձր խյուսով՝ թարխունի հավելումով։ Միանշանակ, թարխունի համադրությունը հատապտուղների հետ պետք է հիշել ու օգտագործել նաեւ սովորական, ոչ գաստրոնոմիկ ընթրիքների ժամանակ։
Լուսանկարը՝ ARARAT
Որպես դեսերտի հետ սուրճի այլընտրանք՝ մատուցվեց «Անուշ» կոկտեյլը՝ պատրաստված ARARAT COFFEE-ից, մոշի խյուսից, ելակի հյութից, եղեգնաշաքարի օշարակից եւ անանուխից։ Թեթեւ, բայց հիշվող կոկտեյլը հրաշալի կերպով ավարտին է հասցնում երեկոն, որը հյուրերին բացահայտեց համերի նոր, ողջ «երկրի աղը» կլանած անսովոր համադրություններ:
Լուսանկարը՝ ARARAT
«Երկրի աղը» շարքի երկրորդ ընթրիքը տեղի կունենա մայիսի 27-ին Դիլիջանի Im Toon ռեստորանում (շեֆը կլինի Նիկիտա Բրեխովը The Greeks-ից), երրորդը՝ Երեւանի PHNX բարում հունիսին 10-ին (շեֆերը՝ Անտոն Կովալկովը եւ Գեորգի Տրոյանը):
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: