×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կանադական ընդեղենն ու ծովամթերքը՝ հայկական համով եւ մատուցմամբ

Սիսեռից եւ ոսպից քյուֆթաներ, հոմուսով խոզի փափկամիս, ծովամթերքի պաելյա, պիստակով, ընկույզով եւ թխկենու օշարակով փախլավայի ռոլեր. «Մայրիկ» ռեստորանում կանադական ընդեղենը, ծովամթերքն ու մսամթերքը ներկայացվել է հայկական համերով եւ բաղադրատոմսերով:


Կանադայում արտադրվող սնունդը ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին, ներմուծողներին եւ հայ սպառողներին ներկայացնելու նպատակով «Մայրիկ» ռեստորանում Ռուսաստանում Կանադային դեսպանատունը՝ կանադական առեւտրային ընկերությունների հետ համագործակցությամբ, կազմակերպել էր կանադական սննդի ներկայացման միջոցառում:

Աննա Համբարձումյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կանադական սննդամթերքը հայկական քիմքին էին համապատասխանեցրել «Մայրիկ» ռեստորանի շեֆ-խոհարար Աննա Համբարձումյանը եւ նրա թիմը:

«Կանադական հումքն օգտագործելով՝ փորձել ենք հայկական համեր ստանալ: Օրինակ՝ դեղին ոլոռից կրեմ-ապուր ենք պատրաստել, պիստակից, ընկույզից եւ թխկենու օշարակից էլ՝ փախլավայի ռոլեր: Կարծում եմ՝ Հայաստանում կանադական մթերքը կարելի է հայկականացնել եւ օգտագործել մեր քիմքին համապատասխան, որը Հայաստանում եղած կանադացիների համար էլ նոր համի բացահայտում կարող է դառնալ»,- նշեց շեֆ-խոհարարը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Միջոցառմանը ներկա կանադական «truLocal» առեւտրային կազմակերպության ներկայացուցիչ Կամո Մայիլյանի խոսքով՝ հայկական ռեստորաններին, ներմուծողներին եւ սպառողներին մասնավորապես կարող են հետաքրքրել կանադական ոստրեները, օվկիանոսային ձուկը, ոսպը, սիսեռն ու օշարակները:

Կամո Մայիլյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կանադական սննդի ոլորտի ապրանքներն աշխարհում աչքի են ընկնում իրենց բարձր որակով: Աշխարհի տարբեր երկրներին Կանադան առաջարկում է այն ամենն, ինչն իրեն թույլ է տալիս արտադրել երկրի էկոլոգիապես մաքուր միջավայրը, որի հիմքում ընկած են զարգացած տեխնոլոգիաներով տարիների հարուստ գյուղատնտեսական եւ ձկնոսական արտադրության ավանդույթները»,- նշել է նա:

Արփի Ջիլավյան
Սվետլանա Թազագուլյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ միջոցառման կազմակերպիչների

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին