×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

EVN Diner․«Թաքնված» բուրգեր բարն ու կեսգիշերին պատվիրված բուրգերները

Ձեռքով կամ դանակ-պատառաքաղով ուտելիս բուրգերի համը չի փոխվում, բայց «հաճույքը ձեռքով ուտելու մեջ է»․իսկական բուրգերասերները կհամաձայնեն EVN Diner բուրգեր բարի տնօրեն Թոնի Կարապետյանի հետ։ Նրա խոսքով՝ այս ճյուղն աշխարհում այնքան է «առաջ գնացել», որ մարդիկ բուրգեր ուտելու գնում են այնպես, ինչպես՝ գինի համտեսելու։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամերիկյան ոճով բուրգեր բարը գործում է երեկոյան 6-ից եւ բաց է մինչեւ 02։00-ն։ Այստեղ ասում են, որ գնում են ոչ թե մեծ քանակի վաճառքների, այլ՝ որակ եւ մթնոլորտ «վաճառելու» հետեւից։

Թոնի Կարապետյանը GastroVino-ին պատմել է ոչ ֆասթֆուդային, «գուրմե» բուրգերների եւ «անհաղթահարելի» մարտահրավերի մասին։

Թարմ բուրգերներ

EVN Diner-ը Երեւանում միակ բուրգեր բարը չէ, բայց մեր բուրգերներն առանձնահատուկ են։ Ամեն օր Երեւանի ամենալավ մսավաճառներից մեկից գնում ենք թարմ միս ու շաղում: Շատ է պատահում, որ կեսգիշերին մոտ միս չենք ունենում եւ չենք կարողանում բուրգեր պատրաստել։ Անընդհատ փորձում ենք ավելի շատ միս գնել, բայց չի բավականացնում, իսկ մենք էլ չենք ուզում պահեստավորած միս օգտագործել։

Թոնի Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Օգտագործվող սոուսները պատրաստում ենք երկու օրը մեկ, մեր բաղադրատոմսերով։ Մեզ մոտ չկա երկարաժամկետ սոուս, հաց կամ այլ բաղադրիչ, միայն աղն ու պղպեղն են, դրանք չեն հնանում։

EVN Diner-ի հիմնադիրն իմ հին ընկերն է՝ Ռուդին, նա նաեւ շեֆ-խոհարարն է, մեր բաղադրատոմսերի հեղինակը։ Ես IT ոլորտի մասնագետ եմ, աշխատել եմ տարբեր մեծ ընկերություններում, բանկերում։ Լիբանանահայ եմ, Հայաստան եկել եմ անցած տարի։ Սննդի ճյուղը ինձ միշտ հետաքրքրել է եւ Լիբանանում արդեն որոշ գործեր սկսել էի, բայց երբ այստեղ եկա ու Ռուդիին հանդիպեցի, ասաց, որ ուզում է վաճառել EVN Diner-ը, խորհուրդ տվեցի չանել, նա էլ առաջարկեց օգնել իրեն։ Անցած տարվա հուլիսից սկսած տնօրենը ես եմ։

Ռուդի Գալստյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Միասին փոփոխություններ արեցինք եւ կարճ ժամանակում տարբերությունը զգացինք։ Այժմ մեկ այլ փաբ եմ բացել Երեւանում, Ռուդին հիմնականում այնտեղ է լինում, ես՝ այստեղ։

«Թաքնված» բուրգեր բար

EVN Diner-ի մասին ամեն մարդ չգիտի, այն «թաքնված» է։ Աշխատում ենք 18։00-02։00-ն, այս գրաֆիկը ձեւավորվել է կորոնավիրուսից հետո, բայց մեր հաճախորդների առաջին հարցն այն է, թե ե՞րբ ենք սկսելու ցերեկը բաց լինել։

Բացվելուց քիչ առաջ ենք գալիս՝ պատրաստություններ տեսնելու, եւ պատահում է, որ դռան մոտ արդեն մի քանի մարդ սպասում է։ Հրավիրում ենք ներս եւ ասում, որ դեռ չենք կարող սպասարկել։ Սպասում են, մինչեւ գործերն ավարտենք ու պատվերներ վերցնենք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վերջին մի քանի ամիսներին ամեն հինգշաբթի տարբեր երկրների ուտելիք ենք պատրաստում։ Արդեն պատրաստել ենք իտալական, հունական, կորեական, չինական, ամերիկյան, մեքսիկական եւ հատուկ բուրգերներ։ Մտածում ենք այս բուրգերներից մի քանիսը ներառել մշտական մենյուի մեջ։

Հետաքրքրական է մեր Juicy Lucy բուրգերը, որն այցելուների սիրելին է. մսի երկու հաստ շերտի արանքում պանիր է դրվում եւ փակվում, այն պատրաստելը տեւում է մոտ 10-15 րոպե։

Լուսանկարը՝ EVN Diner-ի


Հետաքրքիր բուրգերներից է նաեւ 3 Meat Burger-ը, այն 8 ժամ կրակի վրա եփված խոզի կամ տավարի մսով է, բեկոնով եւ սոուսներով։

Լուսանկարը՝ EVN Diner-ի


Բուրգերները ինտերնացիոնալ են, մեզ մոտ եղածների նման բուրգերներ կարող եք գտնել բուրգերների ինդուստրիայի մեջ, բայց մենք հատուկ համեմունքներով ու մոտեցմամբ ենք սարքում։

Բուրգերը համարվում է ֆասթֆուդ, բայց մենք պատրաստում ենք «գուրմե» բուրգեր եւ մարդիկ այստեղ ոչ թե շտապելով են ուտում, այլ՝ վայելելով։ Բացի այդ, ֆասթֆուդ բուրգերները սառեցված մսերով են, երկար ժամկետներով սոուսներով, մեզ մոտ այդպես չէ։ Միշտ փորձում ենք ֆասթֆուդի եւ «գուրմեի» արանքի գծի մեջ լինել։

Թոնի Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաճախորդները հաճախ խնդրում են, որ բուրգերը շատ կամ քիչ եփենք, բայց մենք զգուշացնում ենք, որ ամեն բուրգերի համը իր եփելու աստիճանից է կախված։ Միսը շատ եփելուց հյութալիությունը կորցնում է։

«Անհաղթահարելի» մարտահրավեր

Հատկապես առաջին անգամ մեզ մոտ եկող հաճախորդներին զգուշացնում ենք, որ բուրգեր ուտելու համար պետք է մի քիչ սպասել։ Միակ ժամանակը, երբ հաճախորդները պետք է շտապեն՝ բուրգեր չելենջն է։ Եթե հաճախորդը կարողանա 30 րոպեի ընթացքում ուտել 7 մսով, 7 պանրով, 14 բեկոնով եւ սոուսներով բուրգեր, 10 հատ սոխի օղակ, կարտոֆիլի ֆրի, աղցան եւ իր ցանկացած խմիչքը խմի, ապա չի վճարի այդ ամենի համար: Այս ընթացքում միայն մեկ մարդու դեպքում ենք համարել, որ չելենջը հաղթահարված է, այն էլ վերջում սոխի մեկ օղակ էր մնացել։

Լուսանկարը՝ EVN Diner-ի


Սա անկարելի չելենջ չէ, բայց պետք է իմանալ ուտելու ձեւը։ Ինքս չեմ փորձել, բայց մեր խոհարարն ամեն օր ասում է՝ «պետք է անեմ չելենջը», իսկ ես հիշեցնում եմ, որ չի կարող, որովհետեւ այստեղի խոհարարն է։

Տակո, Բուրիտո եւ խմիչքներ

EVN Diner-ում, բացի բուրգերներից, կան Տակոյի տեսակներ, հավի թեւիկներ, Բուրիտո եւ այնպիսի ուտեստներ, որ գարեջրի հետ համեղ են ու նաեւ բուրգերի ընտանիքի մաս են կազմում։

Լիարժեք բար ունենք, բայց այնքան մեծ չէ, որ հաճախորդը գա ու շվարի։ Տարբեր տեսակի խմիչքներ ունենք՝ թեթեւից մինչեւ ալկոհոլային, գարեջուր։ Պատրաստում ենք յուրահատուկ EVN lemonade, որը հատկապես տաք օրերին գրեթե բոլորը պատվիրում են, պատրաստված է բնական բույսերի եւ կիտրոնի հյութերով, տեսքն էլ շատ սիրուն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ մարդիկ նաեւ ժամանակ անցկացնելու են գալիս։ Կիրակի օրերին մեզ մոտ «Ընտանիքի օր է» լինում, գալիս են երեխաների հետ, փոքրիկների համար հյուրասիրություն ենք անում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե որոնք են մեր նախասիրությունները՝ մոտոցիկլետներ, մեքենաներ եւ կիթառներ։ Միշտ ռոք երաժշտություն ենք միացնում եւ հաճախորդներ կան, որ զարմանում են, քանի որ «ճաշարաններում» այդպիսի երաժշտություն սովորաբար չի հնչում։

Այցելուների լավ ժամանակի գինը

EVN Diner խոհանոցը վերջին պատվերն ընդունում է 01։45-ին, բայց դրանից հետո էլ մնում ենք այստեղ, որովհետեւ հաճախորդներն ավելի երկար են մնում։ Այս ռեժիմով աշխատելը դժվար է, բայց հոգնության գինը մեր այցելուների լավ ժամանակն է։

Երեւանում բուրգերի շատ տարբերակներ կան՝ ավելի լավ, մեզնից շատ վաճառող, բայց մենք մեծ քանակի վաճառքների հետեւից չենք գնում, ավելի որակն ենք «վաճառում» եւ մթնոլորտը։ Ուտելիքը ճաշակ է, ամեն մեկի քիմքի համը տարբեր է։ Բոլոր հաճախորդներին հարցնում ենք՝ «ամեն ինչ լա՞վն էր» եւ չի եղել, որ գանգատ լսենք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ծրագրում ենք աշխատել ողջ օրվա ընթացքում, բայց այդ դեպքում պետք է հերթափոխով երկու թիմ ունենալ։ Մեր թիմն ավելի շատ ընտանիք է, քան աշխատակիցներ։ Չեմ ուզում արագ երկրորդ թիմ կազմել, քանի որ ընտիր մարդիկ են պետք եւ գործի մեջ պերֆեկցիոնիստներ։ Կատարյալ ոչինչ չկա, բայց մենք փորձում ենք ամեն ինչ հնարավորինս կատարյալ անել՝ բուրգերի տեսքից, համից մինչեւ հաճախորդի հետ շփում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ EVN Diner-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին