Հոկտեմբերի 14-ին կներկայացվի Michelin-ի Մոսկվայի առաջին գաստրոնոմիական ուղեցույցը:
Հանդիսավոր մթնոլորտում Ռուսաստանում առաջին Michelin-ի աստղերով կպարգեւատրվեն շեֆ-խոհարարները եւ ռեստորանները։ Ռուսաստանը կդառնա 33 -րդ երկիրը, որը կվարկանշվի աշխարհի ամենահեղինակավոր գաստրոնոմիական ուղեցույցի կողմից:
Մոսկվայի փոխքաղաքապետ Նատալյա Սերգունինան «Ռեստորաննիե վեդոմոստի» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ուղեցույցի ներկայացուցիչների հետ բանակցությունները սկսվել էին դեռ 2012 թվականին: Նրա խոսքով, Michelin-ի ուղեցույցը լավ խթան կհանդիսանա ռեստորանային ոլորտի զարգացման, նոր հայեցակարգերի ներդրման եւ մրցունակության բարձրացման համար:
Michelin-ի միջազգային տնօրեն Գվենդալ Պուլենեկը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Michelin-ի ուղեցույցի տեսուչները մի քանի տարի հետեւում էին Մոսկվայի գաստրոնոմիական շուկային:
Նա նշել է, որ Մոսկվայում «կա գաստրոնոմիական պատկեր, որը շարունակում է հասունանալ»:
«Հայտնվել են երիտասարդ խոհարարներ, կա տարբեր ոճերի խոհանոց: Կա հարստություն, կա դինամիկա», - ասել է Գվենդալ Պուլենեկը:
Michelin-ի ուղեցույցը գաստրոնոմիկ աշխարհի ամենահայտնի եւ ազդեցիկ ուղեցույցն է: Այն լույս է տեսնում 1900 թվականից: Միայն ռեստորան նշելու փաստը՝ նույնիսկ առանց աստղով պարգեւատրելու, խոհարարի հմտության ճանաչում է հանդիսանում: Գնահատման գործընթացը խիստ գաղտնի է: Փորձագետներն ճանապարհորդում են անանուն եւ յուրաքանչյուր ռեստորանի մասին մանրամասն հաշվետվություն պատրաստում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: