Ռեստորանների միության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: Հանդիպման մասին GastroVino-ին պատմել է  միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը:
Քննարկման հիմնական առարկա են դարձել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շարունակության անհրաժեշտությունն ու զարգացման ծրագրերի հետ կապված հետագա անելիքները:
«Տնտեսավարողների գործունեության շարունակականությանն եւ աշխատատեղերի պահպանմանն օժանդակություն տրամադրվող այս ծրագրի ժամկետն ավարտվում է ապրիլին: Պայմանավորվեցինք, որ աջակցության այդ ծրագիրը պետք է շարունակվի, մինչեւ ոլորտում վերականգնվի շրջանառության գոնե 70 տոկոսը՝ համեմատած 2019 թվականի հետ»,- նշել է Վահե Գեւորգյանը: 
Ինչ վերաբերում է զարգացման ծրագրերի մասով հնչած առաջարկություններին՝ միության գործադիր տնօրենը նշել է. 
«Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջությունը զարգացնելու ավելի երկարաժամկետ ծրագրի համար առաջարկել ենք պետական աջակցությամբ
զբոսաշրջային միջոցառումներում ներառել գաստրոնոմիայի բաղադրիչը: 
Այսինքն, երբ Հայաստանը այլ երկրներում զբոսաշրջային ուղղություններին վերաբերող թիրախային միջոցառումներ է անցկացնում, անպայման պետք է ներկայացնել մեր երկրի գաստրոնոմիան՝ տեղային կերակրատեսակներով»:
Խոսելով ռեստորանային ոլորտի ներկայիս իրավիճակից՝ Վահե Գեւորգյանն ասել է, որ ոլորտը դեռ չի հասել առանց վնասի աշխատելու պատկերին:
«Վերջին շրջանում առկա դրական միտումները հիմնականում պայմանավորված են նախկինում հետաձգված միջոցառումների անցկացմամբ, բայց սա ժամանակավոր բնույթ է կրելու: 2019-ի ցուցանիշներից բավականին հեռու ենք, տնտեսության մեջ դրական սպասումների ձեւավորման խնդիրն առկա է մնում: Եթե Երեւանում կարող է լինել խոհանոցային որոշակի ուղղվածության մի քանի բարձրակարգ ռեստորան, որոնցում այցելուների հոսք կա, դա բնավ չի նշանակում, որ ընդհանուր պատկերը բարելավված է»,- հավելել է Վահե Գեւորգյանը:
Արփի Ջիլավյան


 
                 ×
                ×
             
                        


 
                             
                 
         
                             
                            
 
			
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: