JCook նորաբաց ռեստորանը Սարյան 6 հասցեում է մեկտեղել աշխարհի համերը եւ այցելուներին այդ համերի բացահայտման արկածային ճամփորդություն է խոստանում։
«Խոհանոցների բացահայտում» (Discovering Kitchens) կարգախոսով ռեստորանը համային հարուստ եւ միաժամանակ պարզ երանգներով ուտեստներ է առաջարկում։ GastroVino-ն այցելել է Famille group-ի JCook ռեստորան ու համահիմնադիր Անի Գալստյանի հետ զրուցել ռեստորանի ստեղծման, կոնցեպտի եւ ուտեստների աշխարհագրության մասին։
Գաղափարը
Ռեստորանի գաղափարի հիմքում հիմնադիրների սերն է գաստրոնոմիական ճամփորդությունների հանդեպ։
«Famille group-ում բոլորս շատ ենք սիրում ճանապարհորդել։ Միշտ, նախ, գաստրոտուրն ենք գծում, որոշում, թե որ ռեստորանները եւ սրճարանները պետք է այցելենք, ինչ նոր ուտեստ փորձենք, հետո արդեն դրանից ելնելով՝ ամբողջ քաղաքն ենք տեսնում»,- ասում է Անի Գալստյանը։
Անի Գալստյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
COVID-19 համավարակի պայմաններում, երբ ճամփորդելը երազանք է դարձել, JCook-ի հիմնադիրները որոշել են սեփական ռեստորանում լրացնել ճամփորդությունների եւ համեղ սնվելու պակասը։ JCook-ը պաշտոնապես դեռ չի բացվել, գործում է արդեն մեկ շաբաթ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
JCook-ն՝ իր դիզայնով, կոնցեպտով, խոհանոցով եւ ուտեստների մատուցման ձեւով նման է եվրոպական քաղաքների փոքրիկ ռեստորաններին, որտեղ միշտ կարելի է համեղ սնվել։
Անունը
Ջեյմս Կուկը, ում անունով «կնքել են» նորաբաց ռեստորանը, բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր եւ արքունի նավատորմի նավապետ էր, ով նավարկել էր հազարավոր մղոններ եւ նոր վայրեր բացահայտել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Այս ռեստորանի հիմքում ուզում էինք ճանապարհորդի գաղափարը դնել, ով նոր վայրեր է բացահայտում, նոր բաներ է փորձում։ Անուն մտածելիս՝ անընդհատ պտտվում էինք ճանապարհորդության գաղափարի շուրջ եւ ուզում էինք կոչել ծովագնացի անունով։ Այդպես ընտրեցինք Կուկի անունը, որն անգլերենից թարգմանաբար նաեւ եփել է նշանակում։ Հասկացանք, որ դա կատարյալ տարբերակ է մեր ռեստորանի համար»,- ասում է Անի Գալստյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ճանապարհորդությունների ոգին այստեղ «շրջում է» նաեւ պատերի նկարների, ուտեստների մատուցման ձեւի, էթնիկ երանգներով էլեկտրոնային երաժշտության միջոցով։ Ռեստորանում ամեն ինչ պարզ է, հասարակ (casual), ճիշտ այնպես, ինչպես կլիներ, օրինակ, նավի վրա. սեղանների վրա թղթե քարտեզներ են, ափսեները մետաղյա են, բաժակները՝ մեծ։
Լուսանկարը՝ JCook
Խոհանոցը
Ռեստորանի խոհանոցը ոչ սովորական է եւ տարբերվող, կազմել է շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանը։ Բրենդ-խոհարարը Իսլամ Իսաեւն է։ Մենյուն միայն մեկ, կոնկրետ երկրի խոհանոց չի ներկայացնում, այլ մեկտեղում է տարբեր խոհանոցների լավագույն ուտեստները՝ JCook-յան «ձեռագրով» եւ յուրահատուկ մոտեցմամբ։
Ռաֆայել Կազումյանը եւ Իսլամ Իսաեւը | Լուսանկարը՝ JCook
«Ուզում էինք ստեղծել աշխարհի լավագույն խոհանոցների եւ ուտեստների միքս-մենյու՝ ներառելով այն տարբեր համերը եւ բոլոր ուտեստները, որոնցով հիացած ենք եղել։ Ունենք պերուական, ֆրանսիական նախուտեստներ, ճապոնական, թաիլանդական ապուրներ, բելգիական միդիաներ, հավ եւ այլն։ Այսինքն` աշխարհագրությունը շատ լայն է, բայց դրանցից յուրաքանչյուրի վրա մեր կնիքը կա։ Ամեն ինչը «ֆյուժն» է»,- ասում է Անի Գալստյանը։
Լուսանկարը՝ JCook
Ռեստորանի համահիմնադիրը նշում է, որ շատ մեծ կարեւորություն են տալիս մթերքի որակին։
Լուսանկարը՝ JCook
«JCook-ում բուրիտոն սուշի է հիշեցնում, սովորական անգուսի մսով բուրգերը մատուցվում է ֆրանսիական շեշտադրմամբ՝ կրուասանի շերտով, միդիաները մեծ ամաններով են՝ ինչպես Բելգիայում է, տանձը՝ գինու մեջ եփված, հավը՝ բերանում հալվող»,- պատմում է Անի Գալստյանը։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ JCook-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: