2020 թվականի հուլիսի 31-ին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են համավարակի արդյունքում առաջացած խնդիրներն ու քննարկել են դրանց լուծման հնարավորությունները։ Մինչեւ վարչապետի հետ հանդիպումը Ռեստորանների հայկական միության (ՌՀՄ) անդամները պարբերաբար հանդիպումներ են ունեցել Էկոնոմիկայի նախարարի հետ։
Վարչապետի հետ հանդիպման եւ մշակված նախագծի մասին GastroVino-ն խնդրել է պատմել Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանին եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին:
Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյան
Մի քանի ամիս ՌՀՄ անդամներս պարբերաբար հանդիպումներ էինք ունենում էկոնոմիկայի նախարարի հետ ու քննարկում էինք ռեստորանային բիզնեսը շարունակելու եւ աշխատատեղերի հետ կապված խնդիրները։ Մի քանի տարբերակներ ու սցենարներ էինք դիտարկել։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ հստակեցրեցինք այդ սցենարներից մեկը. որոշ դետալների շուրջ մի քանի քննարկումներից հետո, ամենայն հավանականությամբ, ծրագիրը շատ արագ կհաստատվի ։
Պետության կողմից առաջարկվելու է դրամաշնորհային ծրագիր, որն աջակցելու է ոչ թե անմիջապես անհատներին, այլ հենց բիզնեսին։ Մոտեցումը լավն է, քանի որ պետությունը հանդես է գալու որպես գործընկեր։ Պետությունը դրամաշնորհի տեսքով համաֆինանսավորելու է աշխատողների աշխատավարձի որոշ մասը, ինչի արդյունքում մենք կպահպանենք աշխատատեղերը եւ բիզնեսը։
Արսեն Հովհաննիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համարում ենք շատ յուրահատուկ մոտեցում, որովհետեւ այն լուծում է ոչ միայն սոցիալական, այլեւ բիզնեսի զարգացման խնդիրը։ Պետությունը հանդես է գալիս որպես բիզնեսի աջակից եւ խթանող. ինչ-որ տեղ սա զարգացման ծրագիր կարելի է համարել։ Պետությունն աջակցում է՝ հույս ունենալով, որ մենք էլ որպես գործընկեր կվերադարձնենք աջակցությունը հարկերի վճարման, նաեւ աշխատատեղերի ստեղծման, մյուս ոլորտների վրա մեր ազդեցության տեսքով։ Եթե այս ծրագիրն իրեն արդարացնի, հնարավոր է, մյուս ոլորտներում եւս նմանատիպ մոդել կիրառվի։
Հույս ունենք, որ ծրագիրը կմեկնարկի օգոստոսից։ Կարեւոր է, որ աջակցությունը միանգամյա չի լինելու. քանի դեռ ոլորտում վիճակը չի վերականգնվել, պետությունը շարունակելու է աջակցել ռեստորանային բիզնեսին։
Քննարկման ընթացքում վարչապետը նաեւ հորդորեց մեզ շարժվել դեպի մարզեր։ Նշվեց, որ կառավարությունում հատուկ ծրագրեր են քննարկվում մարզերում ռեստորանների եւ սրճարանների զարգացմանն աջակցելու համար, քանի որ նման ներդրումները մարզերում ոչ միայն բիզնեսն են զարգացնելու, այլեւ մշակույթ են փոխելու։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, ում հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք հետագայում սերտորեն աշխատելու համար։ Ոլորտի ներկայացուցիչներս առիթն օգտագործել ենք ու մեր կարծիքն ենք ներկայացրել սահմանափակումների վերաբերյալ՝ ակնկալելով համատեղ քննարկումներ որոշակի փոփոխության շուրջ։
Առաջարկել ենք, որ որոշումները պարետատան կողմից միակողմանի չլինեն, այլ դրանք քննարկվեն ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուզում ենք, որ երկխոսություն ստեղծվի, քննարկման ուղիղ կապի հարթակ ձեւավորվի։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան
Ողջունելի է ՀՀ կառավարության հետաքրքրվածությունը մեր ոլորտի ու մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների հանդեպ: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում եւ՛ վարչապետի, եւ՛ էկոնոմիկայի նախարարի հետ, ներկայացնում ենք ոլորտի խնդիրներն ու դրանք հաղթահարելու մեր տեսլականը:
Դավիթ Երեմյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Մենք մշակել ու ներկայացրել ենք համապատասխան ծրագիր, որն էլ քննարկումների արդյունքում ընդունվել է: ՌՀՄ եւ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակված ծրագիրը հնարավորություն կտա որոշակիորեն թեթեւացնել ռեստորանների հոգսն ու պահպանել այն, ինչ մենք ստեղծել ենք տարիների ընթացքում մեր քրտնաջան ու համառ աշխատանքով:
Առաջարկությունների այս փաթեթում ամենահետաքրքրականն ինձ համար ռեստորանային ոլորտի աշխատակիցներին վերաբերող կետն է: Բոլորս էլ գիտենք, որ այս իրավիճակում կան մասնագետներ, ովքեր ստիպված լքում են ոլորտը: Այս ծրագրով մենք կփորձենք անել ամեն հնարավորը, որպեսզի հայաստանյան ռեստորաններում պրոֆեսիոնալ թիմը՝ սպասարկողից մինչեւ խոհարար, չլքեն այս ոլորտը, որպեսզի պահպանենք թե´ մեր եւ թե´ իրենց՝ տարիների կառուցած բարի համբավը, սերն ու վստահությունը:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: