Չնայած վերջին շրջանում տարածվող նոր կորոնավիրուսային վարակին, Հայաստանում բազմաթիվ հաստատություններ շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ եւ պահպանելով մաքրության ու հիգիենայի կանոնները: Ռեստորանային ոլորտում նման գործողություններ իրականացնելու մասին հայտարարություն տարածեց «Երեմյան փրոջեքթսը»:
Ռեստորաններում իրականացվող կանխարգելիչ քայլերի եւ հյուրերի հաճախելիության մասին ավելի մանրամասն զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կոմերցիոն տնօրեն Արշակ Գեւորգյանի հետ:
- Որպես հյուրընկալության եւ սննդի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ ինչպիսի՞ն են Ձեր քայլերը Հայաստանում կորոնավիրուսի տարածման ալիքի բարձրացման պայմաններում:
- Անկախ ստեղծված իրավիճակից՝ մեր հաստատություններում ախտահանման գործընթացն ամենօրյա աշխատանքի մասն է, որը խստությամբ վերահսկվում է ընկերության անվտանգության բաժնի կողմից, այս մասին կարող են փաստել հենց մեր հյուրերը: Մեր հյուրերի եւ աշխատակիցների առողջության պահպանումն առաջանային է մեզ համար, ուստի այդ նպատակով այս իրավիճակում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բոլոր ռեստորաններում ինտենսիվացրել ենք ախտահանման գործընթացներն ու իրականացվում են կանխարգելիչ մի շարք միջոցառումներ՝ հետեւելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ցուցումներին:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության կոմերցիոն տնօրեն Արշակ Գեւորգյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
- Իսկ ինչպիսի՞ կանխարգելիչ քայլեր կարող եք նշել, որոնք նորություն են եւ մինչ այդ չեք կիրառել:
- Մենք շատ արագ նախաձեռնեցինք բակտերիցիդային լամպերի եւ օդի վարակազերծիչ սարքերի ձեռքբերում, դրանք արդեն տեղադրված են մեր բոլոր ռեստորաններում: Բոլոր աշխատակիցներն օգտագործում են տարբեր հակասեպտիկ միջոցներ, յուրաքանչյուր ժամը մեկ ախտանհանվում են ռեստորանի դռների բռնակները, գանձապահների սարքերը, սանհանգույցներն ու ռեստորանի ընդհանուր տարածքը: Մեր բոլոր հյուրերին հյուրասիրում ենք գոլ ջուր եւ թարմ բանջարեղեն, որոնք եւս նպաստում են վարակային մանրէների չեզոքացմանն ու դիմադրողականության բարձրացմանը, տրամադրում ենք նաեւ սպիրտային հիմքով անձեռոցիկներ: Այս գործընթացները կրկին խստությամբ վերահսկվում են մեր անվտանգության անձնակազմի կողմից:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
- Իսկ ինչպիսին՞ է ռեստորանների հաճախելիությունը: Կա՞ն փոփոխություններ պատվերներում, ի՞նչ են գերադասում հյուրերը ներկա պահին:
- Մինչ այսօր մեր ռեստորաններում հաճախելիության նվազում չենք նկատել: Այո, պատվերներում կան փոփոխություններ. հյուրերը պատվիրելիս հիմնականում առաջնորդվում են ուտեստի բաղադրիչների օգտակարությամբ. թարմ բանջարեղենային աղցաններ, մրգային ֆրեշեր, կոճապղպեղով եւ կիտրոնով թեյը ամենահաճախ պատվիրվողներից է, հյուրերի մեծ մասը գալիս են արդեն հստակ իմանալով, թե ինչ են ուզում, բայց շատերը խորհուրդ են հարցում սպասարկող անձնակազմից, խոհարարներից, թե դիմադրողականությունը բարձրացնող ինչ ուտեստներ կարող են փորձել:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Մեր ռեստորանների ճաշացանկը միշտ էլ հնարավորություն է տալիս պատվիրել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող եւ պաշտպանական մեխանիզմները ուժեղացնող սննդարար ու վիտամիններով հարուստ ուտեստներ:
Պետք է փաստեմ, որ բավականին ակտիվացել է «Պանդոկ Երեւան»-ի առաքման ծառայությունը: Սա կարեւոր է հատկապես այս շրջանում, երբ հարկադրված արձակուրդների պատճառով դպրոցահասակ երեխաները տանն են, եւ նրանց անհրաժեշտ է թարմ մթերքներից պատրաստված տաք, բազմազան, առողջ սնունդ: Նրանք, ովքեր իրենց աշխատանքը կազմակերպում են տանից՝ հեռահար կերպով, եւս ապահովված են օգտակար ընդմիջումներ պատվիրելու հնարավորությամբ, պատվերները կմատակարարվեն ժամանակին ՝ սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը պահպանելով:
Պատվիրատուներն առաքման դիմաց կարող են վճարել անկանխիկ՝ հատուկ տերմինալով կամ կայքից պատվիրելու դեպքում՝ օնլայն , ինչը եւս նվազեցնում է անմիջական շփումները:
Նշեմ, որ այս պայմաններից ելնելով հատուկ կազմակերպել ենք նաեւ «Լավաշ» ռեստորանում վաճառվող էկոլոգիապես մաքուր, հենց գյուղից մեր սեղան հասնող թարմ եւ բնական մթերքների առաքում:
Մենք, իհարկե, պատրաստ ենք ցանկացած իրավիճակի՝ ռեստորաններում բնականոն աշխատանքը շարունակելու եւ հյուրերի բարձրակարգ սպասարկումը կազմակերպելու համար, այնուամենայնիվ զգոնությունն ու սանիտարահիգիենիկ անհրաժեշտ կանոններին խստորեն հետեւելը մեր պարտավորությունն է, քանի որ պատասխանատու ենք մեր աշխատակիցների եւ հյուրերի առողջության համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: