Ռուսական НТВ հեռուստաալիքի «Поедем, поедим» հաղորդման 300-րդ թողարկումը Հայաստանի մասին է. այն ցուցադրվելու է մարտի 14-ին: Հաղորդման մի հատվածը նկարահանվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Սմոքինգ Շեֆ» ռեստորանում՝ դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի մասնակցությամբ։
Նա GastroVino-ին պատմել է Հայաստան այցելած հյուրերի տպավորությունների ու նկարահանման ընթացքի մասին։
Համեղ շոուներ՝ «Սմոքինգ Շեֆ» ռեստորանում
Հերմինե Ստեփանյանը պատմել է, որ «Поедем, поедим»-ի հաղորդավար Ջոն Ուորենին հանդիպել է Հանրապետության հրապարակում ու որոշել են երեկոն անցկացնել Երեւանի լավագույն ռեստորաններից մեկում։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Այցելեցինք «Սմոքինգ Շեֆ» ռեստորան, ընթրեցինք սոուսներով, գրիլ արված բանջարեղենով ու ֆանտաստիկ սթեյքով։ Հետաքրքիր էր, որ այն մատուցեցին իրենց համար ոչ ավանդական ձեւով, շոու դարձրեցին։ Հաղորդավարն ապշել էր, ասաց, որ վերջին շրջանում բուսակերության է անցել, բայց երբ տեսավ սթեյքն ու իմացավ, որ այն տեղական մսից է, չկարողացավ զսպել իրեն ու մեծ ախորժակով վայելեց։ Հաճելի համընկնում էր, որ նկարահանումը տեղի ունեցավ «Սմոքինգ Շեֆ» ռեստորանում, որովհետեւ ես հրաշալի համագործակցություն եմ ունեցել Tasty Stories բլոգի շրջանակում, լավ գիտեմ ռեստորանի մարտավարությունը, մթերքի ծագումը։ Հաղորդման ընթացքում կարողացա հնարավորինս ճիշտ ներկայացնել ռեստորանի գործունեությունը»,- ասել է հաղորդավարուհին։
Հերմինե Ստեփանյանը եւ Ջոն Ուորենը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Հերմինե Ստեփանյանը պատմել է, որ «Поедем, поедим» հաղորդման երկրորդ հատվածում Ջոն Ուորենի ապշանքը կրկնապատկվել է «Պավլովա» աղանդերի մատուցման շոուի շնորհիվ։
«Մեկ երեկոյի ընթացքում երկու համեղ շոուի մասնակից եղանք։ Նկարահանման օրը, երբ մեզ «Պավլովա» հյուրասիրեցին, բալետի պարուհի Աննա Պավլովայի ծննդյան օրն էր, ում անունով կոչված է աղանդերը։ Հաղորդման ընթացքում այս մասին խոսելու առիթ չեղավ, բայց շատ խորհրդանշական էր»,- նշել է հաղորդավարուհին։
Հերմինե Ստեփանյանը եւ Ջոն Ուորենը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Խոսելով «Սմոքինգ Շեֆ» ռեստորանի մասին՝ Հերմինե Ստեփանյանը ասել է, որ այստեղ կարողանում են զարմացնել հյուրերին, հիացնել համային համադրություններով, մատուցման եղանակով ու սպասարկման բարձր որակով»։
««Երեմյան փրոջեքթի» աշխատաոճը, սպասարկման որակը չափորոշիչ է դարձել հայկական ռեստորանային բիզնեսում։ Հետաքրքիր է՝ այլ ռեստորաններ այցելությունների ժամանակ ենթագիտակցորեն սկսում եմ համեմատել, թե ինչն են ճիշտ անում, ինչը սխալ»,- ասել է Հերմինե Ստեփանյանը։
Աշխարհին կարող ենք զարմացնել մեր խոհանոցով եւ ջերմությամբ
Հերմինե Ստեփանյանն ասել է, որ երկու օր տեւած նկարահանման ընթացքում «Поедем, поедим» թիմը բացահայտել է ոչ միայն հայկական խոհանոցը, այլեւ հայերի ջերմ խառնվածքը։
Նա նաեւ հավելել է, որ մեծ լսարան ունեցող «Поедем, поедим» նախագիծը լավ առիթ է Հայաստանի մասին խոսելու, ճանաչելի դարձնելու համար։
Հերմինե Ստեփանյանը եւ Ջոն Ուորենը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Վստահ եմ, որ մենք աշխարհին կարող ենք մեր խոհանոցով զարմացնել ու հրավիրել Հայաստան։ Խնդիրն այն է, որ պետք է մեր մասին պատմենք այն մարդկանց, ովքեր դեռ հետաքրքրված չեն Հայաստանով, չգիտեն՝ որտեղ է գտնվում մեր երկիրը։ Միայն պետք է, որ այս ամենը չվերածվի զբոսարշջային շոուի եւ կորցնի իրական բովանդակությունը»,- ասել է Հերմինե Ստեփանյանը։
«Поедем, поедим»-ի՝ Հայաստանում նկարահանված թողարկմանը մասնակցել են նաեւ դերասան Մկրտիչ Արզումանյանն ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ «Երեմյան Փրոջեքթս»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: