×

Սամվել Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շեֆ Սամվել Սահակյանն ու Cactus-ի համաշխարհային ապուրները

Երեւանում արդեն 20 տարի գործող Cactus մեքսիկական ռեստորանն այս շրջանում հաճախորդներին է ներկայանում համաշխարհային ապուրների հատուկ ճաշացանկով:

Ամբողջովին մեքսիկական խոհանոցը ներկայացնող ռեստորանն արդեն 10 տարուց ավելի է` տարվա մի քանի ամիսներին իր հիմնական ճաշացանկից զատ՝ առաջարկում է տարբեր երկրների խոհանոցի պատկանող ապուրներ:

GastroVinon-ն զրուցել է Cactus-ի շեֆ-խոհարար Սամվել Սահակյանի հետ՝ ռեստորանում ձեւավորված այս ավանդույթի ու ամենապահանջված ապուրների մասին:

«Տարբեր երկրների ապուրների ներկայացման գաղափարը մեր ռեստորանում սկիզբ է դրվել վաղուց: Այս ընթացքում այն հասցրել է ընդունվել, սիրվել հաճախորդների կողմից եւ ստացել իր այլընտրանքային՝ «Համաշխարհային ապուրների փառատոն» անվանումը»,- պատմում է Սամվել Սահակյանը:

Ռեստորանն այս ապուրներն առաջարկում է Ամանորից հետո՝ մինչեւ գարնան կես: Խոհարարի խոսքով՝ «ապուրների փառատոնի» ավարտը կախված է հաճախորդների պահանջարկից:

«Մեր հիմնական ճաշացանկում ողջ տարվա ընթացքում ներկայացնում ենք բազմաթիվ մեքսիկական ապուրներ, իսկ համաշխարհային ապուրներն առաջարկում ենք հունվարին, երբ մարդիկ հոգնած են լինում տոնական ծանր ուտեստներից եւ սառը եղանակին նախընտրում համտեսել տաք ապուրներ: Ձեւավորել ենք նաեւ առանձին մենյու՝ նախատեսված այս «փառատոնի» համար»,- ասում է նա:

Շեֆ-խոհարարը նշում է, որ ապուրներից շատերի մեջ ներառված են սոուսներ, որոնք պատրաստում են իրենց խոհարարները.

«Օրինակ՝ մեքսիկական Ակապուլկո ապուրի չիպոտլե սուոսը պատրաստում են մեր խոհարարները՝ տարբեր տեսակի մեքսիկական պղպեղներից: Ունենք նաեւ ապուրների մեջ օգտագործվող չիպսեր, որոնք եւս պատրաստվում են ռեստորանում»:

Խոհարարը նկատում է, որ իրենց այս նախաձեռնության շարունակականությունը կախված է եղել միայն հաճախորդների արձագանքից. «Հաճախորդներ ունենք, որ գալիս են հատուկ այս մենյուի համար, ապուրների ցանկը եւս ավելանում է նրանց կարծիքից ելնելով»:

Սամվել Սահակյանը GastroVino-ին է ներկայացրել հատուկ մենյուից առանձնացրած մի քանի ապուր:

Սամվել Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինեստրոնե

Այն իտալական դասական խոհանոցին պատկանող ապուր է, որն ամբողջովին բանջարեղենային է: Իտալացիներն այս ապուրը պատրաստելիս շատ հաճախ առաջնորդվել են սեզոնայնությամբ, այսինքն` օգտագործել են այն բանջարեղենը, որ ձեռքի տակ ունեցել են այդ պահին՝ կարտոֆիլ, դդում, գազար, ոլոռ:

Լուսանկարը՝ Cactus


«Բանջարեղենային բաղադրության շնորհիվ այն դասվում է առողջարար ապուրների շարքին եւ լավագույն տարբերակն է բուսակերների համար: Cactus-ում այն պատրաստվում է սեփական մոտեցմամբ եւ մատուցվում պարմեզան պանրով»,- նշում է Սամվել Սահակյանը:

Տակո

Այն մեքսիկական խոհանոցին պատկանող ապուր է, որի հիմքն են կազմում հավի կրծքամիսն ու լոբին:

Լուսանկարը՝ Cactus


Խոհարարն ասում է, որ համեմունքներից բացի՝ ապուրի մատուցման ժամանակ վրան ավելացվում է քերած պանիր եւ եգիպտացորենի չիպս, որն իրենք են պատրաստում:

Հավի ապուր բրոկոլիով

Սամվել Սահակյանը նշում է, որ սա ֆրանսիական խոհանոցին պատկանող սպիտակ կրեմ-ապուր է. «Հավի մսի, սերուցքի եւ բրոկոլիի համադրությամբ այս թեթեւ ապուրը մատուցում են չորահացով»:

Լուսանկարը՝ Cactus


Ռանչերո

Սա եւս մեքսիկական ապուր է՝ պատրաստված ռանչերո սոուսով, ձվով, մատուցելիս վրան կանաչի է ավելացվում:

Լուսանկարը՝ Cactus


Սոուսի հիմքը չիլի պղպեղն է: Խոհարարը նշում է, որ մեքսիկացիները տարբեր համեմունքներ են ավելացնում այս սոուսի մեջ՝ ամենակծուներից սկսած մինչեւ քաղցր:

Ակապուլկո

Շեֆ-խոհարարն ընդգծում է, որ ընդհանրապես մեքսիկական ավանդական խոհանոցն առանձնանում է կծու համեմունքների բազմազանությամբ, որոնք շատ են օգտագործում նաեւ ապուրների մեջ:


«Այդպիսի կծու ապուրներից է Ակապուլկոն, որը պատրաստվում է տավարի մսով, կծու չիպոտլե սոուսով եւ գինով: Այս սոուսն անունը ստացել է կծու պղպեղներից պատրաստված համանուն համեմունքից»,- ասում է նա:

Սաղմոնով ապուր

Սա կարիբյան հայտնի կծու ձկնապուրն է, որը նախընտրում են ծովամթերք սիրողները:

Լուսանկարը՝ Cactus


Սաղմոնից բացի՝ ապուրի մեջ օգտագործում են գազար եւ համեմ:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին