Գարնան գալուստը «MBG Hospitality» ընկերության ռեստորանների հաճախորդների համար նշանավորվում է #ԳԱՌուն արշավի մեկնարկով: «Գառը գարնանը կեր» կարգախոսով ընկերությունը կրկին հրավիրում է սեզոնային մենյուի տարբերվող կերակրատեսակները համտեսելու:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս առիթով «Ոստան» ռեստորանում լրագրողների համար կազմակերպվել էր հյուրասիրություն, որի ընթացքում նրանք համտեսել են գառան մսով տարատեսակ կերակուրներ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«MBG Hospitality» ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեի խոսքով՝ արշավի ծավալները գնալով ընդլայնվում են, եւ այս տարի ընկերության նախաձեռնությանը միացել են շուրջ 20 այլ ռեստորաններ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հայկական խոհանոցում գառան մսի դերը վերջին տասնամյակներում թերագնահատվել է: Դա պայմանավորված էր նրանով, որ խորհրդային տարիներին ռուսական շուկայից խոհանոց է ներթափանցել խոզի միսը, սակայն գառան մսով կերակուրները հայկական խոհանոցում մշտապես հարգի են եղել»,- նշել է նա:
Աննա Սալոմեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աննա Սալոմեն պատմել է, որ կախված ռեստորանի ձեւաչափից՝ շեֆ-խոհարարի առջեւ դրվում է գառան մսով նոր կերակուր ստեղծելու կամ ավանդական ճաշատեսակին նոր շունչ հաղորդելու խնդիր:
Գառան մեջք | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր ընկերության քաղաքականությունն է ներկայացնել սեզոնային մենյուներ՝ բազմազանություն մտցնելով հիմնական ճաշացանկում, որպեսզի մեր մշտական հաճախորդները չհասցնեն ձանձրանալ»,- հավելել է նա:
«Տոլմա-քաբաբ» ուտեստը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ֆերմերները վստահեցնում են՝ երբ կաթնակեր գառը կտրվում է կաթից ու սկսում է խոտ ուտել, այդ շրջանում միսն ամենահամեղն է: Դա տեղի է ունենում ապրիլ-մայիս ամսիներին, հենց այդ պատճառով էլ #ԳԱՌուն արշավի համար ընտրվել է տվյալ ժամանակահատվածը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«#ԳԱՌուն արշավը սիրված է հատկապես արաբական երկրներից ժամանող զբոսաշրջիկների շրջանում: Այն ստեղծում է մսային ուտեստների բազմազանություն այն դեպքում, երբ խոզի միսը կիրառելի չէ: Այս տարի արշավը նաեւ Հայաստան կբերի գաստրո բլոգերների»,- մանրամասնել է Աննա Սալոմեն:
Գառան լեզվի խորոված | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սեզոնային ճաշացանկը ընկերության ռեստորաններում կլինի մարտի 15-ից մինչեւ հունիսի 1-ը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: