Նորվեգիայից թարմ սաղմոն, Հնդկական օվկիանոսից թունա, Չիլիից միդիաներ եւ էկվադորյան ծովախեցգետին. այսուհետեւ այս ամենը կարելի է թարմ վիճակում պատվիրել ու պատրաստել ձեր խոհանոցում: Թարմ ծովամթերք ներմուծող Food Republic ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ գործարկել է վաճառքի օնլայն հարթակ: Ներկայում պատվերներն իրականացվում են Food Republic Yerevan ֆեյսբուքյան էջի միջոցով:
Թե ինչպես է աշխատում առաքման ծառայությունը եւ ինչ նորություններ են սպասվում ապագայում, GastroVino-ին պատմել է Food Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը:
Food Republic՝ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Օնլայն առեւտրի պիլոտային ծրագիրն իրականացնում ենք Facebook-ում, հետագայում այն վերածվելու է վեբ խանութի, այժմ աշխատում ենք կայքի դիզայնի վրա:
Food Republic-ը թարմ (չսառեցված) ծովամթերք ներմուծող ամենամեծ ընկերությունն է Հայաստանում: Ծովամթերքը հիմնականում ներմուծում ենք Նորվեգիայից եւ Հնդկական օվկիանոսից՝ Շրի Լանկայից, իսկ ծովախեցգետինը՝ Էկվադորից, որն աշխարհում հիմա լավագույնն է համարվում: Տեսականին թարմացվում է շաբաթական 2-3 անգամ։
Չիլիական միդիաները | Լուսանկարը՝ Food Republic Yerevan
Food Republic-ի ֆեյսբուքյան էջում, բացի վաճառքից, տեղադրում ենք նաեւ տարբեր բաղադրատոմսեր ու սովորեցնում՝ ինչպես ճիշտ պատրաստել ծովամթերքը: Ուսուցումն իրականացնու ենք Wine Republic Yerevan թիմի խոհարարների միջոցով, համագործակցում ենք նաեւ որոշ բլոգերների հետ:
Ինչպես ծագեց օնլայն հարթակի գաղափարը
Աշխարհում թարմ ծովամթերքի շուկան սահմանափակ մարդկանցով ձեւավորված փոքր խումբ է, նույնիսկ ցուցահանդեսների քանակն է քիչ, այսինքն՝ այստեղ մեկը մյուսին ճանաչում է, ու բավականին բարդ է հայտնվել այդ շրջանակում: Wine Republic Yerevan թիմի մեջ մտնող ռեստորանների մատակարար Food Republic ընկերությանը որոշ երաշխավորագրերի շնորհիվ հաջողվել է ներգրավել այս խմբում եւ աշխատել խոշոր մատակարարների հետ:
Թարմ ծովամթերքը ներմուծում ենք մեր ռեստորանների համար, որտեղ սպառողին առաջարկում ենք արդեն պատրաստի արտադրանքը:
էկվադորյան ծովախեցգետինը | Լուսանկարը՝ Food Republic Yerevan
Շատ հաճախ մեր հաճախորդներն ու նույնիսկ մեր ընկերները հարցնում էին՝ արդյո՞ք կարող են մեզնից ծովամթերք վերցնել ու փորձել ինքնուրույն տանը պատրաստել:
Այդ դեպքում խնդիրներ էին առաջանում, ինչպես, օրինակ, մթերքի փաթեթավորումը:
Որոշեցինք այս գործընթացը փորձնական սկսել ու գործարկեցինք օնլայն առեւտրի հարթակը՝ հասկանալու համար արդյոք հաճախորդներին հետաքրքիր է այս ամենը եւ ինչ ծավալներով են պատրաստ գնել. արձագանքը բավականին մեծ էր:
Ծովից հաճախորդ՝ քայլերի կրճատում
Food Republic օնլայն հարթակը ծովամթերքի առեւտրի լրիվ նոր մոտեցում է ցույց տալիս: Սովորաբար այցելում ես խանութ կամ մեծածախ սուպերմարկետ, որտեղ ծովամթերքը լավագույն դեպքում ցուցադրված է սառույցով պատված:
Ուսումնասիրելով շուկայի թերությունները՝ հասկացանք, որ թարմ ծովամթերքի դեպքում մենք կարող ենք առաջարկել օնլայն տարբերակ, որը հնարավորինս կկրճատի ծովից մինչեւ հաճախորդ ընկած ժամանակը:
Հնդկական օվկիանոսի թունան | Լուսանկարը՝ Food Republic Yerevan
Պատկերացրեք՝ ինչ երկար շղթա է, երբ ծովից ձուկը բռնում են, վերամշակում, եթե սառեցվում է, ապա տեղափոխում են սառեցման պահեստ, մեքենայով բավականին երկար ժամանակում տանում են մեկ այլ պահեստ, որտեղից հասցնում են մեծածախ վաճառողին, այնուհետեւ մանրածախ վաճառողին, որից հետո վաճառում են հաճախորդին: Մենք որոշեցինք այս շղթան հնարավորինս կրճատել:
Սկսեցինք աշխատել ոչ թե սառեցված, այլ թարմ ապրանքի հետ: Ծովից բերում են, վերամշակում, որից անմիջապես հետո օդանավով բերվում է Հայաստան, որտեղ մենք առցանց վաճառում ենք: Այսինքն՝ մի քանի օղակներ, որոնք կարող են ազդել մթերքի որակի վրա, միանգամից բացառում ենք:
Արսեն Հովհաննիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարծրատիպեր կոտրելու գործընթաց է, երբ ճիշտ է կազմակերպվում լոգիստիկան, շատ ավելի թարմ ծովամթերք է ձեռք բերվում: Հաճախ միջնորդների քանակը եվրոպական որոշ երկրներում շատ ավելի շատ է, որովհետեւ աշխարհագրական դիրքի պատճառով այնտեղ բոլորը չեն, որ կարողանում են ճկուն ներմուծել: Մենք մրցակցային առավելություն ունենք, ինչը վերածվում է թարմության:
Օնլայնի առավելությունները
Այս գործում սովորաբար փաթեթավորման խնդիր է առաջանում ՝ ինչի մեջ դնել ապրանքը, որով հնարավոր կլինի տանը մի քանի օր պահպանել: Մենք ստեղծել ենք համապատասխան վակումային փաթեթավորում, որը հնարավորություն է տալիս մինչեւ մեկ շաբաթ մթերքը թարմ վիճակում, առանց սառեցնելու պահել տանը:
Այսպես՝ վերանում է սառեցնելու եւ հետսառեցնելու գործընթացը, վերանում է նաեւ կրկնասառեցումը, որը մահացու է ծովամթերքի որակի համար: Մեր ձուկը ոչ մի փուլում չի սառում, հաճախորդն ինքն է որոշում մեկ անգամ սառեցնել, եթե դրա անհրաժեշտությունը լինում է:
Նորվեգական սաղմոնը | Լուսանկարը՝ Food Republic Yerevan
Օնլայն խանութի դեպքում վերանում է նաեւ մարդկային գործոնը. հասարակ խանութում մեկը կարող է սառույցը ժամանակին փոխել, մյուսը՝ ոչ: Սովորաբար խանութներում այն վաճառելու համար սկսում են նաև ավելի լավ ցուցադրել, ինչը վնասում է ապրանքը, որովհետեւ ձուկը պահպանման կարեւոր խնդիր ունի: Մեր ցուցադրությունն իրականացնում ենք օնլայն հարթակում, բոլոր մթերքները տեղադրում ենք նկարներով: Միակ խնդիրը նկարի ու իրական ապրանքի համապատասխանությունն է, դա էլ մեր պատասխանատվությունն է:
Առցանց հարթակը եւս մեկ հնարավորություն է տալիս՝ ձկնեղենը կարողանում ենք առաքել ամբողջական, ֆիլեի կամ սթեյքի կտորների տեսքով: Ունենք վերամշակման արտադրամաս, որտեղ տարբեր կտրվածքներ կարող ենք անել:
Նորվեգական սաղմոնը | Լուսանկարը՝ Food Republic Yerevan
Վերջապես ամենակարեւորը՝ միջանկյալ օղակների կրճատման արդյունքում կարողանում ենք ապահովել մրցակցային գին: Շղթայի ցանկացած օղակ իրենից որոշակի շահույթ է ենթադրում, այս ծախսերը կրճատելով, հնարավորություն ունենք մեր հաճախորդներին նվազագույն գին առաջարկել: Առաքումն էլ անվճար է:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Food Republic Yerevan-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: