×

Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

«Էթնոլոֆթ». Ռեստորանների փողոցի էթնիկ անկյունը

Դեռ մեկ տարի չկա, ինչ գործում է «Էթնոլոֆթ» ռեստորանը, բայց արդեն սիրելի վայր է դարձել զբոսաշրջիկների ու տեղացիների համար։ Ռեստորանում հաճախակի կազմակերպվում են հայտնի մարդկանց հետ բրանչեր, երաժշտական երեկոներ, հետաքրքիր միջոցառումներ: Հրավիրվում են այնպիսի մարդիկ, բենդեր, որոնք կարող են ներկայացնել հնի ու նորի «բախումը»։ Ռեստորանի անձնակազմն այս օրերին պատրաստվում է էթնիկ երեկոյի, որը տեղի կունենա փետրվարի 1-ին։

Հատուկ ճաշացանկ՝ յուրահատուկ ընթրիքի համար

Էթնիկ երեկոյի համար հատուկ ճաշացանկ են կազմել. հին հայկական յուրահատուկ ուտեստներ՝ նորովի մատուցմամբ, կարմիր չոր գինի, տնական կոմպոտ, բոցավառվող հալվա։ Բարի գալուստի ըմպելիքը (welcome drink)՝ իմբիրով, նանայով ու կիտրոնով հյութը, պատրաստվելու է բրենդ խոհարարի հեղինակային բաղադրատոմսով։ Եվ սա դեռ ամենը չէ. հատուկ մենյուն այնքան ընդարձակ է, որ անգամ ամենախստապահանջ այցելուն կգտնի իր քիմքին հարմար ուտեստ։


Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

Երեկոն ծավալվելու է ավանդական ուտեստների շուրջ։ Ճաշատեսակները մատուցվելու են «Տոնացույց» ազգային թատրոնի խաղարկային երգերի ուղեկցությամբ։ Հայկական ավանդական ճաշատեսակների մասին այցելուներին պատմելու են նաեւ ռեստորանի խոհարարները։ 


Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

«Էթնոլոֆթի» փակ սրահը նախատեսված է շուրջ 40 հյուրի համար, այդ պատճառով հարկավոր է ամրագրել տեղերը։ Նախապես հնարավոր է ծանոթանալ էթնիկ երեկոյի ճաշացանկին։ Յուրաքանչյուր այցելու՝ վճարելով 8 հազար դրամ, հնարավորություն է ստանալու վայելել ամբողջ ճաշացանկն ու շոու ծրագիրը։ Երեկոն սկսվելու է ուղիղ 19։00-ին։


Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

Ռեստորան՝ «լոֆթ»-ի եւ «էթնիկի» միաձուլումից

«Էթնոլոֆթ» ռեստորանի մարքեթինգի ղեկավար Մարիամ Բլեյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է. «էթնոլոֆթն ազգային եւ ժամանակակից խոհանոցների միաձուլման անկյուն է՝ հենց քաղաքի սրտում՝ Թումանյան փողոցում: Ստեղծման գաղափարի հիմքում հայկական արժեքների պահպանումն ու այն նոր շնչով մատուցելն է: Ինտերիերում գերակշռում է լոֆթ ոճը, որը համալրված է հայկական էթնիկ էլեմենտներով: Մարքեթինգի թիմն ամիսներ շարունակ աշխատել է գաղափարի վրա։ Արդյունքում՝ ոչ միայն լոֆթ ոճը պահեցինք ու էթնիկ էլեմենտներ դրեցինք, այլեւ որոշեցինք դրանք միաձուլել ու համատեղել խոհանոցում: Երեւանը կարիք ուներ նման ֆորմատի ռեստորանի»։ 


Մարիամ Բլեյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեստորանի մենյուն որոշվել է քննարկումների, համտեսների, մոնիթորինգների, շեֆ խոհարարների քրտնաջան աշխատանքի արդյունքում։ 

«Էթնոլոֆթի» մատուցողները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում, որպեսզի խոհանոցից դուրս եկած համեղ, հաջողված ուտեստները, ժամանակին ու գեղեցիկ հասնեն այցելուներին։ 


Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

Երեք խիստ օրենք՝ մեկ խոհանոցում

«Էթնոլոֆթի» խոհանոցում խստորեն պահում են երեք օրենք՝ ժամանակի, ջերմաստիճանի ու մաքրության։ Այստեղ ստեղծագործական լուրջ բախումներ են լինում բրենդ խոհարար Արտակ Սարգսյանի եւ շեֆ խոհարար Սարգիս Հովհաննիսյանի միջեւ։ 


Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

Բրենդ խոհարար Արտակ Սարգսյանը վստահեցրել է՝ հենց հակասությունների ու քննարկումների արդյունքում են ստանում այնպիսի ուտեստներ, որոնցից այցելուները գոհ են մնում։ 

«Ճաշացանկում ներառված ուտեստները հաճելի են թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրացիների քիմքին։ Ունենք այնպիսի ճաշատեսակներ, որոնք հնարավոր է համտեսել միայն մեր ռեստորանում։ Բոլոր ուտեստների դեպքում կարող եք նկատել հնի ու նորի բախումը»,- ասել է բրենդ խոհարարը։


Սարգիս Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Էթնոլոֆթի» շեֆ խոհարար Սարգիս Հովհաննիսյանն էլ հավելել է. «Նրանք, ովքեր ցանկանում են փորձել հայկական ու եվրոպական խոհանոցների միքսերը, պետք է գոնե մեկ անգամ այցելեն մեր ռեստորան ու համտեսեն ուտեստները, որոնց գերակշիռ մասը ստացել ենք ստեղծագործական քննարկումների ընթացքում»։


Լուսանկարը՝ «Էթնոլոֆթ»

«Էթնոլոֆթի» խոհարարները նշել են մեկ կարեւոր փաստ. այստեղ օգտագործում են միայն առաջին կարգի մսեղիք, բանջարեղենի ու մսեղիքի մշակումը, մարինացումը կատարվում է պատվերը ստանալուց անմիջապես հետո, նախապես ոչինչ չեն պատրաստում։ Փորձում են ջերմային մշակումներն այնպես անել, որ ուտեստների սննդային հատկությունները առավելագույն չափով պահպանվեն եւ ուտեստները ոչ միայն համեղ լինեն, այլեւ օգտակար։

Անի Խչոյան

Լուսանկարները Էմին Արիստակեսյանի եւ «Էթնոլոֆթի»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին