2019թ. դեկտեմբերի վերջին օրերին բացվել է Beer Academy-ի Ձմեռային բակը։ Տեսակով ու չափսերով հետաքրքիր այս վայրը այցելուներին թույլ է տալիս ձմռան օրերին բաց երկնքի տակ գարեջուր եւ յուրահատուկ ուտեստներ վայելել։
Beer Academy-ի հիմնադիր Արմեն Ղազարյանը GastroVino-ին պատմել է երկնքին նայող ջերմ բակի մասին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ձմեռային բակի բացումն ավելի պաշտպանողական միջոցառում էր, Beer Academy-ի երկրորդ հարկն արդեն իսկ պետք է բաց լիներ, բայց քանի որ ֆորս-մաժոր տեղի ունեցավ՝ հայտնի հրդեհի տեսքով, որոշեցինք բակը բացել, ուր կարող է տեղավորվել մինչեւ 100 այցելու»,- ասել է Արմեն Ղազարյանը։
Beer Academy-ի Ձմեռային բակը հիշեցնում է Եվրոպայում ընդունված Beer garden-ներ, որոնք աշխատում են տարվա բոլոր եղանակներին։
Արմեն Ղազարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Միտքն այն է, որ միջավայրը, որը մարդիկ կարողանում են վայելել ամռանը՝ բաց երկնքի տակ, նույն տրամադրությամբ վայելեն ձմռանը։ Փորձում ենք ամառվա միջավայրը ստանալ արհեստական կլիմայով։ Անձրեւի, ձյան տեղումները չեն վախեցնում ո՛չ մեզ, ո՛չ էլ մեր այցելուներին, քանի որ թափանցիկ ծածկը նախատեսված է մինչեւ 1 մետր 20 սմ ձյան համար, թեպետ Երեւանում նման տեղումներ չեն էլ լինում»,- ասել է Beer Academy-ի հիմնադիրը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Beer Academy-ի «Սահմանադրությունը» գործում է նաեւ բակի տարածում (կարելի է խմել միայն իրենց արտադրած գարեջուրը), ուր այցելող մարդիկ կարող են վայելել առաջին եւ միակ օրգանիկ գարեջուրը Հայաստանում։
«Սննդի մասով, ի տարբերություն ավանդական դարձած ակադեմիական մենյուի, այստեղ կա երկրորդ մենյու, որն արդեն փոքր-ինչ հայտնի է դարձել մեր հյուրերին, կոչվում է «Զորաց խոհանոց»։ Այն կազմվել է մի քանի տարվա գիտական աշխատանքի շնորհիվ, հայկական ավանդական էթնիկ տարածաշրջանային խոհանոցի ուսումնասիրությունների արդյունքում, պարունակում է մոռացված ուտեստներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այստեղ եւս փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, որ գարեջուրը թեթեւ, աղի ուտեստների հետ է միայն համադրելի։ Մեզ հաջողվում է ցույց տալ, որ գարեջրային ռեստորանները եւս ունեն լայն ճաշացանկով մեծ խոհանոց»,- ասել է Արմեն Ղազարյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ձմեռային բակը բաց է առավոտյան 10։00-ից մինչեւ կեսգիշեր։ Գարնանը ձմեռային հատվածը կապամոնտաժվի ու կգործի ավանդական բացօթյա ամառային բակը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: