×

«Քարահունջ»-ի «ճաշի լավ շունչը» եւ 3 ուտեստները

Ասում են՝ մաքուր օդն ախորժակ է բացում: Եթե եղել եք Լոռիում, հասցրել վայելել բնությունն ու հասել Ստեփանավան, ուրեմն քաղաքի Սոս Սարգսյան փողոցի 64 հասեցում էլ նկատած կլինեք արտաքինից ջերմ տուն հիշեցնող «Քարահունջ» ռեստորանը:

«Քարահունջ»-ն արդեն չորս տարի է, ինչ գործում է Ստեփանավանում: Քաղաքի համար իր տեսակով միակ ռեստորանում թե՛ հյուրերը, թե՛ տեղացիները կարող են գտնել հայկական տնական ուտելիքներից մինչեւ միջին արեւելյան ու եվրոպական խոհանոցի համերի եւ գույների համադրությունը:

GastroVino-ին «Քարահունջ»-ում պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվում փոքր քաղաքում ունենալ մշտական այցելուներ ու գոհ թողնել ե՛ւ տեղացիներին, ե՛ւ զբոսաշրջիկներին:


«Կարծում եմ՝ ճաշի լավ շունչ ունենք եւ ձգտում ենք ավելի լավն ու համեղը տալ այցելուներին»,- ասում է ռեստորանի խոհանոցի պատասխանատու Մագի Խորոզյանը, ով Հալեպից է տեղափոխվել Հայաստան:

Խոհանոցի աշխատակիցները երբեմն հասցնում են դուրս գալ, մոտենալ հյուրերին, զրուցել նրանց հետ, կարծիքներ ու նկատառումներ լսել: Դա օգնում է, նույնիսկ, ամենախստապահանջ հյուրին գոհացնել: «Քարահունջ»-ում վարպետաց դասեր են կազմակերպվում զբոսաշրջիկների համար:

GastroVino-ն «Քարահունջ»-ի ճաշացանկից առանձնացրել է երեք ուտեստ, որոնք տարբերվում են համեմունքների բազմազանությամբ եւ առավել շատ են սիրվել հաճախորդների կողմից:

Մուհամարա

Սա արեւելյան խոհանոցին պատկանող սառը ուտեստ է, որի պատրաստման համար օգտագործվում է չորահացի փոշի (պաքսիմատ), ընկույզ եւ նռան օշարակ: Ընկույզը պետք է լինի բոված վիճակում:

Օգտագործվում է նաեւ ձիթայուղ, կիտրոնի աղ, քիմիոն, կարմիր պղպեղի մածուկ եւ մաղադանոս:

Մուհամարան


Բաղադրամասերը խառնվում են տարայի մեջ, իսկ մատուցել կարելի է նաեւ թարմ բանջարեղենի հետ: Մատուցման համար ցանկալի է, որ այն գտնվի սենյակային ջերմաստիճանում:

Սարմա

Սարման այլ կերպ նաեւ փաթույթ են անվանում, քանի որ փաթաթվում է խաղողի տերեւի մեջ: Այս ուտեստի երկու տեսակ կա՝ մսով եւ բրնձով: «Քարահունջ»-ու մատուցվում է բրնձովը:

Սարման


Սարմայի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա մեջ որպես համեմունք օգտագործվում է սուրճը: Այստեղ կարեւոր բաղադրիչ է նաեւ մանրացրած ընկույզը եւ յոթ բահարը (յոթ տեսակի համեմունքի խառնուրդ` սեւ պղպեղ, բահար, մշկընկույզ, մեխակ, քիմիոն, համեմ սերմ եւ դարչին): Օգտագործվում է նաեւ լոլիկի, պղպեղի մածուկ, ձիթայուղ:

Միս, լոլիկ, կարտոֆիլ՝ փռում

Սա «Քարահունջ»-ի տաք ուտեստներից է: Այն Արեւմտյան Հայաստանի խոհանոցի ճաշատեսակ է:


Տավարի աղացած միսը, լոլիկն ու կարտոֆիլը շարվում են հերթականությամբ, եւ մինչ փռում դնելը՝ համեմունքներից պատրաստված հատուկ սոուս է ավելացվում։ Մատուցվում է բրնձով:


Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝«Քարահունջ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին