Դեկտեմբերի 2-ին Երեւանում մեկնարկել է «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» միջազգային նախագիծը: Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում առաջին պետությունն է, որտեղ անցկացվում է այս միջոցառումը: Մինչեւ դեկտեմբերի 6-ը Երեւանի մի շարք ռեստորաններում եւ հյուրանոցներում կկայանան վարպետության դասեր եւ հատուկ ընթրիքներ:
«Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը» հինգ տարի շարունակ անցկացվել է տարբեր քաղաքներում: Ռուսաստանի շեֆ-խոհարարների ունակություններին ու ճաշատեսակներին հնարավորություն են ունեցել ծանոթանալու Մադրիդում, Բարսելոնայում, Նիկոսիայում, Կորֆու կղզում... Այս անգամ ընտրվել է Հայաստանը, որպեսզի երկու երկրները նաեւ «սեղանի շուրջ» ամրապնդեն իրենց բարեկամական կապերը եւ ճանաչեն միմյանց խոհանոցները:
«Պելմենի եւ բորշչ չի լինելու»,- նախապես զգուշացնում են գաստրոնոմիկ միջոցառման կազմակերպիչները. շեշտը հիմնականում դրվել է ռուսական ժամանակակից խոհանոցի վրա:
«Շատերս կարծում ենք՝ միմյանց խոհանոցի մասին ամեն ինչ գիտենք, ռուսներին թվում է՝ Հայաստանն են լավ ճանաչում, Հայաստանում էլ մշտապես կարծում են՝ Ռուսաստանին են լավ ծանոթ: Սակայն վստահեցնում եմ՝ իրականում շատ քիչ բան գիտենք հատկապես այսօրվա ճաշատեսակների մասին: Այդ պատճառով մենք միջոցառման մեջ ընդգրկել ենք Ռուսաստանի այն մարզերի խոհանոցները, որոնք հայաստանցիների համար անծանոթ են», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» նախագծի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Լեոնիդ Գելիբտերմանը:
Հայաստան են ժամանել շեֆ-խոհարարներ Մոսկվայից, Արխանգելսկի եւ Պսկովի մարզերից, ինչպես նաեւ Նենեցյան ինքնավար օկրուգից։
Շեֆ-խոհարարները պատրաստելու են այդ շրջաններին բնորոշ ճաշատեսակներ, լինելու են յուրօրինակ ուտեստներ, օրինակ, եղնիկի միս լոռամրգի սոուսով կամ սունկ՝ թթվասերի մուսով եւ սամիթի փոշիով:
«Ռուսական գաստրոնոմիկ շաբաթվա» կարեւոր միջոցառումներից մեկը «Ռուսաստան-Հայաստան» խոհարարական գագաթնաժողովն է։ Ծրագրում ներառված են նաեւ սեմինարներ՝ նվիրված Ռուսաստանի եւ Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացմանը, նախատեսվում է նաեւ ռեստորատորների հանդիպում։
Միջոցառման վերջին օրը «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում նախատեսվում է գալա ընթրիք Ռուսաստանի շեֆ-խոհարարների թիմի կողմից:
Վարպետության դասերի շրջանակում կազմակերպիչները հատուկ ընդգծում են «Կրեմլյան խոհանոցի գաղտնիքները» խորագրով դասընթացը, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Սալոն» ռեստորանում: Այն վարելու է Ռուսաստանի խոհարարների ազգային միության նախագահ Վիկտոր Բելյաեւը: Վերջինս տասնամյակներ շարունակ Կրեմլում խոհարար է աշխատել եւ ուտեստներ պատրաստել Ռուսաստանի նախագահների համար:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: