Աշխարհի տարբեր ծայրերում, ինչպես նաեւ Երեւանում, վերջին օրերին նշվում էր Իտալական գաստրոնոմիայի համաշխարհային շաբաթը: «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի «Նաիրի» ռեստորանը, համագործակցելով Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ WineWorks ընկերության հետ, Երեւան էր հրավիրել Միշլենյան աստղ ունեցող հայտնի շեֆ-խոհարար Իտալո Բասիին եւ նոյեմբերի 28-ին կազմակերպել հատուկ ընթրիք իտալական խոհանոցի սիրահարների համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Իտալական ճաշատեսակներ՝ հայկական մթերքներով
«Նաիրի» ռեստորանը եւ Միշլենյան աստղ ստացած Confusion Boutique ռեստորանի հիմնադիր Իտալո Բասին իտալական ուտեստները պատրաստելու համար ընտրել էին հայկական բաղադրիչներ, որպեսզի ընդգծեն նաեւ հայկական մթերքների արժեքը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստան ժամանումից առաջ Իտալո Բասին «Նաիրի» ռեստորանի տեղացի շեֆ-խոհարարի հետ նախապես քննարկել ու որոշել էր, թե ինչ տեղական մթերքներ պետք է օգտագործի իր հեղինակային ընթրիքի համար: Իտալոն առաջին անգամ չէ Հայաստանում եւ լավ տեղյակ է հայկական մթերքներին, շատ տպավորված է մեր տեղական բանջարեղենով, կաթնամթերքով ու մսեղենով, ասում է՝ դրանք շատ թարմ ու պարզ համեր ունեն, ինչը Եվրոպայում այսօր շատ դժվար է գտնել: Իտալացի շեֆն անգամ խոստովանում է՝ մեր ուտեստներն այնքան է հավանում, որ դրանց համար հանգիստ կարող է Հայաստանում ապրել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ի դեպ, իտալական ճաշատեսակները «Նաիրի» ռեստորանի համար նորություն չեն. ռեստորանի վերաբացումից հետո Միշլենյան աստղի արժանացած մեկ այլ իտալացի շեֆ-խոհարար հայ խոհարարների առաջարկած բաղադրատոմսերին իտալական նրբերանգներ էր հաղորդել՝ Իտալիայից ներկրվող որոշ մթերքների միջոցով:
Նախընտրությունը՝ միայն հայկական ռեստորաններ
Իտալո Բասին գաստրոնոմիայի ոլորտում հայտնի է որպես երեք Միշլենյան աստղի արժանացած շեֆ-խոհարար: Նա Ֆլորենսում աշխարհահռչակ Enoteca Pinchiorri ռեստորանի առաջին շեֆ-խոհարարն է եղել, որտեղ աշխատել է ավելի քան 23 տարի: 2015-ին շեֆ-խոհարարն իր կնոջ՝ Տատիանա Ռոսենֆելդի հետ Սարդինիայում հիմնել է Confusion Boutique ռեստորանը, որը 2018-ին եւս արժանացել է Միշլենյան աստղի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Իտալոն եւ Տատիանան միասին են Հայաստան ժամանել, մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ անցած տարի կրկին երկուսով էին Երեւան այցելել՝ Իտալիայի դեսպանատան կազմակերպած բարեգործական միջոցառումների շրջանակներում: Զույգն առանձնահատուկ նշում է՝ Հայաստանում գտնվելու ժամանակ երբեւէ ոչ մի եվրոպական ռեստորանում չեն ճաշել, մշտապես հայկական ռեստորաններում տեղական ուտեստներ են փորձել: Միշլենյան աստղ ստացած ռեստորանի ղեկավարները բացի հայկական մթերքներից տպավորված են նաեւ սպասարկմամբ, ասում են՝ երեւանյան ռեստորանների սպասարկումը իսկապես շատ բարձր մակարդակի է:
Արցախից ֆիլե, տեղական դդումով ռիզոտո եւ մարակույայով աղանդեր
Իտալական միջոցառման համար կազմակերպվել էր դեգուստացիոն ընթրիք: Առաջին փուլում Իտալո Բասին պատրաստել էր իշխանի աղցան քինոայով, կոճապղպեղ եւ ավոկադո՝ դեղին պղպեղի սոուսով ու իշխանի խավիարով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երկրորդ ուտեստը իտալական հայտնի Agnolotti-ն էր (պաստայի տեսակ), որը լցոնած էր պոլենտայով, սնկով եւ պարմեզան ֆոնդյույով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Իտալացի շեֆ-խոհարարը պատրաստեց նաեւ խոզի ֆիլե, որը բերված էր Արցախից: Այն մատուցվեց դդումի պյուրեով եւ պոլենտայի շիլայով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աղանդերի համար Vanilla Pearl էր՝ մատուցված նռան ժելեով եւ ծաղկաթերթերով, մատուցվեց նաեւ մարակույայով շոկոլադե գունդ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դեգուստացիոն ընթրիքից մեկ օր առաջ էլ «Նաիրի» ռեստորանում իտալացի շեֆը ռիզոտո էր պատրաստել՝ տեղական դդումով: Իտալական ու հայկական խոհանոցի նման միախառնումն էր այս միջոցառումների կարեւորագույն նպատակը:
Իտալո Բասին եւ Տատիանա Ռոսենֆելդին խոստովանում են նաեւ՝ այնքան շատ են հավանել Հայաստանը, ուտեստները եւ տեղական ռեստորանները, որ այս անգամ հետադարձ թռիչքի տոմս չեն գնել եւ հստակ չեն պլանավորել Իտալիա վերադարձը, որպեսզի ճամփորդեն Հայաստանով ու ավելի լավ ճանաչեն երկիրը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: