×

Լուսանկարը՝ dors

dors. 8 տեսակի կրաֆտային գարեջուր անսովոր կանաչ գարեջրատանը

Գնա՞նք dors craft beer & kitchen: Նորաբաց գարեջրային ռեստորան է, որտեղ, օրինակ, կարող ենք բալի գարեջուր խմել ու իտալական պիցցա ուտել։ Հասցեն Ամիրյան 4/6 է, մուտքը` Բուզանդի փողոցից։

Կենտրոնի համար չափազանց լուռ տարածք է, գարեջրատան համար՝ անսովոր կանաչապատ։ dors-ը երկու հատվածից է բաղկացած՝ դրսում, փայտե գույք ու կանաչ, ներսում՝ ապակի, փայտ ու էլի կանաչ համադրություններով։ 

Համասեփականատերերից Ավետիք Ենգոյանին երկրորդում ենք գտնում։ dors-ի դռները GastroVino-ի համար նա է բացում։

Dorsen - ամբարել, հացահատիկը կամնով մանրել

dors-ը հոլանդերեն գոյական է, նշանակում է ամբար, dorsen-նն էլ բայն է, թարգմանվում է կալսել։ Շատ սիրուն է հնչում։ 


Ավետիք Ենգոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեր լոգոն ձի է՝ բաշի մեջ ցորենի հասկ. աշխատասիրության, հեզության ու ազնվության այս խորհրդանիշը հատուկ ենք ընտրել։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գարեջրային ռեստորան ենք, բայց «пивной»-ի որեւէ չափորոշչի չենք համապատասխանում։ Այստեղ գալիս են ընտանիքներով, ընկերներով ու ընկերուհիներով, կանայք երեխաների հետ, զույգերով։ 

Ներսում չեն ծխում։ Դրսի հատվածում՝ խնդրեմ։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գարեջուր խմելն էլ մշակույթ է

Մի քանի տարի առաջ մարդիկ գարեջուրը բաժանում էին՝ մուգ եւ բաց, կամ էլ գարուց ու ցորենից պատրաստվող տեսակների։

Մենք որոշեցինք շղարշը մի կողմ տանել, գարեջուրը նոր լույսի տակ մատուցել եւ ցույց տալ, որ այն կարող է լինել նաեւ ապերիտիվ, դիժեստիվ, հնեցված, վայրի խմորման, մրգերի, խոտաբույսերի կամ համեմունքների ավելացմամբ պատրաստված։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գարեջուրը մատուցման հստակ ձեւ ունի. կախված տեսակից՝ տարբեր է բաժակը եւ դրա հետ մատուցվող սնունդը։ Մեզ մոտ կարելի է գարեջուրը համադրել աղանդերի կամ աղցանների հետ, որոնք առաջին հայացքից այնքան էլ համահունչ չեն։

Մեր ռեստորանի գերնպատակներից մեկը craft գարեջուրը զարգացնելն ու այն հայտնի դարձնելն է։

Craft տեսակի 8 գարեջուր ունենք 

Բոլորն էլ Հայաստանում են պատրաստվում եւ մեզ մոտ տեղափոխվում հատուկ տարաներով։ Որակական բոլոր նորմերն այդ ընթացքում պահպանում ենք։ 

Հայկական սպառողին հայտնի՝ ավանդական ցորենի գարեջրից է սկսվում մեր տեսականին, բավարականն է՝ Bavarian Weizen-ը։

Farmhouse Ale-ը ավանդական, բաց գարեջրի յուրահատուկ մոտեցմամբ պատրաստված մեր տարբերակն է, որը դասական, միջին համային հատկանիշներով գարեջրի տեսակների այլընտրանքն է։ 


Լուսանկարը՝ dors

Ապա սկսվում է մեր craft-ի դասական տեսականին՝ American Pale Ale, India Pale Ale եւ Double կամ Imperial I.P.A.։

Cherry Ale-ը հետաքրքիր գարեջուր է, որի պատրաստման ընթացքում ավելացվում է բալ։ Նախընտրելի տարբերակ է հատկապես կանանց ու աղջիկների, ինչպես նաեւ նոր համեր բացահայտել ցանկացողների շրջանում։

Apple Cider էլ կգտնեք ճաշացանկում։ Սա այնքան էլ գարեջուր չէ, խնձորի հյութի հիմքով ալկոհոլային թեթեւ ու հեշտ ըմպելի խմիչք է, շատ հեշտ համադրելի։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Իսկ ահա Dark Lager-ը մուգ գարեջուր է, բոված ածիկի նրբերանգներով, բավականին խիտ, հագեցած բույր ու համ ունի։

Craft-ն առանձնահատուկ է

Craft գարեջուրը սկիզբ է առել Միացյալ Նահանգներում 60-ականներին, տնային գարեջրագործությունից, որը հետո դարձել է միկրո-, ապա մակրոգործարանային արտադրություն ու տարածում գտել ամբողջ աշխարհում։ Այս գարեջրերն առանձնահատուկ են համի, բույրի, գույնի համադրության եւ որպես կանոն՝ բարձր որակի հումքի շնորհիվ։

Խոհանոցը եվրոպական է, գները՝ «մարդկային»

Մեզ մոտ հնարավոր է գտնել եվրոպական խոհանոցից ամեն ինչ, թեեւ խոհարարները տեղացի հայեր են։ Դրսից խոհանոցի մասնագետներ հրավիրելու նորաձեւ միտմանը չենք հետեւել։

Մեր խոհանոցն առանձնահատուկ է տեղում պատրաստվող ուտեստների քանակով ու տեսակներով։ Մատուցվող սոուսները, ապուրները, նրբերշիկները, աղանդերը ամբողջությամբ պատրաստվում են մեզ մոտ, մեր խոհարարների կողմից։


Լուսանկարը՝ dors

Ապուրների, նախուտեստների եւ պիցցաների մեծ տեսականի էլ ունենք, որոնք շատ առանձնահատուկ են ու համեղ։ Պիցցան իտալական գյուղական բաղադրատոմսով է պատրաստվում։


Լուսանկարը՝ dors

Գարեջուր մատուցվող տարածքների համար կանաչապատ դիզայնն ընդունված չէ, բայց մենք փորձել ենք ստանալ տրամադրություն եւ հարմարավետություն։ Կարծես թե սա գնահատվել է մեր հաճախորդների կողմից։ Բացվում ենք առավոտյան, բայց մեր ամենաակտիվ ժամերն են 19:30-00։00-ն: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեր գնային քաղաքականությունը երեւանյան համանման վայրերից բարձր չէ, եւ շատ դեպքերում նույնիսկ մատչելի է, իսկ կենտրոնում գործող ռեստորանների հետ նույնիսկ համեմատելի չէ։ Այս խնդիրը մեր առջեւ դրել էինք բացվելուց առաջ եւ լուծեցինք։


Ավետիք Ենգոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գները սահմանելիս առաջնորդվել ենք միայն մեկ գաղափարով՝ մարդիկ, որոնք ամսավճարով աշխատում են, պետք է ի վիճակի լինեն իրենց թույլ տալ գալ այստեղ, ժամանակ անցկացնել եւ գոհ հեռանալ։ 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ dors-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին