Որոշ գինեգործարաններ պարզապես լավ գինիներ են ստեղծում, որոշները՝ լեգենդար։ Կան նաեւ այնպիսիք, որոնք փոխում են գինու պատմության ընթացքը։
Այս անգամ «Շաբաթվա գինին In Vino-ից» շարքում Մարիամ Սաղաթելյանը ներկայացնում է մի պատմություն, որտեղ գինիներից առաջ կանգնած է մարդը՝ մի անուն, որը փոխեց գինու աշխարհի պատմությունը։
Լեգենդի ետեւում կանգնած մարդը
Նապա հովտի Ռադերֆորդ (Rutherford) ենթաշրջանի սրտում գտնվող Grgich Hills Estate-ը պարզապես հայտնի ամերիկյան գինեգործարան չէ։ Այն մարդու ժառանգություն է, որի կյանքը հիշեցնում է գինու մասին իսկական էպոս։ Խոսքը Միլենկո «Մայք» Գրգիչի մասին է՝ խորվաթ ներգաղթյալի, որի պատրաստած շարդոնեն ցնցեց ֆրանսիական գինու աշխարհը եւ օգնեց Նապա հովտին ամուր տեղ զբաղեցնել համաշխարհային գինեգործության քարտեզի վրա։ Այսօր գինեգործարանը խորհրդանիշ է վարպետության, կայուն գյուղատնտեսության եւ այն գաղափարի, որ մեծ գինին սկսվում է խաղողի այգուց։
Լուսանկարը՝ Grgich Hills Estate
Միլենկո «Մայք» Գրգիչը ծնվել է 1923 թվականին Խորվաթիայի Դեսնե փոքրիկ գյուղում։ Մեծանալով գյուղատնտեսների ընտանիքում՝ նա դեռ փոքրուց ծանոթացել է գինեգործությանը։ Զագրեբի համալսարանում խաղողագործություն եւ գինեգործություն ուսումնասիրելուց հետո Գրգիչը 1950-ականներին լքել է իր հայրենիքը եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Շատ ներգաղթյալների նման՝ նա էլ ԱՄՆ է եկել գրեթե ոչնչով, բայց մեծ նպատակներով եւ անսահման աշխատասիրությամբ։
Միլենկո Մայք Գրգիչը
Նա տարիներ շարունակ աշխատել է Կալիֆոռնիայի տարբեր գինեգործարաններում՝ կատարելագործելով իր գիտելիքներն ու հմտությունները։ Սակայն պատմական շրջադարձը տեղի է ունեցել Նապա հովտում՝ Chateau Montelena (Շատո Մոնտելենա) գինեգործարանում աշխատելիս։
Գինին, որը ցնցեց Ֆրանսիան
1976 թվականին Փարիզում կազմակերպվել է կույր համտես, որը պատմության մեջ հայտնի է դարձել որպես «Փարիզի Դատաստանը» (Judgment of Paris)։ Նպատակը պարզ էր՝ համեմատել Կալիֆոռնիայի եւ Ֆրանսիայի լավագույն գինիները։ Մասնակից գինիների շարքում էր 1973 Chateau Montelena Chardonnay-ը (Շատո Մոնտելենա Շարդոնե), որը ստեղծել էր Մայք Գրգիչը։ Երբ արդյունքները հրապարակվեցին, կալիֆոռնիական շարդոնեն զբաղեցրեց առաջին տեղը՝ գերազանցելով Բուրգունդիայի ամենահայտնի սպիտակ գինիներին։ Արդյունքը ցնցեց ամբողջ գինու աշխարհը։
«Փարիզի դատաստանը» անվանումը ստացած համտեսը
Մինչ այդ Ֆրանսիան համարվում էր բարձրակարգ գինու անվիճելի առաջնորդը, սակայն այս հաղթանակը ցույց տվեց, որ Նապա հովտում նույնպես կարելի է ստեղծել Ֆրանսիային հավասար, կամ նույնիսկ ավելի մեծ գինիներ։ Այս համտեսը դարձավ ժամանակակից գինեգործության պատմության շրջադարձային պահը եւ ճանապարհ բացեց նոր լեգենդար գինեգործարանի ստեղծման համար։
Grgich Hills Cellar-ի ստեղծումը
Փարիզի համտեսից հետո Մայք Գրգիչը համագործակցեց Օսթին Հիլզի հետ, եւ 1977 թվականին նրանք հիմնադրեցին Grgich Hills Cellar-ը Նապա հովտի Ռադերֆորդ շրջանում։ Գինեգործարանի պատմության կարեւորագույն որոշումներից մեկը դարձավ սեփական խաղողի այգիների վրա հիմնված արտադրությունը։ Այսօր Grgich Hills Estate-ը մշակում է ավելի քան 146 հեկտար խաղողի այգի Նապա հովտի տարբեր հատվածներում։
Մայք Գրգիչը եւ Օսթին Հիլզը | Լուսանկարը՝ Grgich Hills Estate
Յուրաքանչյուր այգի ունի իր միկրոկլիման եւ հողի յուրահատկությունը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել գինիներ, որոնք արտահայտում են Նապա հովտի տարբեր բնակայքերը։ Գինեգործարանում մշակվող հիմնական խաղողի տեսակներն են՝ Շարդոնեն, Կաբերնե Սովինյոնը, Մերլոն, Զինֆանդելը, Սովինյոն Բլանը, Պետիտ Սիրան, Րիսլինգը եւ Գեվուրցտրամիները։
Խորվաթական արմատներ Նապա հովտում
Չնայած ԱՄՆ-ում ունեցած մեծ հաջողությանը՝ Մայք Գրգիչը երբեք չմոռացավ իր խորվաթական արմատները։ Գինեգործարանի պիտակի վրա արտացոլված են երկու հիմնադիրների խորհրդանիշները՝ Խորվաթիայի զինանշանը, որը ներկայացնում է Գրգիչ ընտանիքը, եւ ձիու պատկերը՝ Հիլզ ընտանիքի խորհրդանշանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
1996 թվականին Մայք Գրգիչը վերադարձավ իր հայրենիք՝ Խորվաթիա, եւ մասնակցեց Դալմաթիայի ափին նոր գինեգործարանի ստեղծմանը՝ կրկին միավորելով Հին եւ Նոր աշխարհի գինեգործական ավանդույթները։
Հաջորդ սերունդը
Grgich Hills Estate-ն այսօր էլ շարունակում է մնալ ընտանեկան գինեգործարան։ Մայք Գրգիչի դուստրը՝ Վայոլետ Գրգիչը, ղեկավարում է բիզնեսի եւ մարքեթինգային գործունեությունը, իսկ գինեգործ Իվո Ջերամազը շարունակում է ղեկավարել խաղողի այգիների եւ գինեգործության աշխատանքները։
Վայոլետ Գրգիչը | Լուսանկարը՝ Grgich Hills Estate
Գինեգործարանը տարեկան արտադրում է մոտ 840,000 շիշ գինի՝ պահպանելով հավասարակշռությունը ծավալի եւ բարձր որակի միջեւ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Թեեւ Մայք Գրգիչը մահացել է 2023 թվականին՝ 100 տարեկան հասակում, նրա փիլիսոփայությունը շարունակում է մնալ գինեգործարանի գլխավոր ուղեցույցը։
Grgich Hills Estate-ը մինչ օրս հիշեցնում է, որ երբեմն մեկ մարդը, մեկ գինին եւ մեկ պատմական պահը կարող են փոխել ամբողջ գինու աշխարհի պատմությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այսպիսով, մի պատմություն, որը սկսվել է Խորվաթիայի փոքրիկ գյուղից եւ հասել մինչեւ Նապա հովիտ, այսօր ներկայություն ունի նաեւ Երեւանում։ Grgich Hills Estate-ի լեգենդար գինիներն այժմ հասանելի են InVino-ում։
Պատրաստել է Անի Խչոյանը
Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: