×

Լուսանկարը՝ Yeremyan projects

Երեւանյան նախաճաշ․ վայրեր, որտեղից սկսվում են կատարյալ առավոտները

Լավ նախաճաշը լավ օրվա երաշխիքն է․ ասում են Արեւմուտքում, երբ նույնիսկ օրը սկսում են նախքան արեւածագը։ Նախաճաշելու ամուր սովորույթներ ունեցող երկրներում անքննելի ճշմարտություն է․ նախաճաշը բարելավում է կենտրոնացումը, հիշողությունը, նյութափոխանակությունը, ուղեղի աշխատանքը, բարձրացնում է աշխատանքային արդյունավետությունը, տրամադրությունն ու զգոնությունը։

Հայաստանում, ցավոք, ոչ բոլորն են սիրում նախաճաշել, սակայն վստահաբար բոլորը կհամաձայնեն՝ երեւանյան գարնանային վառ ու լուսավոր առավոտները համեղ նախաճաշային սեղանի շուրջ սկսելն օրվա մեկնարկի լավագույն տարբերակն է։ Այսօր ձեզ ենք առաջարկում երեւանյան 4 բարձրակարգ ռեստորան, որտեղ ստեղծված են նախաճաշային վայելքի բոլոր պայմանները։

Սիզընս Սվիթլենդ․ հեքիաթային, նրբագեղ, առողջ

Սիզընս Սվիթլենդը Երեւանի կենտրոնի հեքիաթային անկյունն է եւ տեղակայված է Սիզընս ռեստորանի եւ այգու անմիջապես հարեւանությամբ։ Այն ամեն օր՝ ժամը 08։30-12։00-ն, առաջարկում է նախաճաշի լայն ընտրություն՝ մրգային թեթեւ նախաճաշերից մինչեւ ամենատարբեր նրբաբլիթներ, կրուասաններ, սենդվիչներ, բրիոշներ, կրեպներ, ձվածեղներ եւ լավագույն աղանդերների չկրկնվող ընտրանի։ Նրբագեղ ինտերիերը, բարձրակարգ սպասարկումն ու որակյալ մթերքները Սվիթլենդում ստեղծում են իդեալական միջավայր ընկերական ու գործնական հանդիպումների համար։

Լուսանկարը՝ Yeremyan projects


Ամենաբծախնդիր այցելուներին այստեղ առաջարկվում են շուրջ 40 տեսակի սուրճեր ու թեյեր, որոնք վաղ առավոտներին հաղորդում են իրենց հատուկ բույրն ու համը։ Սվիթլենդը եզակի է նաեւ իր հոգատար ու առողջարար ավանդույթով․ այստեղ ամեն առավոտ այցելուներին հյուրասիրվում է մեկ բաժակ Երեմյան ապրանքանիշի անարատ կաթ։ Սա Սվիթլենդի սիրո արտահայտումն է քաղաքի բնակիչներին եւ հյուրերին եւ սիրո կանոնը, երբ յուրաքանչյուր պատառը համի, հոգատարության ու առողջության մասին է։

Հիանալի նախաճաշից հետո հյուրերը կարող են իրենց հետ վերցնել քաղաքի ամենահամեղ աղանդերները՝ շարունակելով օրը քաղցրությամբ ու ջերմությամբ։
 
Լավաշ․ երեւանյան նախաճաշերի կոլորիտային ռեստորանը

Լավաշ ռեստորանի մասին քաղաքում հաճախ են լեգենդներ պատմում։ Հանուն արդարության պետք է նշել, որ դրանց մեծամասնությունն իրոք համապատասխանում է իրականությանը։ Լավաշը տարիներ առաջ փոխեց երեւանյան քաղաքային մոդեռն ռեստորանի մասին բոլոր պատկերացումներն ու կոտրեց կարծրատիպերը։ Ռեստորան, որն ակտուալ է վաղ նախաճաշից մինչ կեսգիշեր։ Ասում են՝ այստեղ վերադառնում են նույնիսկ ամենահեռավոր երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները։

Լուսանկարը՝ Yeremyan projects


Լավաշը երեւանյան յուրահատկության մասին է՝ պարզ, բայց խորքային, տպավորիչ ու չպարտադրող, ինքնատիպ ու դետալային։ Լավաշը պատմություն է մարդկանց մասին, որոնք սիրում են Երեւանն առաջին հայացքից։ Այս ռեստորանն ամեն առավոտ՝ 8։30-ից, հյուրերին է առաջարկում հայկական նախաճաշերի առանձնահատուկ ընտրություն։ Տապակած կանաչիներ, կաթնամթերքային, մսային ու ձկնային ռուլետներ, աղցաններ, մուրաբաներ․ տեղական ու ավանդական մթերքները Լավաշի խոհանոցում ստանում են թեթեւություն, բույր, էմոցիա ու կյանք։

Լավաշը նրանց ընտրությունն է, որոնք գիտեն օրը լավաշաբույր ջերմությամբ, ժպիտներով, երեւանյան հյուրընկալությամբ եւ հատընտիր համերով սկսելու իրական արժեքը։
 
Շերեփ․ քաղաքի սրտի համեղ զարկը

Շերեփ ռեստորանը գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջապես հարեւանությամբ։ Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը եւ TripAdvisor-ի թոփ 5 ռեստորաններից մեկը սպասում է իր հյուրերին ամեն առավոտ՝ ժամը 9։30-ից։ Շերեփի ընդարձակ սրահները, լուսավոր ու հանգիստ միջավայրը, զուսպ ու յուրօրինակ ինտերիերը, դեպի Հանրապետության հրապարակ բացվող տեսարանն ու ճաշացակի ճկունությունը հնարավորություն են տալիս այստեղ անցկացնել գործնական նախաճաշեր, ընտանեկան ու ընկերական առավոտյան ջերմ հանդիպումներ։

Լուսանկարը՝ Yeremyan projects


Ամենաթեթեւ նախաճաշերից մինչեւ գյուղական խաչապուրի ու պանրով ձվածեղ․ Շերեփի բաց խոհանոցը նախաճաշելու գեղեցիկ ընթացքը դարձնում է նաեւ ստեղծագործ․ չէ՞ որ սիրելի նախաճաշի պատրաստմանը հետեւելը միշտ հաճելի ու նրբաբույր է։

Լուսանկարը՝ Yeremyan projects


Ինչպես Լավաշում, այնպես էլ Շերեփում, հյուրերը հետեւում են նաեւ հայկական լավաշի պատրաստման ավանդական եղանակին։ Տեսարան, որ ամեն անգամ զարմացնում է իր հրաշագործությամբ՝ թոնրի ու բարակ խմորի թեժ հանդիպմամբ։

ՍանտաՖե․ Կասկադի եւ Օպերայի նրբահամ խաչմերուկը

Ի տարբերություն մյուս ռեստորանների՝ ՍանտաՖեն չունի նախաճաշային հատուկ մենյու, սակայն իր բազմազան ճաշացանկի արդյունքում այստեղ հնարավոր է համեղ եւ հետաքրքիր նախաճաշել։ Տպավորիչ համերից զատ՝ Սանտաֆեն նախեւառաջ տպավորիչ տեսարանների մասին է։

Լուսանկարը՝ Yeremyan projects


Եզակի վայր, որտեղ հայացքի մի շեղումով աչքերի առջեւ են հայտնվում Երեւանի ամենամոնումենտալ ճարտարապետական կոթողները՝ Կասկադ համալիրն ու Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը։ Բացօթյա այս ռեստորան-սրճարանը սպասում է իր հյուրերին ամեն օր 10։00-ից՝ պատմելու, որ Երեւանը նախեւառաջ արեւի, ճաշակի եւ տաք սիրո մասին է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին