Մսամթերք արտադրող «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը գործունեության 30-րդ տարում ավելի քան 300 անուն արտադրանք է առաջարկում սպառողներին՝ հայկական ավանդական մսամթերքից մինչեւ իսպանական-իտալական ու գերմանական շարքեր։
Ընկերությունում որակի պահպանման հարցում սկզբունքային են, սիրված պրոդուկտները լավացնելու եւ նոր համեր ստեղծելու հարցում էլ՝ նորարար։ «Բեկոն Պրոդուկտ»-ի տեխնոլոգները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում ու իրենց գիտելիքները կիրառում իրենց աշխատանքում։ Գործարանը նաեւ արտասահմանից մասնագետներ է հյուրընկալում՝ փորձի փոխանակման ու արտադրական պրոցեսում նոր մոտեցումներ ներդնելու համար։
Որակը՝ ամուր հիմք
«Բեկոն Պրոդուկտ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը GastroVino-ին պատմել է, որ ընկերության աշխատակիցները վերջերս հնարավորություն են ստացել աշխատել գերմանացի մասնագետի հետ։
Դավիթ Մարգարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արտերկրից հրավիրված մասնագետը դիտարկել է մեր ապրանքները, ստուգել որակի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, կիսվել գիտելիքներով։ Այսպիսի փորձի փոխանակումը մեզ օգնում է եվրոպական ստանդարտներ կիրառելով՝ ստեղծել նոր համեր ու պրոդուկտներ։ Եվրոպացիներն ավելի նուրբ համեր են սիրում՝ ի տարբերություն հայ սպառողի, բայց վստահ եմ, որ գերմանացի փորձագետի բերած նորարարության շնորհիվ կստանանք այնպիսի նոր համ եւ որակ, որը դուր կգա հայ սպառողին»,- նշել է նա։
Դավիթ Մարգարյանն ասել է, որ «Բեկոն Պրոդուկտ»-ի ամուր հիմքը 30 տարվա ընթացքում եղել եւ շարունակում է մնալ բարձր որակը, իսկ այն ավելի կատարելագործելուն նպաստում է նորարար լինելը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Որակը, որի հարցում երբեք չենք զիջում, «Բեկոն»-ի առանձնահատկությունն է, իսկ նորարար լինելը մեր կարեւոր արժեքներից է։ Մենք միշտ հետեւում ենք միջազգային շուկայում մսամթերքի ոլորտի զարգացումներին ու փորձում նորարարությունները բերել Հայաստան։ «Բեկոնի» բացառիկ պրոդուկտներից է իսպանական-իտալական շարքը։ Հպարտորեն կարող եմ ասել, որ Հայաստանում առաջին ընկերությունն ենք եղել, որը կարողացել է այդ որակի ու համի արտադրանք ստեղծել ու հանձնել սպառողներին։ Նույնը կարող եմ ասել գերմանական շարքի մասին, որը ներկայացնում է գերմանական խոհանոցին բնորոշ մսամթերք»,- ասել է ընկերության տնօրենը։
Հայ-գերմանական համատեղ աշխատանքը
Հայ-գերմանական փորձի փոխանակումից նաեւ գերմանացի փորձագետ Վոլֆգանգ Հերբերտ է գոհ։ Նա նշել է, որ աշխատանքի բերումով տարբեր երկրների մսամթերք արտադրող գործարաններում է եղել եւ տպավորությունները, երբեմն, այնքան էլ դրական չեն եղել, իսկ «Բեկոն Պրոդուկտ»-ը նրան շատ է զարմացրել։ Փորձագետին դուր է եկել արտադրանքը, գործարանի համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին ու արտադրության մեջ օգտագործվող տեխնիկան, որոնց թվում գերմանական հայտնի սարքավորումներ կան։
Վոլֆգանգ Հերբերտը «Բեկոն»-ի արտադրամասում | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Իմ առաջադրանքն էր ծանոթանալ օգտագործվող հումքին, բաղադրիչներին ու արտադրության բնագավառում բացահայտել խնդիրները։ Գործարանի տեխնոլոգների հետ համագործակցել ու փորձել ենք հասկանալ, թե որ մսամթերքի դեպքում ինչ փոփոխություններ կարելի է անել։ Քայլ առ քայլ փորձել ենք վերացնել նկատված խնդիրները»,- ասել է նա։
Գերմանացի մասնագետն ասել է, որ պրոդուկտների վիզուալ փոփոխություններ եւս արել են՝ դրանք ավելի ներկայանալի դարձնելու համար եւ աշխատել մսամթերքի նոր տեսակների ստեղծման ուղղությամբ, որոնք հայկական շուկայում դեռեւս չկան։
Վոլֆգանգ Հերբերտը «Բեկոն»-ի արտադրամասում | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Դրանք ժամանակակից ու համային առումով նոր տեսակներ են։ Մարքեթինգի պահանջն է, որ արտադրողը ժամանակակից հայացքով նայի դեպի ապագան։ Պետք է միշտ ջանք գործադրել եւ սպառողներին նոր պրոդուկտներ առաջարկել։ Մարդիկ ճանապարհորդում են աշխարհով մեկ, փնտրում համային նոր երանգներ։ Հայաստանում կարող են երջանիկ լինել, որ «Բեկոնի» շնորհիվ ստանում են բավականին բարձրորակ պրոդուկտ։ Այս կամ այն մսամթերքը միշտ էլ հնարավոր է համային առումով լավացնել, բայց փոփոխությունները պետք է զգուշորեն անել, հակառակ դեպքում արագ փոփոխությունը սպառողին կշփոթեցնի»,- ասել է գերմանացի փորձագետը, ով Հայաստան է ժամանել Senior Expert Service (SES) ավագ փորձագետների ծրագրով։
Գերմանական փորձը Հայաստանում
SES ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Գերմանական տնտեսական միավորումն» է, որի միջնորդությամբ գերմանացի մասնագետներն այցելում են Հայաստան ու այստեղ ներդնում իրենց փորձը։
««Գերմանական տնտեսական միավորման» անդամ ընկերությունները, որոնցից մեկն էլ «Բեկոն Պրոդուկտն» է, առաջինն են կարողանում օգտվել այս ծրագրից, սակայն այն բաց է նաեւ Հայաստանում գործող մյուս բիզնեսների համար։ Անկախ արտադրության, գործունեության տեսակից՝ Հայաստանում գործող բոլոր ընկերությունները կարող են դիմել մեզ՝ միջնորդություն ստանալու SES ծրագրով իրենց ընկերության համար գերմանացի փորձագետ հրավիրելու, բիզնեսում եղած խնդիրները բացահայտելու եւ հարթելու համար»,- ասել է Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։
Մերի Նավասարդյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա նշել է, որ ընկերությունները, որոնք ցանկանում են հրավիրել գերմանացի փորձագետ, դիմում են «Գերմանական տնտեսական միավորում»՝ նշելով իրենց պահանջները, միավորումն էլ ձեւակերպած հայցադիմումն ուղարկում է Գերմանիայի Բոնն քաղաքում գտնվող SES ընկերություն:
««SES-ը իր 13.000-անոց փորձագետների բազայից առաջարկում է համապատասխան մասնագետի թեկնածություն: Հայտ ներկայացրած ընկերության կողմից փորձագետի թեկնածությունը դիտարկելուց և ընդունելուց հետո մեր միջնորդությամբ դրան հաջորդում են օնլայն հանդիպումներ փորձագետի եւ դիմող ընկերության միջեւ ու երբ հասկանում են, որ մասնագետի փորձը համապատասխանում է իրենց կարիքներին, նա երեք շաբաթով այցելում է տվյալ գործարան եւ իր գիտելիքն ու փորձն անվճար փոխանցում: Հրավիրող ընկերությունը չի վճարում գերմանացի փորձագետին, միայն հոգում է նրա կացության եւ տեղափոխման ծախսերը։ Սա գիտելիքի ու փորձի փոխանակման լավ հնարավորություն է, որը հայկական ընկերություններին ու կազմակերպություններին թույլ կտա հավելյալ արժեք ստեղծել»,- ասել է Մերի Նավասարդյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գերմանացի փորձագետն առաջին փուլով ավարտել է «Բեկոն Պրոդուկտի» հետ աշխատանքը, բայց կարիքի դեպքում կարող է նաեւ օնլայն պատասխանել ընկերության հարցերին, ցանկության դեպքում ապագայում եւս փորձագետին հնարավոր է կրկին հրավիրել Հայաստան։
«Բեկոն»-ն ընդլայնվում է
«Բեկոն Պրոդուկտն» այժմ ամփոփում է գերմանացի փորձագետի այցն ու փորձում արտադրության մեջ կիրառել նրա խորհուրդները։ Այստեղ ոչ միայն պատրաստվում են մսամթերքի տեսականին ընդլայնել, այլ՝ ֆիրմային խանութները՝ սպառողներին ավելի մոտ լինելու համար։
Դավիթ Մարգարյանը | Լուսանկարը՝ Բեկոն Պրոդուկտ
«Աշխատելու ենք որակի բարելավման մասով եւ ներկայանալու ենք նորություններով, որպեսզի մեր սպառողը համտեսի այնպիսի պրոդուկտներ, որը կարող է, օրինակ, փորձել եվրոպական երկրներում։ Փորձում ենք ընդլայնել մսամթերքի ավանդական ու էքսկլյուզիվ տեսականին։ Մեր տեխնոլոգների ստեղծարար աշխատանքի շնորհիվ սպառողը կարող է համտեսել յուրահատուկ համեր»,- ասել է «Բեկոն Պրոդուկտ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը։
Նա նշել է՝ «Բեկոն Պրոդուկտ»-ը Հայաստանում մսամթերք արտադրող միակ ընկերությունն է, որտեղ ներդրված է ISO 22000 ստանդարտ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեզ մոտ մշտապես ստուգվում են գործիքակազմը, աշխատակիցները, հումքը, պատրաստման պայմանները՝ վստահ լինելու, որ պայմանները բավարար են միջազգային ստանդարտներին համապատասխան մսամթերք արտադրելու համար։ Սանիտարահիգիենիկ պայմաններին հետեւում է մեր առանձնացված որակի բաժինը, որն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ապրանքները։ Մեզ համար ոչ միայն որակյալ մսամթերք արտադրելն է կարեւոր, այլ՝ ամբողջական շղթան՝ արտադրությունից մինչեւ թարմ եւ անվտանգ վիճակում սպառողին հասնելը»,- ասել է «Բեկոն Պրոդուկտ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: