TripAdvisor կայքը շատ ճանապարհորդների եւ գուրմանների վստահելի ուղեցույցն է՝ բացահայտելու աշխարհի խոհարարական լավագույն վայրերը: Մեկ միլիարդից ավելի կարծիք, ամսական 730 միլիոն այցելություն, 90% ազդեցություն այցելուների որոշումների կայացմանը, հավելվածի 450 միլիոն+ ներբեռնում․
TripAdvisor-ն անվիճարկելի հեղինակություն է, եւ այստեղ աշխարհի զբոսաշրջային ամենահայտնի կետերը մշտապես պայքարում են բարձր վարկանիշի եւ հորիզոնականների համար։ Ընդունված է ասել, որ TripAdvisor-ում ներկայացված է իրական եւ ապացուցված ճշմարտությունը։
Վստահելով կարծիքների վրա հիմնված ճշմարտությանը՝ այս անգամ ներկայացնում ենք Երեւանի լավագույն ռեստորանները, որոնք ամիսներ շարունակ չեն զիջում իրենց դիրքերը՝ արժանանալով հյուրերի բացարձակ գնահատականներին։
Casa Nostra՝ Երեւանի իտալական տունը, որտեղ զարմանում են անգամ իտալացիները
Երեւանի ամենակենտրոնական փողոցներից մեկում՝ Փավստոս Բուզանդ 91 հասցեում է գտնվում Casa Nostra ռեստորանը։ Այն իտալական իրական համերի մի լուսավոր անկյուն է՝ պաստաներից մինչեւ ռիզոտտոներ, պիցցաներ, ապուրներ ու աղցաններ, բարձրակարգ գինիներ, կատարյալ սպասարկում եւ ջերմ միջավայր․ պատահական չէ, որ TripAdvisor-ում Casa Nostra-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը քաղաքի 1205 ռեստորանների շարքում։
Ֆրանսիացի Միշելը գրում է՝ Casa Nostra-ում գտել է ֆանտաստիկ մթնոլորտ, գերազանց սպասարկում եւ բարձրակարգ սնունդ: Նա այստեղ վայելել է ֆիլե ռոսսինի տրյուֆելի սոուսով, սնկով եւ թարմ տրյուֆելով պիցցա եւ այլ յուրահատուկ ուտեստներ։ «Սպասարկումը մանրակրկիտ է եւ գերուշադիր, ինչպես Միշլեն աստղ ունեցող ռեստորաններում։ Ինտերիեր դիզայնը յուրահատուկ է, եւ մենք սիրեցինք այն»:
Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ Կլաուդիան նշում է, որ Casa Nostra-ում ֆանտաստիկ ճաշ է ունեցել։ Ընդգծում է՝ ուտեստները հիասքանչ էին, մասնավորապես՝ ցլի պոչերի ռագույով ռավիոլին։ «Միանշնական խորհուրդ եմ տալիս այս վայրը նրանց, ովքեր փնտրում են համեղ ուտեստներ եւ բարձրորակ սպասարկում։ Մենք անպայման կվերադառնանք»։
Ռուսաստանից ժամանած Վալերիան իր ծննդյան օրն է նշել Casa Nostra-ում եւ տպավորված է լազանիայով, պիցցաներով, կարպաչոյով եւ իհարկե, տնական լիմոնչելոյով։ «Առաջին անգամը չէ, որ այցելում ենք այս ռեստորան, եւ ամեն անգամ աշխատակիցներն ավելի ու ավելի հոգատար են»։
Սիզընս ռեստորան՝ քաղաքի համեղագույն եղանակները
Երեւանի թոփ 5 ռեստորանների լավագույն եռյակում է Սիզընս ռեստորանը։ Հյուրերն ասում են՝ սա մարդկային զգայարանների տոն-ռեստորան է։ Յուրաքանչյուր զգայարան Սիզընսում ապրում է իր յուրահատուկ փորձառությունը նրբագեղ ինտերիերի, կենդանի ռիթմիկ երաժշտության, բազմատեսակ մենյուի եւ երեւանյան ամենահարուստ բարերից մեկի հետ։
Ծովամթերքից մինչեւ սթեյք, յուրահատուկ խրթխրթան սմբուկից մինչեւ ավելուկով ապուր․ հյուրերին հատկապես գրավում է լայն ընտրության հնարավորությունը:
Նրանք ռեստորանը համարում են կատարյալ վայր օրվա յուրաքանչյուր պահի եւ ցանկացած առիթի համար՝ բնութագրելով հարմարավետ, ոճային, էլեգանտ եւ սիրառատ։
Ռեստորանի անմիջապես հարեւանությամբ Սիզընս Սվիթլենդն է, Սիզընս Ջելատերիան, պարկն ու սրճարանը։ Ամբողջական կոնցեպտ, որ առաջարկում է համերի ու ժամանցի ճամփորդության բոլոր կայարանները։
Շերեփ ռեստորան՝ այստեղ ամեն պատառը ստեղծում է հիշողություն
Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Երեւանի սրտում է գտնվում Շերեփ ռեստորանը, որը Հայաստանի խոհարարական հեղափոխության առաջին ռեստորաններից մեկն է։ Քաղաքի առաջին բաց խոհանոցում շեշտադրվում են ոչ թե ուտեստների ու համերի ազգային պատկանելիությունները, այլեւ յուրահատուկ ձեռագիրն ու մոտեցումները, համի կատարելությունը։ Ռեստորոնում ջերմ, հարմարավետ ու հյուրընկալ միջավայր է:
TripAdvisor-ում իսպանացի Միրոսն Հայաստան իր առաջին այցի ամենասիրելի բացահայտումներից մեկն է համարում Շերեփը։ «Հիասքանչ Հայաստան, հիանալի մարդիկ եւ համեղ Շերեփ ռեստորան։ Մենյուն ընթերցել պետք չէ, կարիք չկա մտածել, թե ինչ ընտրել։ Այստեղ քեզ կօգնեն գտնել այն ամենը, ինչը կշոյի քո քիմքը ամենակատարյալ ձեւով, այնպես, ինչպես երբեւէ։ Շնորհակալություն սպասարկման համար, շնորհակալություն ուտեստների համար»։
Զբոսաշրջիկ Միրոսի պես այս ռեստորանի մասին կարծիքներ են գրել 3700-ից ավելի հյուրեր։ Նրանք Հայաստանից իրենց հետ տարել են հիշողություններ եւ մի շերեփ սեր։
Պանդոկ Երեւան ռեստորանների ցանց եւ Պանդոկ Երեւան Գետափին՝ հայկական ազգային խոհանոցի հայաստանյան այցեքարտերը
Շուրջ 20 տարի գործող Պանդոկ Երեւան ցանցի ռեստորանները TripAdvisor-ի թոփ 5-ում մշտապես ունեն իրենց հաստատուն երկու հորիզոնականները։ Ցանցի ռեստորանում հնարավոր է ճաշակել Հայաստանի իրական էությունը, ազգային երգն ու պարը, ավանդական ուտեստներն ու զգալ դարերի պատմությունը համերի միջոցով։ Պանդոկ Երեւանը պարզապես ազգային խոհանոց չէ, այն խոհանոցային թանգարան է, որտեղ քաղաքի հյուրերը հաղորդակից են դառնում մեր ժողովրդի բազմադարյա խոհանոցին, մշակույթին, սովորություններին։
Ցանցի ռեստորանները տեղակայված են քաղաքի սրտում՝ Ամիրյան, Տերյան, Խորենացի եւ Պարոնյան փողոցներում։
Պանդոկ Երեւան Գետափին ռեստորանը քաղաքի կանաչ սրտում է՝ Հրազդան գետի ափին, որտեղ քաղաքային աղմուկը խլանում է բնության ձայներով եւ գեղեցկությամբ։
Այստեղ նաեւ, այցելուները հնարավորություն ունեն մասնակցելու բացառիկ գաստրոտուրի, պատրաստել հայկական ուտեստներն իրենց ձեռքերով եւ վայելել հայկական խոհանոցի հետ իրենց ճամփորդությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: