×

Լեգենդար «Կոզիրյոկ»-ի տարածքում գործում է 33Pizzas պիցցերիան

Հունվարի 9-ի երեկոյան GastroVino-ի թղթակիցը նկատել էր, որ Օպերայի հարեւանությամբ գտվող լեգենդար «Կոզիրյոկ» սրճարանի պատին փակցված է 33Pizzas ցուցանակը, իսկ սրճարանի ներսի մասը ձեւավորված է պիցցերիայի ֆիրմային ոճով:

Լուսանկարը՝ 33Pizzas


«Կոզիրյոկ» սրճարանը խորհրդային շրջանի Երեւանի խորհրդանիշներից մեկն է համարվում: Տասնամյակներ շարունակ այստեղ հավաքվել են արվեստագետներ եւ պարզապես երեւանցիներ՝ մեկ գավաթ սուրճ կամ շամպայն ըմպելու եւ շփվելու համար:


Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծի «Կոզիրյոկ»` կենդանի պատմություն ծավալուն նյութը.

https://mediamax.am/am/specialprojects/yerevan-XX-century/5384


GastroVino-ն այսօր կապ է հաստատել 33Pizzas պիցցերիաների ցանցի տնօրեն Հովսեփ Մնացականյանի հետ: Նա հաստատել է, որ 33Pizzas-ը 15 օր առաջ Թումանյան 38 հասցեից տեղափոխվել է Մաշտոց 37/7 հասցե՝ «Կոզիրյոկ» սրճարան:

Լուսանկարը՝ Yerevan.ru


Նա ասել է, որ «սրճարանի այն հատվածում, որտեղ որ այժմ գտնվում է 33Pizzas-ը (ներսի հատվածը-խմբ.), երբեք սրճարանի այցելուներ չեն սպասարկվել»:

«Այդ հատվածը հիմա մենք վերանորոգել ենք եւ այդտեղ սպասարկում ենք 33Pizzas-ի հյուրերին: «Կոզիրյոկ» սրճարանը շարունակելու է գործել այնպես, ինչպես նախկինում՝ 1957 թվականից սկսած: Միակ խնդիրն այն է, որ մեզ թույլ չտվեցին պահպանել ե՛ւ «Կոզիրյոկ», ե՛ւ 33Pizzas անուններով ցուցանակները:

Լուսանկարը՝ 33Pizzas


Լավ գիտակցում ենք սրճարանի տարածքի նշանակությունն ու անվան լեգենդարությունը՝ մի քանի անգամ դիմել ենք «Կենտրոն» թաղապետարան՝ «Կոզիրյոկ» անունը հետ բերելու թույլտվություն ստանալու համար: Պատասխանում են, որ իրար կողք երկու գովազդ չի կարող լինել: Ամեն դեպքում ամեն ինչ անելու ենք, որ սրճարանի անունը հետ բերենք:

Լուսանկարը՝ 33Pizzas


Օրական մի քանի խումբ զբոսաշրջիկներ են բերում սրճարանի տարածք, ցույց տալիս շենքը, պատմում սրճարանի մասին, բայց «Կոզիրյոկ» գրությունը չեն գտնում, ինչը լավ չէ:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի արխիվից


Տարածքն, իհարկե, մեզ պարտավորեցնում է եւ ամեն ինչ անելու ենք, որ «Կոզիրյոկի» ավանդույթները շարունակվեն: Բոլորս էլ գիտենք, որ սրճարանը շատերի համար է եղել «Հռիփսիկ տատիի մոտ»՝ իր հայտնի սուրճով ու «մառոժնիով»: Նույն պատուհանից, որտեղից Հռիփսիկ տատին սուրճ է տվել, մենք էլ ենք սուրճ պատրաստում, անգամ մատուցվող պաղպաղակի ամանների տեսքն ենք նույնը պահելու», - ասել է Հովսեփ Մնացականյանը:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին