Մեքսիկական իրական համերը Հայաստանում ներկայացնելու համար շուրջ 5 տարի առաջ Կասկադում բացվեց Los Pueblos ռեստորանը, դրանից երեք տարի անց ռեստորանի հիմնադիրներ Արփինե Զուրֆլուհն եւ Էդմոնդ Կիրակոսյանը ստեղծեցին իրենց երկրորդ նախագիծը՝ Las Culturas-ը։
Գործընկերները վերջերս որոշել են Las culturas-ի տարածքում տեղակայել երկրորդ Los Pueblos ռեստորանը։ Արփինե Զուրֆլուհն եւ Էդմոնդ Կիրակոսյանը GastroVino-ին պատմել են Ամիրյան 4-ում մեքսիկական ռեստորան ունենալու պատճառների, երկու ճաշացանկի եւ հարուստ բարի մասին։
Այցելուների ցանկությանն ընդառաջ
Էդմոնդ Կիրակոսյան․ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Ամիրյան 4 հասցեում բացվեց լատինամերիկյան խոհանոցը ներկայացնող Las culturas ռեստորանը, որն իր գործունեության երկու տարիների ընթացքում մեր հյուրերի կողմից ընկալվում էր որպես մեքսիկական ռեստորան։ Բոլոր այցելուներն այստեղ անընդհատ փնտրում էին մեքսիկական ուտեստներ, անգամ սոցցանցերում նշում էին, որ գտնվում են մեքսիկական ռեստորանում։ Երկու տարի մեծ աշխատանք արեցինք կոտրելու այն տպավորությունը, որ Las culturas-ը միայն մեքսիկական ռեստորան է, ամեն կերպ փորձեցինք ցույց տալ, որ այն ներկայացնում է Արգենտինայի, Բրազիլիայի, Պերույի եւ մի փոքր մասով էլ՝ Մեքսիկայի խոհանոցը։
Էդմոնդ Կիրակոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերջին շրջանում իմ գործընկեր Արփինեի հետ մի զրույցի ժամանակ հասկացանք, որ երբ տեւական ժամանակ մարդիկ շարունակում են ռեստորանը համարել մեքսիկական, ուրեմն պետք է դադարեցնել պայքարը եւ նույն հասցեում ունենալ իսկապես մեքսիկական ռեստորան։ Այսպես, Las culturas-ի տեղում հայտնվեց երկրորդ Los Pueblos մեքսիկական ռեստորանը։ Առաջինը Կասկադում է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արտաքին եւ ներքին դիզայնի, ճաշացանկի եւ մյուս փոփոխությունները բավական արագ արեցինք եւ հիմա Ամիրյան 4 հասցեում լիարժեք գործում է մեքսիկական ռեստորան։ Մենյուն այստեղ նույնն է, ինչ Կասկադի Los Pueblos ռեստորանում։ Ամիրյանի հյուրերը, երբ իմացան փոփոխությունների մասին, խնդրեցին ճաշացանկում պահել իրենց սիրելի ուտեստները։ Մենք էլ որոշեցինք թողել մենյուն եւ հասկանալ, թե որ ուտեստը որքանով է պահանջված։
Լուսանկարը՝ Los Pueblos
Երկրորդ մենյուի տեսքով պահել ենք սթեյքերը, ծովամթերքներն ու Las culturas-ի մյուս սիրելի ճաշատեսակները։
Բնիկ մեքսիկական համեր
Արփինե Զուրֆլուհ․ Մեզ համար ամենակարեւորը ուտեստների, սպասարկման որակը պահելն է։ Մենք համարում ենք, որ միեւնույն ուտեստի համն ամեն օր պետք է նույնը լինի, երբեւէ մի բաղադրիչը մեկ այլով չենք փոխարինում։ Կարեւոր է, որ ռեստորանում ժամանակի ընթացքում չփոփոխվի արդեն իսկ սիրված եւ ընդունված ուտեստների համը։
Արփինե Զուրֆլուհը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
2018 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ բացեցինք Կասկադի Los Pueblos-ը, Հայաստանում քիչ իրական մեքսիկական խոհանոցով ռեստորաններ կային։ Այդ օրվանից սկսած բոլոր նրանք, ովքեր լավ ծանոթ են մեքսիկական ուտեստներին, դարձան մեր մշտական հյուրերը։ Մեզ հաջողվել է լինել իրական մեքսիկական ռեստորան, քանի որ բանջարեղենն ու մսամթերքը գնում ենք տեղականը, իսկ այն ամենը, ինչի շնորհիվ ստեղծվում են մեքսիկական համերը, ներմուծում։ Օրեգանո, քիմիոն, 11-տեսակից ավելի չորացրած պղպեղ ու այլ համեմունքներ, որոնք օգտագործվում են տարբեր սոուսների պատրաստման համար, ներմուծում ենք այն վայրերից, որտեղ դրանք աճում են եւ ամեն ինչ ստեղծում զրոյից։ Ներմուծում ենք նաեւ եգիպտացորենի ալյուր եւ պատրաստում տորտիլյաներ, չիպսեր։
Լուսանկարը՝ Los Pueblos
Մեքսիկական խոհանոցին ծանոթ մարդիկ մեզ այցելելուց հետո զարմանում են՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանում ունենալ բնիկ մեքսիկական համեր։ Գոյության 5 տարիներից 4 տարին անընդմեջ (2020-2023թթ․) Los Pueblos-ն արժանացել է TripAdvisor-ի Travelers Choice մրցանակի։ Սա նշանակում է, որ այն աշխարհի լավագույն 10% ռեստորանների մեջ է հայտնվել։ Սա բավական մեծ նվաճում է, ճանաչելիություն ճամփորդողների շրջանում։ Los Pueblos-ի մասին իմանալուց հետո մեզ այցելելու համար Հայաստան են եկել մեքսիկացիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ հետո կիսվել իրենց դրական կարծիքներով, այդպիսի մարդկանց շնորհիվ մեր ուտեստների մասին լեգենդներ են գրվել։
Հաճույք՝ ամեն պատառից
Արփինե Զուրֆլուհ․ Մեր ռեստորանի մեքսիկական խոհանոցի հիմնադիրը ես եմ։ 5 տարի առաջ, երբ հասկացանք, որ շուկայում իրական մեքսիկական ռեստորան չկա եւ որոշեցինք ինքներս ստեղծել, մեկնեցի ԱՄՆ՝ վերապատրաստման։ Խոհարար չեմ, գործարար եմ, բայց համի եւ հոտի նուրբ զգայունություն ունեմ, այն ինձ թույլ է տալիս համը հիշողությանս մեջ գրել եւ տարբեր բաղադրիչներով կրկնել։ Մեքսիկական իրական համերը հասկանալու համար մեկնեցի Սան Ֆրանցիսկոյին կից Բերքլի քաղաք, որտեղ այն ժամանակ արդեն 35 տարի լավագույն մեքսիկական ռեստորաններից մեկն էր գործում։ 4 ամիս սովորելուց, մեքսիկական խոհանոցն ուսումնասիրելուց հետո Հայաստան վերադարձա բնիկ մեքսիկական բաղադրատոմսերով, մեքսիկական խոհանոցում օգտագործվող հումքի մատակարարների մեծ ցանկով։ Վերադարձից հետո գործընկերոջս հետ գտանք տարածք, հավաքեցինք տեղացի խոհարարների թիմ, միասին սովորեցինք, պատրաստեցինք, համտեսեցինք եւ երկու ամիս հետո ռեստորանի դռները բացեցինք հյուրերի համար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերջերս կազմում էինք մեր այցելուների ամենասիրելի ուտեստները եւ հասկացանք՝ այն շատ լայն է։ Մեքսիկական խոհանոցին անծանոթ մարդիկ մեզ մոտ կարող են ծանոթանալ այդ ուտեստներին ու չձանձրանալ։ Մեր խոհանոցը ներկայանում է տակոների, ֆահիտաների բազում տեսակներով, քեսադիլիաաներով, գուակամոլեով, որը մեքսիկական խոհանոցի թագուհին է։ Այն պատրաստում ենք ավոկադոյով, հենց հյուրի աչքի առաջ։ Ունենք կծու ribs (խոզի մատեր), որոնք ուտելիս հալվում են բերանում։
Լուսանկարը՝ Los Pueblos
Ավանդական ուտեստներից մեր այցելուները կարող են համտեսել «Չիլի կոնկարնեն», «Չիլի ռեյենոն», որը պանրով լցոնված պղպեղ է, «Չիլի վերդեն», որը կանաչ «Հավաներո» սոուսի մեջ պատրաստված խոզի միս է։ Հյուրերի ամենասիրելի ուտեստներից մեկը «Սուպեր քեսադիլիա հավովն» է, եթե հետեւեք այն վայելող այցելուներին, կտեսնեք, թե ամեն պատառից որքան մեծ հաճույք են զգում։
Լուսանկարը՝ Los Pueblos
Մեզ մոտ ընտրությունը մեծ է նաեւ բուսակերների համար, ինչը մեքսիկական խոհանոցի դեպքում Հայաստանում եզակի հնարավորություն է։ Կարող ենք պարծենալ, որ մեր խոհանոցում եւ բարում միայն մաքուր սնունդ է, հավելումներ չենք օգտագործում, ինքներս ենք պատրաստում, որպեսզի ամեն ինչ լինի բնական, մաքուր պրոդուկտից։
Մեքսիկական խմիչքների մեծ ցանկ՝ Los Pueblos-ում
Էդմոնդ Կիրակոսյան․ Կարելի է ասել՝ Հայաստանում ստեղծել ենք «Տեկիլա» եւ «Մեսկալ» խմելու մշակույթը։ Երբ 2018-ին բացեցինք Կասկադի Los Pueblos-ը, Հայաստանում քիչ մատակարարներ էին ներմուծում այդ խմիչքները։ Այստեղ «Տեկիլայի» մասին գիտեին, բայց «Մեսկալը» գրեթե հայտնի չէր։ Այն տիպիկ մեքսիկական ալկոհոլային խմիչք է։ Կարողացանք ներմուծել այդ խմիչքների տաբեր տեսակներ եւ ներկայացնել մեր հյուրերին։ Հիմա Los Pueblos-ի երկու ռեստորանում էլ ունենք լավագույն որակի ալկոհոլային խմիչքների բավականին մեծ ցանկ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր հարուստ բարերում այցելուները կարող են վայելել կոկտեյլների մեծ տեսականի, որոնց բաղադրիչները պատրաստվում են մեր լաբորատորիայում, եթե, օրինակ, կոկտեյլը մանգոյի համով է, ապա թարմ մանգոյից պատրաստում ենք խյուս կամ օշարակ։ Ունենք տարբեր բույսերի, մրգերի հրաշալի կոկտեյլներ, որոնք այս տարիների ընթացքում բավական շատ սիրվել են։
Լուսանկարը՝ Los Pueblos
Մեր բարը հայտնի է նաեւ «Մարգարիտաների» ամենալայն տեսականիով՝ «ֆրոզեն», «կլասիկ» եւ սիրված շատ այլ տեսակներ։ Մեր կոկտեյլներում օգտագործվում է ագավայի 100%-ոց տեկիլա:
Մեքսիկականը՝ ոչ միայն կծու
Արփինե Զուրֆլուհ․ Վերջին տարիներին մեքսիկական խոհանոցն ավելի պոպուլյար է դարձել, տարբեր ռեստորանների մենյուներում ներառված են ամենահայտնի ուտեստները, բայց այդպես էլ չի կոտրվում կարծրատիպը, թե մեքսիկական ուտեստները միայն կծու են լինում։ Մեր ճաշացանկում ուտեստների կողքին նշված են կծվության աստիճանները։ Յուրաքանչյուր այցելու կարող է նշել, թե ինչ աստիճանի կծվություն է նախընտրում։ Կա, իհարկե, մի քանի բացառություն․ որոշ ուտեստներ երկար մարինացվում են կծու սոուսի մեջ եւ այս դեպքում ընտրելու հնարավորություն չկա, բայց հիմնական ուտեստները կարելի է ընտրել։ Մեր ռեստորանում ուտեստների ընտրությունը լայն է ինչպես կծու սիրողների, այնպես էլ չսիրողների համար։
Լուսանկարը՝ Los Pueblos
Էդմոնդ Կիրակոսյան․ Կարծրատիպը, որ մեքսիկական սնունդն անպայման պետք է կծու լինի, հավանաբար, գալիս է այն հանգամանքից, որ մեքսիկական պղպեղների թվում շատ են կծու տեսակները։ Մենք ունենք պղպեղների լայն տեսականի ու եթե անգամ հյուրը պնդում է, որ ուտեստը պատրաստենք ամենակծու պղպեղով, փորձում ենք պակաս կծու պատրաստել, որովհետեւ հյուրը կարող է չիմանալ եւ չպատկերացնել բոլոր պղպեղների կծվության աստիճանը։ Մեր ռեստորանում կա աշխարհի ամենակծու պղպեղներից մեկը` «Կարոլինա Ռիպերը», մարդիկ չեն փորձել եւ չգիտեն դրա համը, չեն էլ պատկերացնում, որ դրանով պատրաստած սնունդ ուտելուց հետո ինքնազգացողությունը կարող է վատանալ, դրա համար էլ փորձում ենք «կաթիլ-կաթիլ» ավելացնել կծվությունը։
Los Pueblos՝ ըստ նախընտրության
Արփինե Զուրֆլուհ․ Այն մարդիկ, որոնք սիրում են միջոցառումներ, ուզում են ավելի ուրախ անցկացնել երեկոները, կարող են այցելել Ամիրյանի Los Pueblos, այստեղ հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին ունենք լատինական, կուբական եւ մեքսիկական պարային համարներ։ Այստեղ միաժամանակ կարող են օգտվել եւ Los Pueblos-ի, եւ Las culturas-ի ճաշացանկից, իսկ նրանք, ովքեր ուզում են ավելի հանգիստ միջավայրում, առանց մեծ աղմուկի վայելել մեքսիկական ուտեստներն ու խմիչքները, կարող են այցելել Կասկադի մասնաճյուղ։
Լուսանկարը՝ Los Pueblos
Ամեն դեպքում, երկուսում էլ մեր հյուրերը հենց մուտքից կզգան մեքսիկական միջավայրը, այդ երկրի մշակույթը։ Երաժշտությունը, մթնոլորտը, աշխատակիցների հագուստը, մոտեցումը լիովին փոխանցում են մեքսիկական տրամադրությունը, նպաստում մեքսիկական համերն ավելի լավ հասկանալուն եւ վայելելուն։
Էդմոնդ Կիրակոսյան․ Հաջորդ տարվա սկզբին պատրաստվում ենք ռեստորանների մենյուներում ավելացումներ, թարմացումներ անել, բայց դեռ չենք բացահայտում, թե ինչ տեսակի, ուզում ենք՝ հյուրերի համար անակնկալ մնան։ Թող գան, համտեսեն ու իրենց գնահատականը տան։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մինչ այդ, քանի որ առաջիկայում կորպորատիվ միջոցառումների շրջան է, առաջարկում ենք Los Pueblos-ը դիտարկել նաեւ մեքսիկական կորպորատիվ երեկոների համար, որոնց ընթացքում կկարողանան վայելել համեղ ուտեստներ եւ հրաշալի շոու ծրագիր։ Los Pueblos-ի Ամիրյանի ռեստորանը գրեթե երեք անգամ գերազանցում է Կասկադի ռեստորանի տարածքը եւ թույլ տալիս ավելի մեծ թվով հյուրեր ընդունել։ Եթե նստելու են հյուրերը, ապա կարող ենք ընդունել մոտ 150, իսկ ֆուրշետային տարբերակով՝ մենք ունեցել ենք 250 հոգանոց միջոցառում։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Los Pueblos-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: