WiFi մարքեթինգն այսօր լայնորեն կիրառվում է բազմաթիվ ոլորտներում: Թվային մարքեթինգի այս գործիքը ժամանակի ընթացքում ապացուցում է արդյունավետությունն ու պարտադիր դառնում կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են մշտական կապի մեջ լինել իրենց լսարանի հետ:
Հայկական Wimedia ընկերությունը ստեղծել է WiFi մարքեթինգային հարթակ՝ հատուկ HoReCa ոլորտի կազմակերպությունների՝ սրճարանների, ռեստորանների, հյուրանոցների համար: Հարթակի միջոցով հնարավոր է ոչ միայն գովազդ ցուցադրել, այլեւ՝ անցկացնել հարցումներ, հավաքագրել այցելուների տվյալներն ու հստակ հասկանալ՝ ինչն է դուր եկել հաճախորդին, ինչը՝ ոչ այնքան: Wimedia-ի այս հարթակն արդեն օգտագործում է ոլորտի 150 ընկերություն:
«Ամենահաճախորդամետ» ոլորտը
HoReCa ոլորտի կենտրոնում, անկասկած, հաճախորդն է: Եթե դուք չգիտեք՝ ով է նա, ինչ է սիրում ու ինչ է ուզում ստանալ՝ այցելելով ձեր սրճարան կամ հյուրանոց, դժվար թե, բիզնեսը հաջողի: Հաճախորդին ճանաչելու լավագույն տարբերակը նրան հարցեր տալն է, բայց համաձայնեք՝ բոլորը չէ, որ սրճարանում նստած առերես հարցումների կպատասխանեն: HoReCa ոլորտի համար Wimedia-ի մշակած գործիքն աշխատում է WiFi-ով:
Այսինքն, երբ հաճախորդը սրճարանում կամ հյուրանոցում միանում է տեղի WiFi-ին, տեսնում է գովազդ կամ մասնակցում է կարճ հարցման: Ցանկացած առաջարկվող հարցում հաճախորդից խլում է ոչ ավելին, քան մի քանի վայրկյան: Ինչից հետո, իհարկե, նա հնարավորություն է ստանում միանալ համացանցին:
Այսպիսով՝ ընկերությունները մշտապես կապի մեջ են լինում հաճախորդների հետ, լսում են նրանց եւ կատարելագործվում: Չ՞է որ կարեւոր է ոչ միայն սրճարանի այցելուների թիվը, այլեւ այն, թե նրանցից քանիսն է վերադարձել կամ խորհուրդ տվել այդ վայրն ընկերներին: Հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում «սարաֆանային ռադիոն» հիանալի է աշխատում, եւ եթե ժամանակին մեկ դժգոհ հաճախորդ եք ունեցել, WiMedia-ի հարթակը հնարավորություն է տալիս նույն պահին լսել նրան, իմանալ խնդրի մասին ու լուծել այն: Եթե մարդը մեկ անգամ օգտվել է ձեր ծառայություններից ու չի վերադարձել, կարեւոր է իմանալ՝ ինչու: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս տվյալների հիման վրա HoReCa ոլորտի կազմակերպությունները կարողանում են ավելացնել շահույթը 25-30 տոկոսով, իսկ հաճախորդների վերադարձելիության ցուցանիշը հասնում է 50 տոկոսի:
Տվյալները կարեւոր են
Հարցումներից բացի, Wimedia-ի մշակած հարթակը հնարավորություն է տալիս նաեւ հավաքագրել սրճարանի, ռեստորանի կամ հյուրանոցի այցելուների տվյալները՝ բացառապես նրանց համաձայնությամբ: Միանալով WiFi-ին՝ այցելուին առաջարկվում է թողնել էլեկտրոնային հասցե: Այսպես ձեւավորվում է հաճախորդների իրական տվյալների բազա, որը հետագայում հնարավոր է կիրառել մարքեթինգային տարբեր նպատակներով: Այսօր տվյալները կարեւորագույն գործիք են:
Իհարկե, Wimedia-ի հարթակում կարելի է տեղադրել նաեւ ընկերության բուն գովազդը, օրինակ՝ տեղեկացնել նոր ծառայության, նոր մասնաճյուղի բացման կամ մենյուում փոփոխությունների մասին:
Երեւանի «The Beatles» փաբում, օրինակ, այս գործիքը կիրառվում է արդեն վեց տարուց ավելի:
«WiMedia-ի WiFi հարթակի կիրառումից հետո ավտոմատացրել ենք մեր հաճախորդների կարծիքների հավաքագրումն, ինչն անմիջապես ազդել է սպասարկման որակի վերահսկման ու դրա կատարելագործման վրա: Միանալով WiFi-ին՝ հյուրերը կիսվում են կարծիքներով ու առաջարկներով: Սա մեզ օգնում է մոտ լինել հաճախորդներին, ուշադրություն դարձնել կարեւոր մանրուքների, որոնք առանց նրանց օգնության, գուցե, չնկատեինք», - նշում են փաբից:
«The Beatles» փաբում հարցումների մասնակիցների թիվը գնալով աճում է՝ հասնելով հյուրերի մոտ 85 տոկոսին: Աճում է նաեւ անձնական տվյալներ տրամադրող այցելուների թիվը: Այսպիսով, Wimedia-ի WiFi հարթակի միջոցով հաճախորդի եւ բիզնեսի միջեւ կապն էլ ավելի վստահելի է դառնում:
Wimedia-ի WiFi հարթակը՝ կապող կամուրջ հաճախորդի հետ
Տեխնիկական առումով ամեն ինչ շատ պարզ է եւ տեղի է ունենում առցանց: HoReCa ոլորտի ընկերությունները, միանալով հարթակին, հնարավորություն են ստանում ստեղծել հաշիվ եւ ինքնուրույն մշակել սեփական գովազդը: Դրա համար կան բոլոր անհրաժեշտ դիզայներական գործիքները: Իհարկե, հնարավորություն կա վերբեռնելու նաեւ արդեն պատրաստի գովազդը: Հաճախորդն ինքն է ընտրում իր գովազդի կամ հարցման ցուցադրման պայմանները, որոնք վերջին փուլում ստուգվում են WiMedia-ի մասնագետի կողմից ու հաստատվելուց հետո հասանելի դառնում այցելուին:
Այսպիսով, ձեր սրճարանի կամ հյուրանոցի տարածքում գործող WiFi-ը կապող կամուրջ է դառնում հաճախորդի հետ:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: