Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին տեղի կունենա «Գաթայի փառատոնը»։
Փառատոնն անցկացվում է 2014 թվականից սկսած։ Փառատոնն իրականացնում է «Արփա» բնապահպանական հիմնադրամը Արենիի համայնքապետարանի եւ Արենի փառատոն հիմնադրամի հետ համատեղ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Հ․Հովնանայան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Կազմակերպիչները GastroVino-ին հայտնել են, որ նախորդ տարիների համեմատ «Գաթայի փառատոնն» այս տարի ավելի ընդգրկուն կլինի ։ Մասնակիցները կհամտեսեն տարբեր միջուկներով գաթաներ, կկտրվի գյուղի կանանց պատրաստած 4 մետր տրամագիծ ունեցող գաթան, որի առաջին կտորներն ամեն տարի բաժանվում են տեղի զորամասի զինծառայողներին։
Լուսանկարը՝ Ա. Մուշեղյան
Փառատոնի խորհրդանիշ գաթան տարեցտարի մեծանում է։ 2017 թվականին այն գրանցվել է «Դյուցազնի ռեկորդների գրքում»՝ որպես ամենամեծ տրամագծով գաթա։
Խաչիկ գյուղի բնակիչները «Գաթայի փառատոնի» ընթացքում կներկայացնեն տեղի ավանդական կերակրատեսակները, իրենց մշակած բերքն ու ձեռագործ աշխատանքներ։ Փառատոնի մասնակիցները Խաչիկի բնակիչների տներում հնարավորություն կունենան թոնրի մեջ լավաշ թխել, գաթա, արիշտա պատրաստել, օղի թորել։
Լուսանկարը՝ Ա. Մուշեղյան
«Փառատոնի հիմնական նպատակը սահմանապահ բնակավայրում բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, տնտեսական ակտիվության ստեղծումը, ինչպես նաեւ զբոսաշրջության տեսանկյունից գյուղի ճանաչելիության բարձրացումը։ Խաչիկի՝ երեք կողմից սահմանամերձ լինելու փաստը չի խոչընդոտում մարդկային մեծ հոսքին, հյուրերի զգալի մասը զբոսաշրջիկ է, իսկ այցելուների թիվը գերազանցում է 5000-ը»,- հայտնել են փառատոնի կազմակերպիչները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: