6 գյուղ, 3 եկեղեցի ու Լոռվա անկրկնելի պատկերներ են երեւում «Ձորենի» նորաբաց ռեստորանից։ Աշխատակիցները սա համարում են իրենց ռեստորանի այցեքարտն ու յուրահատկությունը։
Լուսանկարը՝ «Ձորենի» ռեստորանի
«Ձորենի»-ին Դսեղ գյուղի 6-րդ փողոցում է՝փայտե տաղավարով ու դեպի ձոր նայող չքնաղ տեսարանով։ Ռեստորանը բացվել է 2023թ. մայիսին։ Հիմնադիրը դսեղեցի Արամ Թումանյանն է ու նրա ընկերը՝ շեֆ-խոհարար Ռուբեն Եղիազարյանը։
«Ռեստորան բացելու հիմնական մոտիվացիան եղել է Դսեղում տուրիզմը զարգացնելը, Դսեղը, Լոռին իր բնությամբ, հյուրընկալությամբ աշխարհին ճանաչելի դարձնելը։ Ճաշացանկում էլ ընդգրկել ենք ուտեստներ, որոնք բնորոշ են հենց Լոռիին։ Այցելուները սկզբում տեսարանից են տպավորվում, հետո՝ սննդից, ապա՝ սպասարկումից»,- ասում է ռեստորանի մենեջեր Նունե Շեկոյանը։
Լուսանկարը՝ «Ձորենի» ռեստորանի
Տաղավարից բացի հյուրերին առաջարկում են փոքրիկ սեղանիկներ՝ դեպի ձոր նայող տեսարանով, տրամադրում հեռադիտակ՝ միշտ զարմացնող Լոռվա բնությունը վայելելու համար։
«Ձորենի»-ի բոլոր աշխատակիցները Դսեղից են, խոհարարներն ու մատուցողները մինչեւ աշխատանքի անցնելը վերապատրաստվել են։
Արեգնազան Օսյանը բազմամյա փորձով խոհարար է, Ռուսաստանում է աշխատել։
Ասում է՝ բոլոր կերակրատեսակները մինչեւ հաճախորդներին մատուցելը նախ ներքին փորձարկում են անցնում։ Նեղ մասնագիտական հարցերով շեֆ խոհարար Ռուբեն Եղիազարյանին են դիմում։
Լուսանկարը՝ «Ձորենի» ռեստորանի
«Մեր ռեստորան եկողներին վստահաբար կառաջարկեմ ճաշացանկում նշված բոլոր ուտեստները, հաստատ գոհ կմնան։ Բայց որպես հետաքրքիր ճաշատեսակ՝ կառանձնացնեմ կավե ամանի մեջ պատրաստված կարտոֆիլը։ Այդ կավե ամանն ունի նույն բաղադրությունը, ինչ իսկական թոնիրը կամ փուռը։ Կարտոֆիլի հետ լցնում ենք տնական յուղ, հետո դնում ջեռոցը։ Կավը յուղը կլանում է ու հաջորդ անգամ եփելիս՝ յուղը նորից դուրս է տալիս։
Անպայման խորհուրդ կտամ փորձել Դեբեդի բեղլու։ Սա ոչ տարածված, մանր ձկնատեսակ է։ Մի առավելությունն այն է, որ ապրում է գետում, արհեստական բուծած չէ»,-ասում է տիկին Արեգնազանը։
Լուսանկարը՝ «Ձորենի» ռեստորանի
Ճաշացանկից նաեւ «Ձորենի» աղցանն են առանձնացնում։ Խոհարարական գաղտնիքը բացելով նշում են, որ հավով ու բանջարեղենով պատրաստված աղցանին յուրահատուկ համ տվողը ուրցի ու նանայի հյութն է։
«Շատ համեղ է նաեւ ֆետայով եւ խորոված ճակնդեղով աղցանը։ Մեր շեֆ-խոհարարի միտքն է։ Երբ անունը կարդացի, մտածեցի՝ ի՞նչ պետք է լինի։ Բայց պատրաստեցի, որ փորձենք։ Հա՛մ ուտում ենք, հա՛մ զարմացած իրար նայում, իսկապես շատ համեղ էր։ Ինձ համար գերադասելի է բոլոր տեսակի մսային աղցաններից»,- պատմում է խոհարարը։
Լուսանկարը՝ «Ձորենի» ռեստորանի
«Ձորենի»-ում օգտագործվող բոլոր մթերքները Լոռուց են, մեծ մասը՝ հենց Դսեղից։
Մենեջերն ասում է՝ թեեւ ռեստորանը գործում է դեռ երկու ամիս, բայց արդեն բավականին ճանաչելի է։ Եղել են հյուրեր, որ նորից են եկել կավի մեջ պատրաստված կարտոֆիլ ուտելու համար։
«Յուրաքանչյուրի կարծիքը մեզ համար կարեւոր է։ Կան հաճախորդներ, որ խորհուրդ են տալիս, թե այս կամ կան բանն ինչպես ավելի լավ կլիներ։ Այդ կարծիքների հիման վրա որոշ փոփոխություններ ենք արել։ Հաճախորդների կարծիքը, ուղղորդումները մեզ համար այս պահին դրական ուղեցույց են»,-ասում է Նունեն։
Լուսանկարը՝ «Ձորենի» ռեստորանի
«Ձորենի»-ն բաց է ամեն օր՝ առավոտյան 11-ից։ Խոհանոցը փակվում է երեկոյան 10-ին, բայց մինչեւ կեսգիշեր կարելի է մնալ եւ օգտվել խմիչքներից։ Այս պահին ռեստորանը դեռ սեզոնային է։ Կախված եղանակից՝ հավանաբար կգործի մինչեւ հոկտեմբեր։
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: