×

Արկադի Նովիկովը եւ Syrovarnya Yerevan-ի անձնակազմը

Syrovarnya-ի զարգացումը, Նովիկովի այցն ու նոր նախագծերը

Syrovarnya Yerevan-ը շուտով կտոնի բացման 2-ամյակը։ Ռեստորանն այս ընթացքում հասցրել է սիրվել իտալական ուտեստների, տեղում պատրաստվող թարմ պանիրների եւ յուրահատուկ հրուշակեղենի շնորհիվ։ Tripadvisor ճամփորդական կայքում էլ այն մշտապես հայտնվում է երեւանյան ռեստորանների առաջին հորիզոնականներում։

Syrovarnya ռեստորանը Երեւանում ներկայացնող «Պատրիարխ» ընկերության խմբի տնօրեն Լեւոն Տեր-Հովհաննիսյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է ռեստորանում չդադարող փոփոխությունների, կարեւոր ձեռքբերման եւ Արկադի Նովիկովի այցի մասին։

Syrovarnya-ի փոփոխությունները

Syrovarnya-ն Novikov Group-ի ռեստորաններից է, ֆրանչայզ է եւ ունի իր կանոնները, բայց բացման օրվանից սկսած բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել, որոնք վերաբերել են սպասարկմանը, խոհանոցին։ Իտալական ուղղվածություն ունեցող ռեստորանն այս ընթացքում փորձել ենք ավելի հարմարացնել, համապատասխանեցնել հայ հյուրերին, ճաշատեսակները դարձնել հայերի քիմքին ավելի մոտ։

Լեւոն Տեր-Հովհաննիսյանը


Մեզ մոտ կարեւոր ու հաճելի մի փոփոխություն կապված է հայկական գինիների հետ։ Syrovarnya-ի ճաշացանկում հենց սկզբից բացակայել են հայկական գինիները։ Աշխարհում կա մոտ 30 Syrovarnya ռեստորան եւ դրանք բոլորն ունեն ալկոհոլային խմիչքի հաստատված ցանկ։ Մեծ հաջողություն է, որ Syrovarnya Yerevan-ում այլեւս հնարավորություն ունենք մատուցել հայկական գինիներ։


Մեր բոլոր առաջարկները քննարկում եւ իրականացնում ենք ռուս գործընկերների հետ համատեղ, բայց ռեստորանային մեծ ցանցի պարագայում ցանկացած փոփոխություն ժամանակատար եւ խնդրահարույց է։ Նման դեպքերում անհատական մոտեցումները բարդ են հաստատվում, բայց ինչպես հայկական գինիների պարագայում երեւաց, հնարավոր են։ Սա այս ժամանակահատվածի լավագույն ձեռքբերումներից է։


Մյուս ձեռքբերումը կամ նորամուծությունը մեր առաքման ծառայությունն է, որը գործում է արդեն մի քանի ամիս։ Նախկինում Syrovarnya Yerevan-ի ուտեստները հնարավոր էր վայելել միայն ռեստորանում, իսկ այժմ հնարավորություն կա նաեւ օնլայն պատվիրել։ Փորձը ցույց տվեց, որ մեր խոհանոցի սիրահարների համար այս տարբերակը ակտուալ եւ պահանջված է։

Նովիկովի այցը Երեւան

Դեռ երկու տարի առաջ, երբ Երեւանում բացվում էր Syrovarnya ռեստորանը, նախատեսված էր Novikov Group-ի հիմնադիր Արկադի Նովիկովի այցը Երեւան, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված նա բացմանը մասնակցելու հնարավորություն չունեցավ։ Փոխարենն այցը տեղի ունեցավ 2023թ. փետրվարին։ Նա առաջին անգամ այցելեց Syrovarnya Yerevan ռեստորան եւ, ի ուրախություն մեզ, շատ դրական կարծիք հայտնեց։

Արկադի Նովիկովը ոգեւորությամբ էր խոսում այն հաջողված փոփոխությունների վերաբերյալ, որ այս ժամանակահատվածում եղել են ռեստորանում։ Այցի ընթացքում նա հասցրեց շփվել, լուսանկարվել անձնակազմի հետ։

Արկադի Նովիկովը եւ Syrovarnya Yerevan-ի անձնակազմը


Ռեստորանի աշխատանքի վերաբերյալ փոքրիկ առաջարկներ արեց, որոնք կարող են դրական փոփոխություններ բերել։ Նովիկովն ասաց, որ հիացած է Syrovarnya-ի մթնոլորտով, իսկ մթնոլորտը դիզայնը չէ, այն ստեղծում է թիմը, որն աշխատում է ռեստորանում։ Նովիկովը մեծ բավականություն ստացավ անձնակազմի հետ շփումից։ Մենք ժամանակ ու միջոց չենք խնայում աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակն ապահովելու համար, նրա արձագանքը այս քայլերի արդյունքն է։ Մեր աշխատակիցների համար պարբերաբար սեմինարներ ենք կազմակերպում, խոհարարների եւ ռեստորանային ոլորտի այլ մասնագետների հրավիրում Հայաստան։ Վերջերս Երեւան էինք հրավիրել Syrovarnya-ի սպասարկման գլխավոր մասնագետին, աշխատակիցների համար մի քանի օր սեմինարներ անցկացրեց։

Այց «Պատրիարխ»-ի մյուս ռեստորաններ

Արկադի Նովիկովն ընդամենը մեկ օրով էր այցելել Հայաստան, բայց ջերմ, գործընկերային հարաբերությունները, ըստ երեւույթին, այնքան մեծ հետաքրքրություն էին առաջացրել մեր նկատմամբ, որ համաձայնեց շրջել «Պատրիարխ» ընկերության մյուս ռեստորաններում եւս։ Միասին այցելեցինք Երեւանում եւ Սեւանում գտնվող «Յասաման» եւ «Գինետուն» ռեստորաններ։


Մեր հիմնական ճաշը կազմակերպեցինք Սեւանի «Յասամանում»։ Նախապես չէինք պլանավորել ճաշացանկը, չէինք ցանկացել, որ հատուկ խոհարար գա կամ հատուկ ուտեստներ պատրաստի, ուզում էինք, որ բոլոր հյուրերի պես օգտվի ճաշացանկից եւ կարծիք հայտնի։ Ճաշացանկից միասին ընտրեցինք առօրյա ուտեստներ եւ արձագանքը շատ դրական եղավ։ Հաճելի ճաշից հետո խնդրեցինք, որ նաեւ այս ռեստորանի մասին կարծիք հայտնի, փոքրիկ, բայց շատ տեղին դիտարկումներ արեց խոհանոցի, ճաշացանկի վերաբերյալ, որոնք արդեն կիրառում ենք։ Արկադի Նովիկովը կայացած, գերպրոֆեսիոնալ ռեստորատոր լինելուց բացի, նաեւ խոհարար է։


Երեկոյան, երբ Սեւանից վերադառնում էինք Երեւան, առաջարկեցինք այցելել «Գինետուն» ռեստորան, երեւում էր, որ մի փոքր հոգնած է, բայց պնդեցինք, նա էլ չմերժեց։ Այս ռեստորանում կա ձմեռային այգի, գեղեցիկ բուսականություն եւ մենք գիտեինք, որ դա նրա թույլ կողմերից մեկն է։ Այցից հետո Արկադի Նովիկովն ասաց, որ հիացած է եւ շնորհակալություն հայտնեց այս ռեստորան այց կազմակերպելու համար։

Արկադի Նովիկովի՝ Հայաստան կատարած այցով էլ ավելի ամրապնդվեցին մեր աշխատանքային հարաբերությունները, ձեւավորվեցին շատ լավ անձնական հարաբերություններ, անգամ նախնական մակարդակով քննարկեցինք համագործակցությանն ընդլայնելու հարցը։ Մեկօրյա այցից դրական էմոցիաներ ստացավ ինչպես Նովիկովը, այնպես էլ՝ մենք։ Նրա այցից հետո բոլորս էլ ավելի մոտիվացված ենք։

Զարգացում եւ նոր ռեստորաններ

«Պատրիարխը» մշտապես զարգացող ռեստորանների խումբ է։ Մեր վերջին նախագծերից մեկը՝ «Մուֆլոն» աուտենտիկ ռեստորանը, գտնվում է Մոսկվայում։ Այն մի քանի ամիս առաջ է բացվել, Կարմիր հրապարակին շատ մոտ է գտնվում։ Ռեստորանը ներկայանում է հայկական ու կովկասյան խոհանոցի ժամանակակից մատուցմամբ։ Թեպետ մեզ պարբերաբար ասում էին, որ հայկական խոհանոցով ռեստորանները երկար կյանք չեն ունենում Մոսկվայում, բայց «Մուֆլոնը» գործում է անցած 2022թ. աշնանից եւ արդեն կարող ենք ասել, որ հաջողել է։


Մեր ամենաթարմ ռեստորանը՝ Սեւանի «Յասամանը», բացվեց 2022թ. փետրվարի եւ նոր շունչ հաղորդեց լճի ափին։ Սա թվով երրորդ «Յասամանն» է, առաջինը Երեւանում է, երկրորդը՝ Ծաղկաձորում։ Հաշվի առնելով տեղակայման վայրն ու դրա առանձնահատկությունները, ռեստորանները մի փոքր տարբեր են իրարից ոճով եւ ձեւով։ Ինտերիերն ու ճաշացանկը փորձում ենք հարմարեցնել այն վայրին, որտեղ գտնվում է ռեստորանը։ Սեւանի «Յասամանում», օրինակ, ձկնային ուտեստներն ավելի շատ են, քան մյուս ռեստորաններում։

«Պատրիարխ» խումբը ռեստորաններին չի վերաբերվում բացառապես որպես բիզնես ուղղություն, որը նպատակ ունի եկամուտ բերելու։ Մեզ համար կարեւոր է նոր արժեքներ ստեղծելը։ Գաստրոտուրիզմն այսօր աշխարհում շատ պոպուլյար է եւ ուզում ենք, որ Հայաստանի մարզերում այն եւս զարգացած լինի։ Կարեւոր է նաեւ, որ մեր ներդրումն ունենանք մարզերում նման աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման հարցում։ Երեւանից մարզեր աշխատակիցներին տեղափոխելու հնարավորություն եւ փորձ ունենք, բայց կարեւոր հանգամանք է, որ այժմ մեր մարզային ռեստորաններում աշխատում են տեղացիները։ Լավ կադրերի ընտրությունն ամենուր խնդիր է, իսկ մարզերում այն ավելի լուրջ է, բայց չենք գնում այն ճանապարհով, որ եթե ռեստորանը գտնվում է մարզում, ուրեմն ինչ-որ կերպ պետք է զիջի մայրաքաղաքում գտնվող ռեստորանին։ Հակառակը, ուզում ենք մարզում գտնվող ռեստորանների սպասարկումը, մատուցումն ու ամբողջ աշխատանքը համապատասխանեցնել մեզ մոտ գործող ստանդարտներին։


«Պատրիարխ» ընկերության նախագծերից են նաեւ «Համով Տնակ» արագ սննդի կետերը, որտեղ պատրաստվում են համեղ ուտեստներ եւ «Երանի» ընկերությունը, որը ներկայացնում է տեղական կաթնամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի, նպարեղենի ու տարատեսակ կիսաֆաբրիկատների լավագույն ընտրանին։ Մեր բոլոր նախագծերի հիմքում տարբեր պատմություններ են՝ ոգեշնչված ընտանեկան ավանդույթներից, քաղաքային կոլորիտից ու մեր հյուրերի, սպառողի դրական արձագանքներից։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ «Պատրիարխ» ռեստորանների խմբի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին