×

Լուսանկարը՝ DILIJAN WINE FEST

GastroVino «օրացույց». Երեւանի գինու օրերն ու Դիլիջանի փառատոնները

Գաստրոնոմիկ փառատոնները լավ ժամանակ անցկացնելու, հետաքրքիր արտադրատեսակներ բացահայտելու, սիրելի ուտեստների կամ խմիչքների հեղինակների հետ ծանոթանալու լավ առիթ են։

Այս տարի Հայաստանում տեղի կունենան մի շարք այդպիսի միջոցառումներ։ GastroVino-ն առանձնացրել առաջիկա իրադարձությունները։

«Երեւանի Գինու Օրեր»

«ԷվենտՏուրա» ընկերության «Երեւանի Գինու Օրեր» փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 2-ին՝ 17:00-ից, մինչեւ հունիսի 4-ը, ժամը 22:30-ը։

Միջոցառման կազմակերպիչներից տեղեկանում ենք, որ այդ օրերին կանցկացվեն գինեդասեր հայ եւ միջազգային գինեգետների մասնակցությամբ, ովքեր կխոսեն գինու եւ սննդի ճիշտ համադրության, բաժակների ճիշտ ընտրության, խաղողի էնդեմիկ սորտերի ու այլ հարցերի մասին։ Փառատոնի ընթացքում շեֆ-խոհարարները կանցկացնեն գաստրո շոուներ, առաջին անգամ տեղի կունենա գինու մշակույթի տարածմանը նպաստող աուդիո ներկայացում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս տարի առաջին անգամ «Երեւանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ տեղի կունենա «ԳԻՆՈՒ ԷՔՍՊՈ» նախագիծը։ Գինեգործները, բացի «Երեւանի Գինու Օրերի» փառատոնային հատվածից, ներկայացված կլինեն նաեւ մասնագիտացված գինու էքսպոյի հատվածում։ Էքսպոյի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ գինու աշխարհի հետ կապված ցանկացած արտադրանք կամ ծառայություն մատուցող միջազգային բիզնես կարող է պրոֆեսիոնալ միջավայրում հանդիպել հայ գինեգործներին, փոխանակել առաջարկներ եւ հաստատել շահավետ համագործակցություն:

Փառատոններ՝ Դիլիջանում

Time to-creative agency-ն ամռանը Դիլիջանում գաստրոնոմիկ երկու միջոցառում կանցկացնի։ Առաջինը GastroFest փառատոնն է։ Նախորդ տարի այն կայացել էր Դիլիջանի քաղաքային զբոսայգում, փառատոնին մասնակցել են ռեստորաններ, սրճարաններ, գինու տներ, բնական մթերքների եւ խմիչքների արտադրողներ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

GastroFest2023-ը տեղի կունենա հուլիսի 1-ին եւ 2-ին։

Լուսանկարը՝ DILIJAN WINE FEST


Երկրորդ միջոցառումը DILIJAN WINE FEST գինու փառատոնն է, որը տեղի կունենա օգոստոսի 5-ին եւ 6-ին։ Այս փառատոնին մասնակցում են գինեգործարաններ, ռեստորաններ եւ տեղական արտադրողներ։

Time to-creative agency-ից GastroVino-ին հայտնել են, որ միջոցառումները կանցկացվեն Աղասի Խանջյանի ամառանոցին հարակից տարածքում, որը Հայաստանի պետական նշանակության հուշարձան է։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին