«Հարգելի RINGO, ձեր պոնչիկն ու կարկանդակները համտեսելու համար 30 րոպե հերթ եմ կանգնել, բայց արժեր», - կարելի է կարդալ Ringo/ ponchik & perazhki-ի էջում ու անցնել մյուս՝ շատ գոհ, բայց հերթ կանգնելուց դժգոհ, մեկնաբանողների կարծիքների ուսումնասիրմանը։
Քանի որ RINGO-ի անունը վերջին շրջանում հաճախ է հնչում, որոշեցինք պարզել, ի՞նչ յուրահատուկ բան է առաջարկում այն։
Տեսականին
RINGO-ի խոհանոցում պատրաստվող պոնչիկների բույրը կարելի է զգալ դեռ պատուհանին մոտ չգնացած: Սարյանի փողոցի վրա տեղակայված «Հայփոստի» շենքի ձախ մասի աստիճանների վրա սպասարկման կետի բացվելուն պես փողոցում տարածվում է շոկոլադով, կարամելով, երբեմն դարչինով, պնդուկով, ազնվամորիով պոնչիկի բույրը։
Լուսանկարը՝ Ringo/ponchik & perazhki
Եթե քաղցրի սիրահար չեք, ապա այստեղ նաեւ կարկանդակներ կգտնեք՝ կարտոֆիլի, մսի, նրբերշիկի, խոզապուխտի եւ պանրի միջուկներով։
Ամենաշատ պատվիրվող եւ պահանջարկ ունեցող տեսականին պոնչիկների տուփերն են՝ Ringo պոնչիկների բոքսերը, որոնք ներառում են 20-30 պոնչիկ եւ արժեն 2300-ից 3400 դրամ։
Բրենդի ստեղծման գաղափարը
Համահիմնադիր Սարգիս Գեւորգյանն ասում է, որ RINGO-ն ստեղծելու գաղափարը հանկարծակի չի ծագել, այլ ընտրվել է։ Լուսինե Համասյանի հետ մեկ տարի հետազոտությամբ են զբաղվել՝ ուզում էին համակարգային բիզնես հիմնել, որտեղ բոլոր բաղադրիչները պետք է համապատասխանեին գաղափարին՝ պրոդուկտը, վաճառքի տարբերակները, վերահսկման մեխանիզմները, մարքետինգն ու առաջխաղացումը։
Սարգիս Գեւորգյանը | Լուսանկարը՝ Ringo/ponchik & perazhki
«Քանի որ բավականին երկար ժամանակ աշխատել եմ սպասարկման ոլորտում` ամենատարբեր հաստիքներում, գլխումս միշտ ունեցել եմ հանրային սննդի ոլորտում սեփական ապրանքանիշն ունենալու ցանկությունը: Սարգիսի հետ տեւական քննարկումների եւ հետազոտությունների արդյունքում որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է հենց RINGO-ով մտնել շուկա։
Լուսինե Համասյանը | Լուսանկարը՝ Ringo/ponchik & perazhki
Նախագծի մշակմանն ընդառաջ սկսեցի յուրացնել նաեւ ռեստորանային խոհանոցի գաղտնիքները, ինչի շնորհիվ մեզ հաջողվեց մեր խոհանոցների աշխատանքը կազմակերպել պատշաճ որակով», - մանրամասնում է Լուսինեն։
Մատչելիության նախապայմանները
«Ringo-ն առանձնանում է որակով», - ասում է Սարգիսը։
«Մեր առաջնային խնդիրներից մեկն է սպառողին տալ այն, ինչ նա ակնկալում է եւ մի փոքր ավել։ Մյուս առանձնահատկությունը համային նոստալգիկ զգացողություններն են եւ շատ մատչելի գինը։ Ուզում ենք, որ մարդիկ ամեն օր օգտվեն մեր արտադրանքից։ Վերջին մեկ տարում 30 տոկոսով թանկացել են բոլոր բաղադրիչները, բայց դա համարում ենք արդարացված կորուստ եւ չենք բարձրացնում մեր ապրանքի գինը», - նշում է նա:
Հատուկ խմոր
«Պոնչիկների եւ կարկանդակների խմորները պատրաստել ենք մեր հրուշակագործ ընկերոջ` Հայկուհի Մինասյանի օգնությամբ։ Նա օգնեց մեզ տեխնիկապես պատկերացնել գործընթացը եւ փորձերի արդյունքում ստացանք այն կատարյալ խմորը, որն ուզում էինք։ Այն դասական բաղադրիչների միքս է՝ ոչ պահպանողական միջամտություններով։
Լուսանկարը՝ Ringo/ponchik & perazhki
Խմորը ստանալուն պես ես ու Լուսինեն սկսեցինք աշխատել Սարյանի վրա գործող RINGO-ի առաջին կետում՝ ես պոնչիկներն էի պատրաստում, Լուսինեն կարկանդակները, հետո արդեն Լուսինեն վաճառքն էր կազմակերպում։ Որոշ ժամանակ անց արդեն խոհարար ներգրավեցինք», - պատմում է Սարգիսը։
Կարկանդակները
«Կարկանդակի խմորի բաղադրությունը չենք բացահայտի, բայց կարող եմ ասել, որ գաղտնիքը բաղադրիչների չափաքանակի համադրության եւ թարմության մեջ է։
Լուսանկարը՝ Ringo/ponchik & perazhki
Մեզ մոտ չի վաճառվում ապրանք, որը պատրաստվել է 2-3 ժամ առաջ։ Այն, ինչ տապակից դուրս է գալիս, վաճառվում է մի քանի րոպե հետո։ Մեր մոտ կարող եք գնել թարմ պատրաստած կարկանդակներ, բայց պետք չէ ակնկալել, որ թարմն ու տաքը համարժեք բառեր են։ Մենք կոտրում ենք այդ կարծրատիպը, որ կարտոֆիլով կարկանդակը պարտադիր պետք է տաք լինի։ Համեղ կարկանդակի մյուս գաղտնիքը առատությունն է՝ առատ միջուկներ ենք օգտագործում, բաղադրիչները շուկայում լավագույնն են», - հավաստիացնում են Սարգիսն ու Լուսինեն։
Լուսին Մկրտչյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: