×

Կարեն Խաչատրյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

Բարձր խոհանոցով Renommée ռեստորանը նոր սեթ եւ А la carte ձեւաչափով մենյու ունի

Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հեղինակային խոհանոց ներկայացնող, Հայաստանում եզակի Renommée ռեստորանը հունիսի 15-ից ներկայանալու է նոր սեթ մենյուով եւ ձեւաչափով։ Հեղինակային նոր ուտեստների, ձեւաչափի առանձնահատկությունների եւ նորությունների մասին զրուցել ենք  ռեստորանի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանի հետ։

- Գիտենք, որ բացի նոր սեթ մենյուից՝ Renommée-ում մեկ այլ նորություն է սպասվում, որը աննախադեպ է Հայաստանում։

- Renommée ռեստորանն ինքնին միանգամայն նոր մոտեցում ու մշակույթ է Հայաստանում։ Մեր կողմից առաջարկվող յուրահատուկ սեթ մենյուն արդեն հասցրել է սիրվել հյուրերի, տեղացիների ու զբոսաշրջիկների կողմից։ Շատերն արդեն հետաքրքրվում էին, թե երբ կարող են նոր ուտեստներ փորձել։ Ինչպես ընդունված է աշխարհում, այսպիսի ռեստորաններում ճաշացանկը պարբերաբար փոխվում է՝ կախված սեզոնից ու պահանջներից։ Այդ պատճառով էլ որոշեցինք մեր հյուրերին ներկայացնել նոր՝ սեզոնային մենյու։ Այժմ հյուրերը կարող են իրենց ցանկությամբ փորձել երկու սեթերից ցանկացածը։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Բացի նոր սեթ մենյուից, ներկայացնելու ենք նաեւ A la carte  ձեւաչափով ճաշացանկ, որպեսզի մեր նոր ու հավատարիմ հյուրերը գաստրոնոմիկ եւս մեկ փորձառության հնարավորություն ունենան։

Աշխարհում էլ բարձր խոհանոցով նմանատիպ ռեստորաններում ընդունված ձեւաչափ է A la carte-ը, երբ հյուրը կարող է սեթ մենյուից դուրս պատվիրել մի քանի ուտեստ եւ կազմել փոքր սեթ՝ սեփական նախընտրություններով։

Շատ կարեւոր է, որպեսզի հյուրը կարողանա ճիշտ համադրել ուտեստներն ու համապատասխան գինի ընտրել։  Համերն ամբողջությամբ զգալու համար պետք է առնվազն երեք ուտեստ փորձել, մեր սպասարկող անձնակազմն ու խոհարարները սիրով ուղղորդելու են հյուրին ուտեստների եւ գինու ընտրության հարցում։
A la carte ճաշացանկը, որը հին եւ նոր սեթերի միաձուլումն է, ներառում է 14-15 ուտեստ եւ երկու աղանդեր։ Իսկ նոր սեթ մենյուն կազմված է վեց ուտեստից ու մեկ աղանդերից։ Երեկոյան ժամը 21:00-ից հետո սեթ մենյու չի մատուցվելու եւ ռեստորանում գործելու է միայն A la carte ճաշացանկը:

- Նախորդ սեթ-մենյուն համերի ճանապարհորդություն էր՝ նոր համերի հետքերով, ի՞նչ է սպասվում հյուրին այս անգամ նոր մենյուով։

- «Համերի ճանապարհորդություն» սեթ մենյուի յուրաքանչյուր ուտեստն իր պատմությունն ու ոգեշնչման աղբյուրն ունի։ Շուրջ 3.5 ժամ տեւող ընթրիքի ժամանակ հյուրին մատուցվում էին հատուկ հերթականությամբ ընտրված միմյանց հետ համադրելի բաղադրիչներով ուտեստներ: Իհարկե, Renommée գալիս են ոչ թե քաղցը հագեցնելու, այլ անծանոթ համեր բացահայտելու համար, բայց սեթ մենյուն բավականին հագեցնող է։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Նոր սեթ մենյուն մշակելիս շեշտը դրել ենք թարմության, թեթեւության եւ նուրբ զգացողությունների վրա։ Սա զգացմունքային քարտեզ է, որում հյուրին նոր  բացահայտումներ են սպասվում։

- Ի՞նչ առանձնահատկություններով է տարբերվում նորը նախկին ճաշացանկից։

- Նման կոնցեպտով ռեստորաններում ընդունված մոտեցում է սեզոնային մենյուի կազմումը եւ ճաշացանկի փոփոխումն այդ սկզբունքով։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Եթե նախորդ մենյուում ավելի շատ մսային ուտեստներ էին, հագեցնող չափաբաժիններով, քանի որ աշուն-ձմեռ շրջանն էր, ապա հիմա մշակել ենք ավելի թեթեւ, բանջարեղենային սեթ մենյու եւ առավել շեշտադրել սեզոնային մթերքների օգտագործումն ու նուրբ համադրությունները: 6 նոր բանջարեղենային ու ձկնային ուտեստ ունենք։

Նախորդի նման՝ բոլոր ուտեստները պատրաստման տեսանկյունից բարդ են ու ժամանակատար։ Օգտագործել ենք բարձր խոհանոցի արդի տեխնոլոգիաներ ու մեթոդներ։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Օրինակ՝ ինքներս ենք պատրաստում կիմչի ֆերմենտը, որը շուրջ տասը օր է տեւում, ունենք գառումներ, սոուսներ, որոնց պատրաստման համար մինչեւ տասներկու ժամ է պահանջվում:

Մեկ ուտեստի օրինակով ներկայացնեմ. «Լոլիկի 7 նոտա»-ն ամբողջությամբ կարմիր լոլիկից է պատրաստվում։ Տարբեր տեխոնոլոգիաներ կիրառելով` կարողացել ենք մեկ ուտեստում մեկտեղել յոթ տեքստուրա։ Բազիլիկով եւ աղով 24 ժամ մարինացված լոլիկի հյութից ստացել ենք երեք տեքստուրա՝ կրեմ, սոուս, փրփուր։ Մյուս տեքստուրաները երեք տարբեր ձեւով մշակված լոլիկներ են՝ թարմ, բազիլիկով մարինացված եւ մամլիչով քամված ու դոնդողանման դարձած։ Վերջին՝ 7-րդ տեքստուրան լոլիկի չորացրած կեղեւի փոշին է, որն ավելի արտահայտիչ է դարձնում լոլիկի թեթեւ համը։ Հայկականը շեշտադրելու համար մատուցում ենք ոչխարի պանրի փշրանքներով ու բազիլիկով։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Նոր մենյուի կոնցեպտին համապատասխան՝ հյուրն այս ուտեստով նոր էմոցիաներ, զարմանք ու հիացմունք կապրի, քանի որ ամբողջությամբ կարմիր լոլիկից պատրաստված այս ուտեստը՝ ճերմակ է։

Այսպիսի ձեւաչափով եւ նախաձեռնությամբ մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի համաշխարհային գաստրոքարտեզ, եւ հուսով եմ, որ բարձր խոհանոցի ու առանձնահատուկի գուրմանները կգնահատեն Renommée-ի նոր մոտեցումը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին