Պատկերացրեք, որ մտել եք խանութ եւ հերթով ընտրում եք պիցցայի բաղադրիչներ: Չկան սահմանափակումներ ու կանոններ, ձեր պիցցայի խմորի վրա կարող է լինել միայն 1 կամ միանգամից 9 բաղադրիչ: Այսպես է նաեւ Pizza Ayo-ում, որտեղ չկան սահմանափակումներ եւ հստակ բաղադրատոմսեր: Եթե որոշել եք, որ ձեր Պեպերոնի տեսակի պիցցան պետք է նաեւ սնկով լինի, ապա դուք ազատ եք ընտրության հարցում եւ կարող եք հորինել պիցցայի ձեր բաղադրատոմսը:
GastroVino-ի հետ զրույցում Pizza Ayo-ի համահիմնադիր Հովհաննես Մարգարյանը պատմել է պիցցերիայի ձեւաչափի, IT-ի հետ կապի եւ խոհարար-պատվիրատուների մասին:
Պիցցան հավաքում է հաճախորդը
Pizza Ayo-ն գործում է 2022թ. մայիսի 3-ից: Նման ձեւաչափով պիցցերիա բացելու գաղափարն առաջացել է դեռ երկու տարի առաջ: Երեւանի սրճարաններից մեկում պատվերն ընդունող մատուցողին հարցրեցի՝ հնարավո՞ր է բաղադրիչներից մեկը հանել եւ փոխարենը պանիրը կրկնակի դնել: Խնդրանքս ընդունեցին, բայց երբ վերջում հաշիվը բերեցին՝ տեսա, որ պանրի գինը կրկնակի է հաշված, բայց այն, ինչը խնդրել էի հանել, դրա գինը միեւնույն է, ներառված էր: Փորձեցի ճշտել՝ ինչու պետք է վճարեմ եւ պանրի, եւ այն բաղադրիչի համար, որից հրաժարվել եմ: Ասացին, որ իրենց կարգն է այդպես:
Հովհաննես Մարգարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հենց այստեղից էլ միտք առաջացավ, որ կարելի է այնպիսի ձեւաչափ ստեղծել, որ հաճախորդը հավաքի իր նախընտրած բաղադրիչով պիցցան: Չնայած պիցցայի մասին շատ օրենքներ կան, Նեապոլում նույնիսկ սահմանադրությունով ամրագրված նորմեր կան, բայց որպես կանոն՝ պիցցայի ֆիքսված, պարտադիր բաղադրիչներ չկան, այն երեւակայության արդյունք է: Իհարկե, կան որոշակի պարտադիր պայմաններ խմորների, սոուսների հետ կապված, բայց մնացածը մարդու նախասիրությունն է:
Հովհաննես Մարգարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Pizza Ayo-ն ստեղծվել է հենց այդ գաղափարով՝ հաճախորդներին հնարավորություն տալ հավաքել իրենց պիցցան՝ սեփական երեւակայությամբ եւ միայն այն բաղադրիչներով, որոնք ուտելու է։ Չունենք ոչ մի սահմանափակում՝ պատվիրատուն ազատ է իր պիցցայի բաղադրիչների ընտրության հարցում եւ վճարում է միայն իր նախընտրած բաղադրիչների համար: Հենց այսպես էլ ընտրել ենք մեր անվանումը՝ ցանկացած պատվերի ասում ենք՝ այո:
IT-ն խոհանոցում
Pizza Ayo-ն իր տեսակով IT բիզնես-ռեստորան է, որը ներկայում աշխատում է միայն առաքման ծառայությունով եւ take away-ի հնարավորությամբ: Պատվերի համար պետք է մտնել Pizzaayo.am կայք, հավաքել սեփական պիցցան եւ գրանցել պատվերը:
Պատվերը հնարավոր է անել եւ համակարգչով, եւ հեռախոսով, իսկ հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ից եւ Play Market-ից՝ առաջիկա օրերին:
Pizza Ayo-ի վեբ եւ մոբայլ հարթակները որոշեցինք ստեղծել խաղի տրամադրությամբ՝ բաղադրիչների իլյուստրացիոն պատկերներով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հաճախորդները կարող են նաեւ գրանցվել կայքում եւ ցանկության դեպքում պահպանել նախընտրած բաղադրատոմսը եւ հետագայում միանգամից գրանցեն պատվերը: Գրանցված հաճախորդները կարող են անուն դնել պիցցային կամ նշել նրա անունը, ում համար պատվիրում են, որը կգրվի առաքման տուփի վրա՝ առանձնացված հատվածում:
Ծրագիրն այնպես է մշակված, որ երբ մարդը հավաքում է իր պիցցան եւ հաստատում պատվերը, այն միանգամից երեւում է եւ խոհարարների, եւ գանձապահի եւ առաքման ծառայության մոտ: Սա հնարավորություն է տալիս առաքիչին մեզ մոտենալ այն պահին, երբ պիցցան արդեն պատրաստ է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լոգիստիկ առումով էլ Լեռ Կամսար 30/1 հասցեն ենք ընտրել, քանի որ այստեղից Երեւանի գրեթե բոլոր համայնքներ հասնելը բավականին հեշտ է, խցանումներ այս հատվածում որպես այդպիսին չկան, քաղաքի տարբեր հատվածներ դուրս գալն էլ դժվար չէ:
Երբ շեֆ խոհարարը պատվիրատուն է
Շեֆ խոհարարի գործառույթը դրել ենք պատվիրատուների ուսերին: Եթե սովորաբար ռեստորաններում շեֆը մենյու է գրում, բաղադրիչներ է ընտրում, մեր կոնցեպտում պատվիրողն է դա որոշում, հետեւաբար շեֆ խոհարարն ինքն է, ում պատվերին «կյանք են տալիս» մեր խոհարարները՝ Հռիփսիմեն, Հասմիկը եւ Գրիշան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եթե խոսենք պիցցաների խմորի առանձնահատկությունից, ապա դրանցից երկուսը կնշեմ՝ խմորիչ գրեթե բացակայությունը, այսինքն՝ մեկ պիցցայի մեջ դրա քանակությունը կազմում է 0,25 գրամ, եւ այն, որ խմորը բացվում է եգիպտացորենի հատուկ տեսակի պաքսիմատի վրա: Այն յուրահատուկ խրթխրթանություն է տալիս պիցցային: Պիցցաները պատրաստելիս օգտագործում ենք միայն իտալական սոուսներ:
Make it easy պիցցաները
Մեր պիցցայի համար անգլերենի Take it easy արտահայտությունից կարգախոս ենք ընտրել՝ Make it easy` պատրաստիր թեթեւ: Պատվիրատուներին առաջարկվում է երեք տեսակի խմոր՝ բարակ, դասական եւ քաղցր: Խմորն ընտրելուց հետո, ըստ հաջորդականության, համակարգն առաջարկում է ընտրել մյուս բաղադրիչները՝ սոուսներ, պանրի տեսականի, մսամթերք, ծովամթերք, բանջարեղեն, մարինացված բանջարեղեն եւ այլ հավելումներ՝ կանաչիներ, տաբասկո, ձիթապտղի ձեթ, պեստո եւ այլն: Յուրաքանչյուր բաղադրիչ ավելացնում է պիցցայի արժեքը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս ընթացքում արդեն հասցրել ենք ամենատարբեր պատվերներն ունենալ: Եղել են մարդիկ, որոնք պատվեր գրանցել են զուտ փորձի համար, չհավատալով, որ այն ինչ հավաքել են, հենց դա էլ հասնելու է իրենց:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեկ պիցցայի գնային միջակայքը տատանվում է 2 200-3 000 դրամի սահմանում: Վերջերս մեզ մոտ ռուս աղջիկ եկավ պիցցա վերցնելու, ում պատվերը 1000 դրամ էր կազմել: Պատվիրել էր բարակ խմոր, տոմատի սոուս, լոլիկ եւ համեմ: Ասաց՝ սա այն է, ինչ ինքն է ուզում, այսինքն՝ մեզ մոտ գնային սեգմենտը շատ է տատանվում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պատվեր էլ ունեցել ենք, որ 9-ից ավելի բաղադրիչ էր հավաքել խմորի վրա: Խառնաշփոթ պիցցա էր ստացվել: Զանգեցինք հարցնելու՝ արդյո՞ք ճիշտ է, թե ինչ-որ ծրագրային խնդիր է եղել: Պարզվեց՝ գրանցումը ճիշտ է: Համտեսելուց հետո այդ մարդն ասաց՝ «այ սա իրոք պիցցա էր»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քաղցր պիցցանների համար էլ ալգորիթմը այնպես է գրված, որ երբ պատվիրատուն ընտրում է քաղցր խմոր, միանգամից առաջարկվում է այլ բաղադրիչների հարթակ, որտեղ պանրի եւ տոմատի սոուսին փոխարինում են խտացրած կաթի տեսակները, վանիլային, կարամելային ելակի եւ բալի սոուսները, մրգեր, կոնֆետներ, շոկոլադե բատոններ:
Պատրաստ ենք համագործակցել
Մտածում ենք առաջիկայում բացել նաեւ Pizza Ayo-ի օֆլայն տարբերակը, այսինքն՝ ունենանք պիցցերիա, որտեղ հաճախորդները կարող են տեղում համտեսել: Այս դեպքում եւս հաճախորդներին կտանք նախընտրած պիցցան հավաքելու հնարավորություն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Pizza Ayo-ի հաջորդ կայարանը կլինի Արցախը, այնուհետեւ՝ Գյումրին եւ Դիլիջանը: Պատրաստ ենք համագործակցել, ֆրանշիզայով աշխատել՝ տրամադրենք ծրագիրն իր բոլոր պարամետրներով:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: