Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Սալոն» ռեստորանն իր հին ու նոր հաճախորդներին դիմավորում է ոչ միայն թարմացված մենյուով եւ դիզայնով, այլեւ նոր՝ Kilikia Restaurant & Terrace անունով:
Արդեն 8 տարի մայրաքաղաքի կոլորիտային շենքերից մեկում տեղակայված ռեստորանի անվանափոխության եւ մենյուի նորույթների մասին GastroVino-ն զրուցել է Kilikia Restaurant & Terrace-ի տնօրեն Վալերի Բաղդագյուլյանի եւ մենեջեր Շանթ Չոլաքյանի հետ:
3 մասից բաղկացած ռեստորանը
Նախկինում «Սալոն», այժմ՝ Kilikia Restaurant & Terrace ռեստորանն իր կոնցեպտում երեք նախագիծ է ներառում՝ գարեջրատուն, ռեստորանային ճաշասրահներ եւ վերանդայի հատված:
Վալերի Բաղդագյուլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վալերի Բաղդագյուլյանն ասում է՝ ժամանակն էր եկել ռեստորանը վերանորոգելու, ինտերիերը թարմացնելու, բայց չեն սահմանափակվել միայն դրանով՝ թարմացրել են նաեւ ճաշացանկն եւ որոշել ներկայանալ նոր անունով:
«Անվան փոփոխման շուրջ երկար ենք մտածել, ռեստորանը վերանվանել մեր ամենահաջողված ու սիրված նախագծի՝ Kilikia գարեջրատան անունով»,- նշում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վալերին ասում է, որ ռեստորանը բացելու օրվանից իրենց գլխավոր սկզբունքն է եղել՝ այնպես անել, որ չխաթարվի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ոճն ու տեսքը՝ ոչ դրսից, ոչ ներսից: «Ռեստորանն ենք հարմարեցրել շենքին, այլ ոչ թե շենքը ռեստորանին: Առաջին հարկում, որտեղ հիմա գարեջրատան մասն է, նախկինում բավական ընդարձակ մառան է եղել: Այսօր էլ մեր գարեջրատունն իր ձևով պահպանել է ավանդական մառանին բնորոշ բոլոր տարրերն ամբողջությամբ»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանն ունի դիզայներական լուծումներով միմյանցից տարբերվող ճաշասրահներ՝ երկրորդ հարկում ու երեւանյան պատշգամբային մթնոլորտ ստեղծող վերանդա:
«Վերանդան մեր ամենահանգիստ հատվածն է, որը բացվում է ամառային սեզոնին ընդառաջ: Այն այս պահին վերանորոգման փուլում է եւ կբացվի ապրիլի կեսերին»,- ասում է տնօրենը:
Մենյուն
Ռեստորանի ճաշացանկը թարմացնելիս մենյուում պահպանել են հաճախորդների կողմից սիրված ու պահանջարկ ունեցող անունները։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր խոհանոցի 70 տոկոսը հայկական ավանդական ուտեստներն են, բայց մենյուում առանձնահատուկ տեղ ունեն են միջերկրական եւ լիբանանյան ֆյուժն խոհանոցի կերակրատեսակները: Դրանք ավելի ճիշտ ներկայացնելու համար նոր մենյուն կազմելու ընթացքում մեզ մոտ հյուրընկալեցինք լիբանանցի բրենդ շեֆի, որն օգնեց մեր խոհարարներին», ասում է մենեջեր Շանթ Չոլաքյանը։
Շանթ Չոլաքյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Չնայած ընդգծված հայկական ու լիբանանյան խոհանոց ունենալուն՝ մեքսիկական, ամերիկյան եւ վրացական խոհանոց նախընտրողներին ռեստորանում առաջարկում են տակոների, բուրգերների, խաչապուրների եւ խինկալիների տեսականի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչ վերաբերում է գարեջրատանը՝ Վալերին նշում է, որ «Կիլիկիա» գարեջրի գործարանի հետ հատուկ պայմանավորվածություն ունեն եւ բացի դասականից, ներկայացնում են նաեւ գարեջրի չզտված, լայթ, մուգ տեսակները, որոնք կարելի է գտնել միայն այստեղ:
Ուդոլին, պանրով տոլման ու բազուկով հումուսը
Kilikia Restaurant & Terrace-ի մենյուիին ծանոթանալիս կգտնեք արդեն շատ սիրված ու ծանոթ անուններ, որոնք առաջին հայացքից դժվար թե զարմացնեն, բայց բաղադրիչների բազմազանությունն արդեն կհուշի դրանց առանձնահատկությունների մասին:
Մեզեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նման ուտեստներից Շանթն առանձնացնում է գառան չալաղաջից պատրաստվող տոլման՝ Ուդոլին. «Այն կաղամբով տոլմա է, բայց տավարի աղացած մսի փոխարեն պատրաստվում է գառան չալաղաջի մսով: Մսի փափուկ մասը ծեծում ենք, ստանում ընդհանուր զանգված, որից էլ պատրաստվում է Ուդոլին»:
Յուրօրինակ տոլմաների շարքում այստեղ կարելի է հանդիպել պանրով տոլմայի, որը պատրաստվում է խաղողի տերեւով եւ սերուցքային պանրով ու մատուցվում նռան սոուսով: Խաչապուրիների տեսականին եւս բազմազանությամբ չի զիջում, սովորական պանրով խաչապուրիից բացի՝ տեղում թխվում են ապխտած պանրով, ղավուրմայով, բաստուրմայով, կծու պղպեղներով եւ կանաչիներով խաչապուրիներ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեզե ափսե ունենք, որի մեջ արեւելյան եւ հայկական տարբեր նախուտեստներ են՝ հումուս, հայկական քամած մածուն՝ լիբանանյան համեմունքներով, բանջարեղենային աղցան, աջիկա, որը եւս տարբերվում է մեզ ծանոթ տնական աջիկայից: Բացի ավանդական սովորական հումուսից, ունենք բազուկով, պեստոյով, կծու հումուսներ»,- նշում է Շանթը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Kilikia Restaurant & Terrace-ի խոհանոցն իր առանձին խմորի բաժինն ունի: Խաչապուրիների, խինկալիների, պելմենիների, բուրգերների խմորները պատրաստվում են տեղում: Ռեստորանում է թխվում նաեւ մատուցվող հացի տեսականին:
Վալերի Բաղդագյուլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վալերի Բաղդագյուլյանը հավելում է, որ իրենց նախագծերով եւ մենյուի բազմազանությամբ փորձում են այնպես անել, որ հարմար եւ հասանելի լինեն տարբեր նախասիրությունների մարդկանց համար:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ ռեստորանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: