×

Լուսանկարը՝ Point of View

Վաղ նախաճաշ ու անշտապ լանչ. Point of View-ի ձմեռային առաջարկը

«Rooftop» ռեստորանները սովորաբար ասոցացվում են տարվա տաք եղանակների հետ. գեղեցիկ տեսարան, մեկ բաժակ սառը խմիչք ու հաճելի քամի՝ շոգ օրվանից հետո: Wine Republic Yerevan ռեստորանային խմբի Point of View «rooftop»-ը որոշել է փոխել այս միտումը: Անցնելով «ձմեռային ռեժիմի»՝ ռեստորանն իր հյուրերին առաջարկում է նոր ինտերիեր, նոր մենյու ու գեղեցիկ տեսարանը նաեւ ցուրտ եղանակին վայելելու հնարավորություն:

Point of View-ի տրանսֆորմացիայի մասին GastroVino-ն զրուցել է Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանի հետ:

Նախաճաշեր բոլորի համար

Երեւանում քիչ են վայրերը, որտեղ կարելի է առավոտյան շուտ նախաճաշել: Սա հաշվի առնելով, Point of View-ն նախ եւ առաջ որոշել է ավելի վաղ սկսել աշխատանքը: Եթե երբեւէ ցանկացել եք առավոտյան համեղ նախաճաշել՝ վերեւից հետեւելով արթնացող, աշխատանքի շտապող քաղաքին, ուրեմն առավոտյան 08:30-ից ձեզ կսպասեն այստեղ:

Լուսանկարը՝ Point of View


«Նախաճաշերի նոր, բազմազան մենյու ունենք: Ավանդական նախաճաշերից բացի, նախապատրաստել ենք նաեւ յուրահատուկ սեթեր», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝ Point of View


«Մեր նախաճաշերի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան տարբեր երկրներ «այցելել», քանի որ ունենք անգլիական, հունական, իսպանական ու, իհարկե, հայկական նախաճաշեր»:

Արսեն Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին բացված Point of View-ն արդեն սիրվել է արտասահմանցիների կողմից, ու մենյուն կազմել են՝ սա հաշվի առնելով.

Լուսանկարը՝ Point of View


«Ցանկանում էինք, որ Երեւանի հյուրերն իրենց ծանոթ նախաճաշեր գտնեն ռեստորանում»:

Point of View-ի շուրջ արդեն ձեւավորվել է բիզնես-նախաճաշի կամ բիզնես-լանչի մշակույթ, այստեղ հաճախ են գալիս հարակից գրասենյակների աշխատակիցները:

Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Asador


«Ցանկանում ենք, որ այդ մշակույթն էլ ավելի զարգանա ու մարդիկ կարողանան համեղ սնունդը համադրել աշխատանքի հետ», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Ընտանեկան բրանչեր ու անշտապ լանչեր

Նախաճաշի ժամերից հետո Point of View-ում առանձնահատուկ ուշադրությամբ են մոտեցել նաեւ բրանչի ու լանչի մենյուին:

«Մեզ մոտ ճաշում են շատ հետաքրքիր մարդիկ՝ եւ՛ բիզնեսից, եւ՛ մշակույթից, եւ՛ հասարակական ոլորտից: Արդեն կայուն համայնք է ձեւավորվել ու մարդիկ այդ ժամերի համար ավելի ընդլայնված, ավելի հարուստ մենյու էին ուզում տեսնել», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Այս առումով եւս Point of View-ն որոշել է փոխել ընդունված ընկալումները, որ լանչը հիմնականում համեմատաբար էժան, ֆասթֆուդային ու «ոտքի վրա» ուտելու համար է:

Լուսանկարը՝ Point of View


«Զգացել ենք, որ մարդիկ պատրաստ են վճարել հաճելի միջավայրում, համեղ լանչի համար ու պատրաստ են սպասել դրա մատուցմանը: Մենք էլ, մեր հերթին, ռեստորանային ցանցի տարբեր սիրված ուտեստներ ադապտացրել ենք լանչին՝ փորձելով դրանք պատրաստել հնարավորինս արագ, քանի որ մարդիկ ճաշի համար հիմնականում մեկ ժամ են ունենում», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

«Ձմեռային» մենյուի մյուս առանձնահատկությունը նախաճաշի ու ճաշի միջեւ յուրահատուկ բրանչերի մատուցումն է:

«Սա եւս մշակույթ է, որը ցանկանում ենք զարգացնել Հայաստանում: Օրինակ՝ հանգստյան օրերին կարող եք բրանչի գալ ընտանիքով, երեխաների հետ ու հաճելի ժամանակ անցկացնել՝ վայելելով սնունդն ու տեսարանը», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Երեկոյան ժամերին Point of View-ն այս շրջանում աշխատում է հիմնականում կորպորատիվ միջոցառումների կազմակերպման ձեւաչափով.

Լուսանկարը՝ Point of View


«Բազմաթիվ կորպորատիվ հավաքներ, թիմբիլդինգներ ենք ունենում: Անցկացվում են պրեզենտացիաներ, բիզնես հանդիպումներ: Սա այն է, ինչ նախատեսում էինք ռեստորանը բացելուց առաջ՝ դառնալ նաեւ նման միջոցառումների անցկացման հարթակ»:

Ավելի հարմար ինտերիեր

«Ցուրտ սեզոնի համար ինչ-որ չափով փոխել ենք նաեւ ինտերիերը՝ կահույքը դարձնելով ավելի հարմարավետ», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝ Point of View


Ապակիներով փակվել է նաեւ Point of View-ի բացօթյա հատվածը, բայց «rooftop» տեսարանը դրանից չի տուժել:

Լուսանկարը՝ Point of View


«Հետագայում՝ տաք սեզոնին, երբ նորից հնարավոր կլինի օգտագործել բացօթյա հատվածը, նախատեսում ենք փակ մասում թողնել այժմյան ինտերիերը: Այսպիսով կստեղծվի երկու միջավայր. փակ հատվածում մարդիկ հարմարավետ պայմաններում կարող են ընթրել ու դուրս գալ բացօթյա հատված, օրինակ՝ որեւէ խմիչք վայելելու», - ասում է Արսեն Հովհաննիսյանը:

Յանա Շախրամանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին