×

Լուսանկարը՝ Pomodoro

Pomodoro. Իտալական նեղլիկ փողոցի ավանդական ուտեստները

2020 թվականին Իտալիայի հարավի մի փոքրիկ փողոց իր խոհանոցով, նիստուկացով ու ավանդույթներով «տեղափոխվեց» Երեւանի Թումանյան փողոց։ Փողոցի ամենաակտիվ հատվածում, բայց առանց աղմուկի, իր դռները բացեց իտալական Pomodoro ռեստորանը։

Ռեստորանի համահիմնադիր Մարինա Միքայելյանը GastroVino-ին պատմել է իտալական խոհանոցի ավանդույթները պահելու, «փողոցային» ուտեստները ռեստորանային դարձնելու, իտալական աղցաններ ստեղծելու եւ ռեստորանային գործի նրբությունների մասին։

«Դռները պարզապես բացեցինք»

Դեռ համավարակից առաջ էր, երբ որոշեցինք ռեստորան բացել: Սկսեցինք քննարկումները, թե հատկապես որ երկրի խոհանոց ենք ուզում ներկայացնել։ Մտքում ունեինք մի քանի տարբերակ, քննարկումների արդյունքում այդ ցանկը սեղմվեց ու կանգ առանք երկուսի վրա՝ իտալական կամ իսպանական ավանդական խոհանոց։ Ինձ համար առավել նախընտրելի էր իսպանականը՝ իր բազմազան, հարուստ ուտեստներով, որոնք արտացոլում են Իսպանիայի տարբեր տարածաշրջանների խոհարարական ավանդույթները, բայց որոշեցինք սկսել իտալական խոհանոցից՝ մտքում ունենալով հետագայում նաեւ իսպանական խոհանոցը ներկայացնելու գաղափարը։

Մարինա Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


2020-ի հոկտեմբերին մի օր, առանց որեւէ միջոցառման, Pomodoro ռեստորանի դռները բացեցինք այցելուների առաջ՝ առաջարկելով իտալական խոհանոցը ճանաչել ավանդական բաղադրատոմսերով պատրաստված ուտեսների միջոցով։

Pomodoro-ն հայ-իտալական խորհրդանիշ է

Pomodoro-ն (լոլիկ) Իտալիայի խորհրդանիշներից է: Երբ բրենդինգային ընկերությունն առաջարկեց անվան այս տարբերակը, ինձ այն շատ դուր եկավ, հատկապես, որ հայերը նույնպես լոլիկ շատ են սիրում։ Կարծում եմ՝ այն Հայաստանի եւ Իտալիայի համար համի, գույնի, ջերմության ընդհանուր խորհրդանիշ է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանը գտնվում է Թումանյան 32-ում։ Փողոցի այս հատվածը բավական ակտիվ է, ու մարդիկ այս կողմ հիմնականում գալիս են ընդմիջումներին՝ արագ սնվելու համար։ Թեպետ մեր ձեւաչափն այնքան էլ հարմար չէ արագ սնվելու համար, բայց «լանչի» ժամին մեզ այցելում են պաստա, պիցցա, ապուրներ եւ աղցաններ ուտելու համար։ Իսկական ակտիվությունը, սակայն, սկսում է երեկոյան ժամերին, երբ մարդիկ ավարտում են իրենց գործերն ու շտապում Pomodoro՝ հետաքրքիր սնվելու, իտալական միջավայր, իսկ շաբաթվա որոշ օրերին էլ նաեւ կենդանի երաժշտություն վայելելու համար։

Նեղլիկ փողոցի կոնցեպտը

Ռեստորանի ինտերիերի հեղինակը IMAGEMAN Interior & Architecture արվեստանոցի հիմնադիր ու ղեկավար Միքայել Կարսյանն է։ Ես մի քանի անգամ եղել եմ Իտալիայում եւ երկար ժամանակ, երբ աշխատում էի տուրիզմի ոլորտում, առնչություն եմ ունեցել իտալացիների հետ, նրանց բավական լավ եմ ճանաչում։

Լուսանկարը՝ Pomodoro


Ուզում էի, որ Pomodoro այցելող մարդիկ պատկերացնեն ու զգան, թե ինչպես է անցնում մարդկանց կյանքը Իտալիայի հարավի փոքրիկ քաղաքների փողոցներում, որտեղ իտալացիներն ապրում են, սնվում, սիրահարվում, վիճում ու հաշտվում։

Լուսանկարը՝ Pomodoro


Միքայել Կարսյանը շատ արագ ըմբռնեց իմ գաղափարն ու միանգամից սկսեց աշխատել։ Ռեստորանի սրահներից մեկն իր կոնցեպտով նեղլիկ փողոց է, որի պատշգամբների տակ ռեստորաններ, տրատորիաներ ու սրճարաններ են։

Լուսանկարը՝ Pomodoro


Խորքում գինու մառանն է, ռեստորանն ունի բաց եւ փակ խոհանոցներ, պիցցայի ավանդական իտալական վառարան, որի մեջ, բացի պիցցայից, պատրաստվում են նաեւ այլ ուտեստներ։

«Ամենաավանդական» բաղադրատոմսերը

Մեր խոհարարը երկար ժամանակ ապրել ու աշխատել է Իտալիայում, ուտեստների միջոցով կարողանում է փոխանցել այդ երկրի համն ու հոտը։

Լուսանկարը՝ Pomodoro


Ավանդական բրուսկետաները, տաք եւ սառը նախուտեստները, ապուրները, ռիզոտոն, տնական պաստան, իտալացիների կողմից սիրված, տարբեր սոուսներով պատրաստվող կարտոֆիլային պաստան՝ տնական «Նյոկին», վառարանում թխվող տաք ֆոկաչա հացը համտեսողներին «կտեղափոխեն» Իտալիա։

Ֆոկաչան Լուսանկարը՝ Pomodoro


Pomodoro-ի ճաշացանկում ներառված ուտեստներից կառանձնացնեմ նաեւ «Օսսո Բուկոն», այն շատ հայտնի ուտեստ է եւ պատրաստման տարբեր եղանակներ ունի, մենք ընտրել ենք «ամենաավանդականներից» մեկը։

Օսսո Բուկոն Լուսանկարը՝ Pomodoro


Ավանդական ուտեստներից կընդգծեմ նաեւ «Արանչինին», ինչը թարգմանաբար նշանակում է «նարինջներ»։ Իրականում, դրանք նարնջի նմանվող բրնձի տապակած գնդիկներ են՝ լցոնված մսային ռագույով եւ մոցարելլայով։ Իտալիայում այն համարվում է «փողոցային սնունդ», բայց մեր խոհարարը փոխել է մատուցման ձեւն ու դարձրել ավելի ռեստորանային։

Արանչինին Լուսանկարը՝ Pomodoro


Տաք ուտեստներից մեր այցելուներին առաջարկում ենք նաեւ հորթի, խոզի ֆիլեներ՝ ջենովական, «Pepe Verde» եւ այլ ավանդական սոուսներով, ինչպես նաեւ սաղմոնի ֆիլե՝ նարնջի սոուսով, որն իտալական չէ, բայց Իտալիայում շատ սիրված է։

Լուսանկարը՝ Pomodoro


Մեզ մոտ պիցցան մատուցվում է ավանդական ձեւով՝ ափսեով։ Մեր շատ արտասահմանցի հյուրեր հենց այդպես են նախընտրում ուտել, որովհետեւ իտալացիների համար մեկ պիցցան մեկ մարդու ուտեստ է, չեն բաժանում կտորների։ Հնարավորինս փորձել ենք պահպանել իտալական ավանդական մոտեցումները՝ եւ բաղադրատոմսերում, եւ մատուցման ժամանակ։

Լուսանկարը՝ Pomodoro


Իտալական խոհանոցում աղցանների թիվը մեծ չէ։ Մենք իտալական համարվող որոշ մթերքներով՝ մոցարելա, բուրատտա, ռուկոլա, պարզմեզան, պրոշուտտո եւ այլն, ստեղծել ենք հեղինակային աղցանների մեր տեսականին։ Ավելացրել ենք նաեւ այլ մթերքներով աղցաններ, օրինակ՝ ունենք մանգոյով աղցան, ելակով, չենք շրջանցել նաեւ ավանդական «Կեսարը»։ Մեր ամենասիրված աղցաններից են «Pomodoro-ն, «Vitello Fragola»-ն եւ «Mambo Italiano»-ն։

Լուսանկարը՝ Pomodoro


Մեր ձեւաչափն առաքման համար չէ, բայց անակնկալի եկանք, երբ առաքման պատվերների թիվը հետզհետե մեծացավ՝ հատկապես եղանակի ցրտելուն զուգահեռ։ Ռեստորանը համագործակցում է առաքման տարբեր ծառայությունների հետ, բայց հնարավոր է նաեւ պատվիրել ու առցանց վճարել Pomodoro.am կայքում։

Ավանդական աղանդերն ու տրամադրություն բարձրացնող ըմպելիքը

Մեր խոհարարն այս փուլում մշակում է իտալական աղանդերի բաղադրատոմսեր, իսկ մինչ այդ մեզ մոտ հնարավոր է համտեսել տնական «Տիրամիսու», «Բրաունի» եւ անչափ հետաքրքիր մի աղանդեր, որ կոչվում է «Cuore morbido»` «Փխրուն սիրտ»։

Լուսանկարը՝ Pomodoro


Իտալացիները համեղ սնվելուց հետո խմում են «Լիմոնչելլո»՝ մարսողությունը կարգավորելու եւ, ինչու ոչ, նաեւ տրամադրությունը բարձրացնելու համար։ Այն իտալական ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է կիտրոնի կեղեւով։ Կեղեւը 40 օր մնում է սպիրտի մեջ, հետո վրան ավելացվում է ջուր եւ շաքար։ Մեզ մոտ մատուցվող «Լիմոնչելլոն» ինքներս ենք պատրաստվում եւ առաջիկայում կունենանք նաեւ մանդարինով տարբերակ։

Լուսանկարը՝ Pomodoro


Մեր հյուրերին առաջարկում ենք նաեւ սուրճերի եւ ապերիտիվ կոկտեյլների լայն ու հետաքրքիր ընտրանի, իսկ Pomodoro-ի մառանում գինիները հայկական եւ իտալական են։

Լուսանկարը՝ Pomodoro


«Իտալական ուտեստները գրեթե բոլորին դուր են գալիս»

Երբ որոշեցինք բացել իտալական ռեստորան, կարծիքներ կային, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները չեն այցելի, քանի որ օտարերկրացիներին առավել հետաքրքրում են հայկական ուտեստները։ Ես՝ որպես զբոսաշրջիկ, եղել եմ աշխարհի տարբեր երկրներում եւ բոլոր վայրերում էլ այցելել եմ իտալական ռեստորաններ։ Վստահ էի, որ իտալական ուտեստները գրեթե բոլորին դուր են գալիս եւ աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունեն։

Լուսանկարը՝ Pomodoro


Ռեստորանի բացմանը հաջորդած առաջին զբոսաշրջային սեզոնը հաստատեց իմ համոզմունքը։ Մայիսից-հոկտեմբեր ամիսներին մեր այցելուների մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին։ Հիմա էլ մեզ հաճախ հյուր են գալիս Հայաստանում բնակվող օտարերկրացիներ եւ ասում, որ եկել են Pomodoro «Հայաստանում ամենաիտալական ուտեստները վայելելու համար»։

«Ամենահաճելին այն է, երբ հյուրը գոհ է»

Երբ մեկնարկեցին ռեստորանի աշխատանքները, ամեն ինչ լավ էր, հետո սկսվեց համավարակը, ապա՝ պատերազմը, ընթացքում բազմաթիվ դժվարություններ եղան, հիմա էլ հեշտ շրջան չէ, բայց մենք պինդ ենք, անընդհատ մտածում ենք Pomodoro-ն ոտքերի վրա ավելի ամուր կանգնեցնելու եւ դրա պատերի ներսում եղած գաղափարները կյանքի կոչելու մասին։

Լուսանկարը՝ Pomodoro


Pomodoro-ի խոհանոցը նման է լաբորատորիայի։ Գրեթե ամեն օր մի նոր ուտեստ է մշակվում եւ փորձարկվում։ Մեր ճաշացանկը ստատիկ չէ, միշտ համալրվում է նոր ուտեստներով։ Մեր հյուրերը երբեք չեն ձանձրանա, քանի որ միշտ կգտնեն հետաքրքիր ու նոր ուտեստներ։

Ռեստորանային գործում ամենակարեւորը ճիշտ անձնակազմ ունենալն է. մարդիկ, որոնք մեծ սրտացավություն կունենան գործի նկատմամբ, կլինեն նվիրված եւ պատասխանատու։ Մեր թիմը հենց այդպիսինն է։ Մենք ամեն օր կատարելագործվում ենք եւ շարժվում առաջ։

Լուսանկարը՝ Pomodoro


Մեր գործում ամենահաճելին հյուրերի լավ արձագանքն է, երբ այցելուն գոհ է, նշանակում է, որ քո բոլոր քայլերն արդարացված են։ Այս ամբողջ աշխատանքի իմաստն այն է, որ մարդիկ հաճելի սնվեն, ուրախ ժամանակ անցկացնեն եւ հեռանան վերադառնալու ցանկությամբ, ինչպես Իտալիայից են հեռանում՝ կրկին վերադառնալու անզուսպ ցանկությամբ:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին