×

Լուսանկարը՝ Akos Tea Home

Akos Tea Home. Շիրակամուտի անանուխի ու գաթայի բույրով թեյատունը

Թռչկանի ջրվեժ տանող ճանապարհին անանուխի ու գաթայի բույրով նոր «կանգառի» անունն արդեն բացահայտողներ եղել են: 2021թ. աշնան սկզբին Շիրակամուտ գյուղում բացված Ակոս թեյատունը (Akos Tea Home) Հայաստանի գյուղերում մշակվող խոտաբույսերով թեյերի եւ գյուղական սննդի ճաշացանկով է դիմավորում հյուրերին:

Թեյատան հիմնադիր Արմեն Հայրապետյանը GastroVino-ին պատմել է գյուղական թեյատան առանձնահատկությունների, ոչ ռեստորանային մենյուի, խոսել է տարածքում գաստրոնոմիական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության մասին:

Ամեն ինչ սկսվեց առաջին աշխատանքը կորցնելուց

2020 թվականի գարնանը, երբ կորոնավիրուսը սկսեց ակտիվ տարածվել Հայաստանում, փակվեց հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում էի: Այդ շրջանում փակ էին նաեւ մյուս այն ոլորտները, որտեղ կարող էի աշխատել: Սկսեցի տարբեր գործեր անել, օրինակ՝ իմ մեքենայով տաքսի վարել: Աշխատանքի հետ կապված տարբեր գաղափարներ էի ունենում, բայց միակ բանը, որ մտքովս չէր անցնում, այն էր, ինչով հիմա եմ զբաղվում:

Լուսանկարը՝ Akos Tea Home


Շատ պատահական որոշեցի, որ կարելի է թեյի համար նախատեսված խոտաբույսեր փաթեթավորել եւ վաճառել: Այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ զարգանալ. խոտաբույսերի վաճառքին ավելացան այլ մթերքներ՝ մեղր, մրգային պաստեղներ, չրեր, կանաչ հնդկաձավար, հայկական մանր ոսպ, լոբի, հաճար: Շուկայում ներկայացվող մթերքների այս ամբողջ զամբյուղը, որում բացառապես տեղական արտադրանք է, ստացավ «Ակոս» անունը:

Լուսանկարը՝ Akos Tea Home


Վաճառքի հանելու համար մթերքը փաթեթավորելու վայր ընտրեցինք Վանաձորի եւ Գյումրիի մեջտեղում գտնվող Շիրակամուտ գյուղի տներից մեկը: Տանտերը, որը վաղուց ապրում էր երկրից դուրս, երբ իմացավ՝ ինչի համար ենք ցանկանում վարձակալել իր բնակարանը, հրաժարվեց որեւէ գումար վերցնել եւ շատ սիրով տրամադրեց իր տունը: Արտադրամաս ծառայող տունը թեյատան վերածելու գաղափարը շատ արագ զարգացավ:

Շիրակամուտը Թռչկանի ջրվեժի եւ Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին է, իսկ տունը հաճախ էր թեյելու «կանգառ» ծառայում զբոսաշրջիկների համար: Ընդամենը մեկ տարի անցած տունը դարձավ Akos Tea Home եւ ընդունեց իր առաջին հյուրերին:

90-ականների ոճով թեյատունը

Ընդհանրապես այս հատվածում ենթակառուցվածքները այդքան էլ զարգացած չեն, քիչ են հյուրատները, հացատները, սրճարանները: Akos Tea Home-ի բացմամբ փորձում ենք քայլ կատարել նաեւ այստեղ գաստրոուղղությունը զարգացնելու ուղղությամբ: Շրջանի կոլորիտը, տեղացիների ավանդական ճաշատեսակները ներկայացնող հյուրատների, սրճարանների առկայությունը մրցակցություն կստեղծի, ինչն էլ իր հերթին կնպաստի ավելի որակյալ ծառայության մատուցմանը:

Լուսանկարը՝ Akos Tea Home


Թեյատուն դարձնելու համար տունն առանձնապես չենք փոփոխել, թողել ենք 90-ականների ոճով, ինչպես որ կար՝ իր գյուղական շնչով: Այստեղ այցելուն չի ակնկալում ժամանակից դիզայնով սրճարան, այլ վայր, որտեղ կարող է իրեն հարմարավետ զգալ եւ համեղ սնվել:

Լուսանկարը՝ Akos Tea Home


Արշավական խմբերից, զբոսաշրջիկներից բացի՝ թեյատնից սկսել են օգտվել հարակից համայնքների բնակիչները: Այսինքն՝ նման վայրի պահանջարկ տեղի բնակիչների շրջանում եւս կա, որտեղ կարող են գալ նստել, զրույցել, որտեղ իրենց կմատուցեն, կհյուրասիրեն։

6 տեսակի անանուխ

Akos Tea Home-ի մենյուի հիմնական մաս են կազմում ուրցից եւ անանուխից պատրաստվող թեյերը: Շուրջ 6 տեսակի անանուխ ունենք՝ խայտաբղետ, շոկոլադե, կիտրոնի, բանանի hամով, որի տերեւները շոշափելիս բանանի բույր է գալիս, տեղական, անգլիական, որը ամենատարածված տեսակներից է:

Բացի շոկոլադե նանայից՝ մնացած բոլոր տեսակները ձեռք ենք բերում հարակից գյուղերի գյուղատնտեսներից: Նախկինում շոկոլադե տեսակը գնում էինք Նալբանդ գյուղից, բայց քանի որ քանակությունը շատ փոքր էր եւ արագ սպառվում էր, որոշեցինք աճեցնել թեյատան այգում: Անանուխի այս տեսակը շոկոլադե անունը ստացել է ցողունների գույնի պատճառով: Բույրն ու համն էլ շատ հետաքրքիր են:

Լուսանկարը՝ Akos Tea Home


Ընդհանրապես լավ անանուխ աճեցնելու համար կարեւորը ճիշտ ջրելու սխեման է: Դրանք պետք է ջրել կամ առավոտյան, կամ երեկոյան հովին, արեւի տապին ջրելու դեպքում կվնասվեն: Հավաքած անանուխը պետք է չորացնել լավ օդափոխվող եւ չոր պայմաններ ունեցող փակ տարածքում, ոչ արեւի տակ:

Լուսանկարը՝ Akos Tea Home


Անանուխի հավաքը սկսում ենք սեպտեմբերին, իսկ մինչ այդ՝ ամռան ամիսներին մեր հյուրերը կարող են ձեռքով այգուց հավաքել անանուխն եւ պատրաստել իրենց թեյը, որը մատուցվում է տնական գաթայով, հալվայով ու ջեմով:

«Ակոս»-ից սոված չեն գնա

Մենք ռեստորան չենք, որ միշտ ամեն ինչ ունենանք, բայց մեր հյուրերը, հաստատ, սոված չեն գնա: Ունենք կոտլետներ, հարիսա, թանապուր, տապակած կանաչիներ, գյուղական (փուռ դրած) կարտոֆիլ, տոլմա:

Ուտելիքի հետ կապված շեշտը դրվել է գյուղական սննդի եւ տեղական արտադրանքի վրա: Որոշել ենք, որ ամեն ինչ պետք է թարմ լինի, հենց դրա համար էլ մենյուի ավելի երկար պատրաստվող ուտեստների համար հյուրերը պետք է նախապես զանգահարեն եւ պատվերներ անեն:  

Լուսանկարը՝ Akos Tea Home


Մենյուի ձեւավորման հարցում հաշվի ենք առնում նաեւ այցելուների պահանջները: Օրինակ՝ բացման առաջին օրը մեզ այցելած հյուրերից ոմանք հարցնում էին՝ ղավուրմա ունե՞ք: Իրականում լոռեցիների շրջանում ղավուրման շատ տարածված չէ, քիչ են պատրաստում, բայց քանի որ մարդիկ ուզում էին, որոշեցինք դա էլ ունենալ:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին