×

Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Point of View. Նոր ռեստորան ու տեսանկյուն Wine Republic Yerevan–ից

Wine Republic Yerevan ռեստորանային խումբը ներկայացրել է իր նոր նախագիծը․Մելիք Ադամյան 2/2 հասցեում` Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում, բացվել է Point of View «rooftop» ռեստորանը։

Բացման օրը GastroVino–ն զրուցել է Wine Repubic Yerevan–ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանի, Point of View նախագծի ղեկավարների հետ, պարզել մենյուի ու բարի առանձնահատկությունները։

Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել գաստրոնոմիկ քարտեզի վրա

Արսեն Հովհաննիսյան - Point of View-ն նախագիծ է, որը սկսել էինք դեռ 2–3 տարի առաջ, բայց եղավ կորոնավիրուսի համավարակը եւ պատերազմը։ Սա մեր ու Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախագիծն է, որն ունի նաեւ սոցիալական ուղղվածություն. ՀԲԸՄ–ն շահույթի իր մասնաբաժինը նախատեսում է օգտագործել միության ծրագրերում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Համաձայնել ենք այս համագործակցությանը՝ հաշվի առնելով, որ ՀԲԸՄ շենքը Երեւանի ամենահին շենքերից է՝ շատ գեղեցիկ է ու յուրահատուկ։ «Rooftop»-երն ընդունված են ամբողջ աշխարհում ու Երեւանի կենտրոնում լավ տեսարանով վայրերն այնքան էլ շատ չէին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քանի որ Point of View-ն տեղակայված է բիզնես կենտրոնում, հնարավորություն ենք տալու այս շենքի ու շրջակայքի հյուրերին, աշխատակիցներին նախաճաշել, կեսօրին ճաշել: Երեկոյան կոնցեպտը փոխվում է ու Point of View–ն դառնում է «launge» վայր, որտեղ մարդիկ կարող են լիցքաթափվել, զրուցել, լավ երաժշտություն լսել, լավ կոկտեյլներ խմել։ Տարիքային առումով թիրախը 25 տարեկանից բարձր այցելուներն են։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը «special event»–ների անցկացումն է։ Մենք հարթակ ենք ձեւավորում, որտեղ տարբեր միջոցառումներ են տեղի ունենալու՝ մեր, ՀԲԸՄ–ի ու, ինչու չէ, նաեւ այլ կազմակերպությունների համար։ Դրանք կլինեն հանդիպումներ, շնորհանդեսներ, հատուկ ընթրիքներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մյուս առանձնահատկությունը «celebrity» շեֆ խոհարարներն են։ Ունենք աշխարհում բավականին հայտնի թայլանդացի խոհարար, շուտով նաեւ ճապոնացի խոհարար է մեզ միանալու։ Հիմք ենք դնում այս հարթակում միջազգային հայտնի շեֆերին Հայաստան բերելու ու բարձր խոհարարական ուտելիքի ֆորմատ ձեւավորելու համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաճախ կազմակերպելու ենք գաստրո–երեկոներ, օրինակ՝ դիվանագիտական կորպուսի, գործարարների, այլ խմբերի ներկայացուցիչների հետ։ Հայտնի խոհարարների ներգրավվումը բավականին ազդեցիկ է՝ իրենք իրենց հետեւից բերելու են նաեւ այլ խոհարարների։ Այսպիսով կկարողանանք Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել գաստրոնոմիկ քարտեզի վրա։

Երեք բաղադրիչի միքս. համեղ ուտելիք, հանգիստ ու գեղեցիկ տեսարան

Point of View նախագծի ղեկավարներ Արմինե Գեւորգյանն ու Վահան Գասպարյանը նշում են՝ այս «rooftop» ռեստորանից հնարավոր է Երեւանին նայել լավագույն տեսանկյուններից։

Արմինե Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արմինե Գեւորգյան – Անվանումը թարգմանվում է որպես տեսանկյուն: Մեր պարագայում այն մի քանի նշանակություն ունի։ Ուղղակի իմաստով՝ մենք 360 աստիճան տեսարան ունենք դեպի քաղաքը. հիանալի երեւում է Արարատ լեռը, Հանրապետության հրապարակը, Մայր Հայաստանը։ Ամբողջ բրենդինգը հիմնված է երեւանյան սիմվոլների վրա։ Եվ երկրորդ՝ այս ռեստորանը մեր տեսանկյան արտահայտումն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վահան Գասպարյան – Աշխատանքի կոնցեպտի առումով փորձել ենք այցելուների համար հետաքրքիր լինել օրվա բոլոր ժամերին։ Մենյուն բավականին բազմազան է, շեշտադրել ենք եւ՛ նախաճաշի հատվածը, եւ՛ լանչը, իհարկե, նաեւ յուրօրինակ երեկոյան մենյու ունենք։

Վահան Գասպարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս պահին մեր խոհանոցում աշխատում է թայլանդացի շեֆ խոհարար, որը միջազգային բավականին մեծ համբավ ունի, լեհ շեֆ, որը պատասխանատու է սուշիի համար, ու հրուշակեղենի մենյուն մշակած իսպանացի շեֆ խոհարար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Point of View-ում փորձել ենք երեք բաղադրիչի միքս ստանալ՝ ֆանտաստիկ համեղ, թարմ ուտելիք, հանգստանալու, լիցքաթափվելու հնարավորություն, եւ, իհարկե, գեղեցիկ տեսարան։

Ի՞նչ ուտել

Point of View-ի շեֆ խոհարար Շավարշ Այվազյան - Մենյուի առանձնահատկությունը պարզության, բայց միաժամանակ յուրօրինակ համեր ստանալու մեջ է։ Քանի որ մենյուի վրա աշխատել են տարբեր արտասահմանցի շեֆեր, ստացել ենք բավականին բազմազան մենյու։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փորձել ենք պարզ բաղադրիչներից յուրահատուկ ուտեստներ ստանալու, նոր մոտեցումներ ցուցաբերելու սկզբունքով աշխատել։ Օրինակ՝ ութոտնուկի կարպաչոն. ոչ ոք, երեւի, չի պատկերացնի, որ ութոտնուկը կարելի է կարպաչոյի ձեւով մատուցել։

Շավարշ Այվազյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Յուրահատուկ ուտեստ է Դինամիտ սոուսով ծովախեցգետնինները քաղցր–կծու սոուսով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փորձել ենք մոցառելա պանրին նոր տեսանկյունից մոտենալ. մատուցում ենք չերրի լոլիկ՝ ամբողջությամբ պատված մոցառելայով։ Էլի, թվում է՝ պարզ բաղադրիչներ են, բայց շատ յուրօրինակ համ ենք ստացել։

Ի՞նչ խմել

Wine Republic Yerevan ռեստորանային խմբի շեֆ բարմեն Նարեկ Բաղդասարյան - «Point of view–ն վայր է, որտեղ կարող եք խմել շատ բարձրորակ խմիչքներ, այդ թվում՝ կոկտեյլներ։ Կոկտեյլային մենյուն ընդգրկում է 13 կոկտեյլներ, բոլորը հեղինակային են։

Նարեկ Բաղդասարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գլխավոր առանձնահատկությունը՝ չենք օգտագործում որեւէ ոչ բնական ծագում ունեցող բաղադրիչ։ Պարզ համերի յուրահատկությունը դրանց «homemade» բաղադրիչներն են՝ «homemade» օշարակներ, կորդիալներ եւ, բնականաբար, միայն թարմ քամված հյութեր։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին