×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Syrovarnya Armenia՝ Երեւանում բացվել է Նովիկովի նոր ռեստորանը

Երեւանում բացվել է Novikov Group-ի երկրորդ նախագիծը՝ Syrovarnya Armenia-ն։ Ռեստորանի անունը հուշում է, որ այն ուղիղ կապ ունի պանրի արտադրության հետ։ Հյուսիսային պողոտայում գործող իտալական ռեստորանի մենյուի հիմքում կա երեք կարեւոր բաղադրիչ՝ պանիր, լոլիկ եւ լավ խմոր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Syrovarnya Armenia-ի հիմնադիր Ստյոպա Ծառուկյանը GastroVino-ին պատմել է սեփական արտադրամասեր ունեցող ռեստորանի, «դեմոկրատական» մենյուի եւ երբեք չխախտվող սկզբունքների մասին։

Syrovarnya-ն եկավ Հայաստան

Novikov Group-ի հետ համագործակցելու գաղափարն առաջացավ երեք տարի առաջ։ Ընկերներիս միջոցով ծանոթացա կազմակերպության ներկայացուցիչների, ապա՝ հենց Արկադի Նովիկովի հետ։

Ստյոպա Ծառուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պայմանավորվեցինք, որ կուսումնասիրենք ընկերության բոլոր ռեստորաններն ու կընտրենք այն մեկը, որն ավելի հարմար է Հայաստանում ներկայացնելու համար։ Կանգ առանք Syrovarnya ռեստորանի վրա, քանի որ մենյուն բավականին մոտ է հայերի քիմքին, բնավորությանը։

Մեկնարկ՝ Novikov Group-ի մասնագետների հետ

Syrovarnya Armenia-ն գործում է մայիսի 17-ից։ Եթե չլինեին համավարակն ու պատերազմը՝ ռեստորանն ավելի վաղ կբացվեր, բայց խնդիրների պատճառով աշխատանքը մի քանի անգամ ընդհատվել է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ամբողջ թիմը 45 օր ուսուցում է անցել Novikov Group-ում։ Ռեստորանի բացումից առաջ՝ մայիսի 4-ին, ընկերության ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան, մեկնարկը տվեցինք միասին։ Ընկերության տնօրեններից մեկն ասաց, որ «չկա ավելի համեղ Syrovarnya, քան Երեւանում բացվածն է»։ Սրա պատճառը բոլորին է հայտնի՝ հայկական համեղ մթերքն է։

Syrovarnya-ի դեմոկրատական մենյուն

Ռեստորանի հիմքում պանրի գործարանն է, միեւնույն ժամանակ՝ իտալական գյուղական խոհանոցը, սիցիլիական էլեմենտները, Նեապոլի պիցցան, որը պատրաստվում է փայտի վառարանում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Novikov Group-ի հետ համագործակցության սկզբում մեր գործընկերներին ասացինք, որ անհրաժեշտ է մենյուն ադապտացնել Հայաստանին եւ այս գաղափարը դրական արձագանք ստացավ։ Արկադի Նովիկովը դեմ չէ, որ մեր ռեստորանում մատուցվի տոլմա կամ սպաս։ Կարծում եմ՝ հայկական ուտեստներն ավելի դեմոկրատական են դարձրել Syrovarnya Armenia-ի մենյուն։ Հայաստան գալով՝ Syrovarnya-ն մի փոքր նմանվել է հայկական շուկայի մյուս ռեստորաններին, բայց նաեւ համեստորեն իրականացնում է բարձր դասի ռեստորանի իր առաքելությունը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Syrovarnya-ի մենյուի կարեւոր բաղադրիչներից մեկը՝ լոլիկը, ներմուծվում է Ուզբեկստանից։ Զարմանալի է, բայց Հայաստանում չկարողացանք գտնել այն տեսակը, որով պատրաստվում են ռեստորանի ուտեստները։ Դժվարությամբ գտանք նաեւ մեզ անհրաժեշտ մանգոն։ Ներմուծողներն ու արտադրողները պետք է հասկանան, որ իրենք կարող են ռեստորանային ոլորում համ փոխել՝ ճիշտ արտադրանք ներմուծելով։


Որոշ ուտեստների կամ թխվածքների հարցում, որոնց բաղադրիչները բարձր գին ունեն, մենք նվազագույնի ենք հասցրել շահույթը։ Ոչ Novikov Group-ը եւ ոչ էլ մենք պատրաստ չենք սակարկման, վատ մթերք օգտագործելուն։ Կա մի սկզբունք, որը երբեք չի խախտվում՝ կամ պահպանվում են բոլոր ստանդարտները, կամ ուտեստը չի ներառվում մենյուում։

Syrovarnya Armenia-ի մենյուն անընդհատ թարմացվելու է, ունենալու ենք նաեւ սեզոնային համեղ առաջարկներ։

Ռեստորան՝ պանրի գործարանի հիմքով

Ռեստորանի ներսում կա պանրի գործարան, բայց մեծ գործարանը գտնվում է այլ վայրում։ Սա մի փոքր բարդացնում է մեր աշխատանքը, քանի որ պատրաստի արտադրանքն անհրաժեշտ է լինում ռեստորան տեղափոխել ճիշտ ջերմաստիճանային պայմաններում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գործարանում արտադրում ենք վեց տեսակի իտալական պանիր՝ բուրատա, մոցարելա, ստրաչետելա, հալյումի, սկամորցա եւ նույնի ծխեցված տարբերակը։ Պանրի այս տեսակները բոլորի համար են, հարմար են մեր քիմքին եւ շատերը, հավանաբար, արդեն ծանոթ են դրանց։

Պանիրները, որոնք պատրաստվում են մեր արտադրամասում, ոչ միայն մատուցվում են Syrovarnya Armenia-ում, այլ նաեւ վաճառվում են ռեստորանի հենց մուտքի դիմաց գտնվող փոքրիկ վաճառակետում։

Վերահսկում ենք որակի ողջ շղթան

Չեմ ուզում պատմել բուրատայի կամ մոցարելլայի համի, որակի մասին, բայց այն ստանդարտները, որոնք սահմանել է Novikov Group-ը, բարդ աշխատանք են պահանջում։ Պանիրների պատրաստման համար անհրաժեշտ է, որ հատուկ ցեղատեսակի կովերը հստակ ժամին ուտեն որոշակի կեր, ապա կթվեն որոշակի տեխնոլոգիայով, պահպանվեն սառեցման ջերմաստիճանային տատանումները եւ հումքը ճիշտ պայմաններում տեղափոխվի արտադրամաս։ Սա է պատճառը, որ պանրի արտադրությունը կազմակերպվում է օրվա հատուկ ժամերի։ Այս ամբողջ պրոցեսի վերահսկողության համար բավականին երկար ժամանակ է պահանջվում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անհրաժեշտ որակ եւ համ ստանալու ճանապարհին անցել ենք սթրեսային իրավճակներով։ Ռեստորանն արդեն պատրաստ էր, երբ մեր պանրագործը զանգեց ու ասաց, որ աշխատում է Novikov Group-ի իր գործընկերոջ հետ, բայց ցանկալի արդյունք չի ստացվում։ Պարզվեց՝ պատճառը կովերի կերն էր, որի բաղադրության մեջ փոքրիկ շեղումներ կային։ Այսպես կետ առ կետ հաղթահարեցինք բոլոր դժվարություններն ու ստացանք ցանկալի արդյունք։

Աղանդեր՝ նվազագույն ալյուրով

Syrovarnya-ն ունի նաեւ հրուշակեղենի արտադրամաս։ Մեր վարպետները վերապատրաստվել են Novikov Group-ի լավագույն մասնագետների մոտ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Syrovarnya-ի թխվածքների պատրաստման համար օգտագործվում է քիչ քանակությամբ այլուր եւ ավելի մեծ չափով մրգեր ու այլ բաղադրիչներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մի քանի օր է, ինչ գործում ենք, բայց ռեստորանի այցելուներն արդեն հասցրել են սիրել մանգո-մարակույայով չիզքեյքը, բանանով բրաունին, մեղրով եւ աղի պնդուկով թխվածքը։

Զարգացող բար

Syrovarnya-ն ունի հետաքրքիր ու զարգացող բար, կոկտեյլների մենյու, գինու տեսականի, որի ցանկը նույնպես տրամադրել է Novikov Group-ը։ Արտասահմանյան այն գինիները, որոնք Հայաստանում չկան, մեր գործընկեր կազմակերպությունները ներմուծվում են հատուկ մեզ համար։


Syrovarnya-ում ներկայացված են նաեւ հայկական այն գինիները, որոնք համահունչ են ռեստորանի կոնցեպտին։ Մատուցում ենք նաեւ հայկական արտադրության օղի։

Syrovarnya Armenian-ն փոքր հաղթանակ է

Մեր ընտանիքը տարիներ շարունակ զբաղվում է ռեստորանային բիզնեսով, սա մեր առաջին նախագիծը չէ, բայց մյուսներն ունեն հայկական կոնցեպտ՝ «Յասաման», «Գինետուն» ռեստորանները, «Համով տնակ» արագ սննդի կետը։ Հայրս՝ Սամվել Ծառուկյանը, այժմ զբաղվում է Syrovarnya Armenia-ի ռեստորանի ռազմավարությամբ եւ խորհրդատվությամբ։

Ստյոպա Ծառուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Syrovarnya-ն տարբեր քաղաքներում ունի շուրջ 20 մասնաճյուղ։ Այն մեզ համար նոր մարտահրավեր է՝ էլ ավելի զարգանալու, ավելի լավը դառնալու։ Այս ռեստորանը դժվար ժամանակներից հետո փոքր հաղթանակ է, քանի որ կարողացանք Հայաստան բերել մի նախագիծ, որն ամեն օր բազմաթիվ մարդկանց համեղ սնունդ է մատուցում, լավ տրամադրություն հաղորդում, երջանկացնում։ Syrovarnya-ն կարող է զբոսաշրջիկներին հրավիրել մեր քաղաք, փոքր չափով, բայց նպաստել երկրի վարկանիշի բարձրացմանը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին