Ռեստորանային ոլորտում ավելի քան 100 նախագիծ ունեցող Novikov Group-ն իր առաջին ռեստորանն է բացել Հայաստանում՝ Avocado Queen Yerevan-ը։
Սարյան փողոցում բացված ռեստորանն Avocado Queen-ի 8-րդ մասնաճյուղն է, մյուսները գործում են Ռուսաստանի մի քանի քաղաքներում, Իսպանիայում, Բոդրումում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երեւանում բացված ռեստորանի մենյուն եվրոպական եւ ասիական է, հիմնական ուտեստները՝ ավոկադոյով եւ ծովամթերքով։
Avocado Queen Yerevan-ում GastroVino-ին թույլ են տվել մոտ հեռավորությունից հետեւել խոհարարների աշխատանքին, իսկ տնօրեն Ջոն Կասպարովը պատմել է հատուկ տեսակի ավոկադոյով պատրաստվող ուտեստների եւ ռեստորանի մասին։
Գաստրոնոմիկ փողոցի նոր ռեստորանը
Avocado Queen Yerevan-ը բացվել է Novikov Group-ի եւ Pinskiy Co-ի համատեղ ջանքերով։ Բրենդ շեֆը հայտնի ռեստորատոր, խոհարար Գլեն Բալիսն է։
Ջոն Կասպարովը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանի տեղում նախկինում բավական հաջող գործում էր մեր ժամանցի կենտրոնը, բայց հակածխախոտային օրենքը ստիպեց մտածել գործունեության տեսակը փոխելու մասին։ Առաջինը մտածեցինք Avocado Queen-ի մասին։ Մոսկվայի ռեստորանը մեր սիրելի վայրերից մեկն է, որը մեծ պահանջարկ ունի, օրվա բոլոր ժամերին մարդաշատ է։ Այն առաջին Avocado Queen-ն, է եւ գտնվում է Պատրիարքի լճակներում (Патриаршие пруды), որը գաստրոնոմիկ տարածք է, կարելի է համեմատել Երեւանի Սարյան փողոցի հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երեւանում ռեստորան բացելու առաջարկը ներկայացրեցինք Novikov Group-ին, համաձայնությունը ստացանք ու սկսվեց մեր համագործակցությունը։ Միանգամից փակեցինք գործող բիզնեսն ու սկսեցինք աշխատանքները, շատերը զարմացած էին, քանի որ տարածքն ամբողջությամբ քանդեցինք եւ աշխատանքները սկսեցինք զրոյական մակարդակից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այդ ընթացքում ռեստորանի թիմը վերապատրաստում անցավ։ Թեպետ, արդեն 5 տարի է, ինչ այս ոլորտում ենք, բայց անհրաժեշտ էր ծանոթանալ արդեն գոյություն ունեցող եւ շատ կարեւոր չափանիշներին։
Բաց ու փակ խոհանոց
Avocado Queen Yerevan-ն ունի երկու խոհանոց՝ փակ եւ բաց։ Առաջին հարկում փակ խոհանոցն է, որտեղ դասակարգում են սնունդը, իսկ երկրորդ հարկում բաց խոհանոցն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրահում նստած այցելուն կարող է տեսնել խոհարարների աշխատանքը, ուտեստի պատրաստման ընթացքը։ Ինքս էլ, եթե որեւէ վայր եմ այցելում, ուր կա բաց խոհանոց, գերադասում եմ նստել մոտ հատվածում ու հետեւել խոհարարների աշխատանքին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բաց խոհանոցում աշխատանքը հատուկ կարգուկանոն է պահանջում, որովհետեւ ամեն ինչ այցելուի աչքի առաջ է: Փորձառու խոհարարները, երբեմն, դժգոհում են, բայց մեր թիմի անդամերը հեշտությամբ համաձայնեցին աշխատել նման ձեւաչափով խոհանոցում, որովհետեւ գիտակցում են, որ բաց խոհանոցը ռեստորանի համար կարեւոր դեր ունի։
Healthy superfood
Avocado Queen Yerevan-ում փորձում ենք համատեղել առողջ սնունդն ու հետաքրքիր բարը։ Ունենք վեգան սնունդ, առանց գլյուտենի հացեր, չիպսեր։ Մենյուն այնպիսին է, որ կարող ենք սպասարկել եւ այն մարդկանց, ովքեր նախընտրում են բացառապես առողջ սնունդ, եւ նրանց, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն դրանով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Փորձում ենք մարդկանց աստիճանաբար բերել դեպի առողջ սնունդ, որովհետեւ մեր ռեստորանի ամեն մի ուտեստ փորձելուց հետո ցանկություն է առաջանում կրկին ճաշակել այն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր ճաշացանկի ուտեստների 80%-ում ավոկադոն պարտադիր բաղադրիչ է։ Ծովամթերքի եւ մյուս բաղադրիչների հետ համադրությունից բացի՝ ունենք նաեւ ավոկադոյով աղանդեր՝ «Մաչա, ավոկադո, լայմ», «Ավոկադո տարտ»։ Թարմ ավոկադոն օգտագործում ենք նաեւ կոկտեյլներ պատրաստելիս։ Լավ հասած ավոկադոն «շեյք» անելիս հալվում է ու հետաքրքիր համ ստանում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում կարծրատիպ կա, որ ավոկադոն համեղ չէ, պատճառը երկիր ներկրվող տեսակն է, այն հաճախ ունի ցածր յուղայնություն, դառնություն։ Մի քանի օր է, ինչ գործում ենք, բայց արդեն դեպքեր եղել են, երբ այցելուն եկել է մեր ռեստորան ու ասել, որ չի սիրում ավոկադո։ Նման կարծիք լսելուց հետո պարզապես մի ավոկադո կտրում եմ ու առանց որեւէ համեմունքի հյուրասիրում, մարդիկ միանգամից փոխում են իրենց վերաբերմունքը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այժմ ներկրում եւ մեր ուտեստներում օգտագործում ենք «խաս» տեսակի ավոկադո, որն ունի բարձր յուղայնություն։ Կախված սեզոնից եւ անհրաժեշտությունից՝ տարվա ընթացքում, հնարավոր է, որ ներմուծենք տարբեր տեսակի ավոկադոներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մոսկովյան» ձեռագիր
Հայաստանում ռեստորանային ոլորտը բավականին զարգացած է, հետաքրքիր, բայց Avocado Queen Yerevan-ում նոր, «մոսկովյան» ձեռագիր է։ Մեր խոհանոցը մինիմալիստական է, որը թույլ է տալիս զգալ սննդի, պրոդուկտի համը՝ գեղեցիկ համադրությամբ։ Մեր ուտեստները պարզ են այցելուի համար, բայց բարդ՝ պատրաստման տեսանկյունից եւ աշխատատար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սկզբում կարող է թվալ, թե ուտեստները հայերի քիմքին այնքան էլ հարմար չեն, բայց յուրաքանչյուր ռեստորանի մենյուն կազմելիս պրոֆեսիոնալները մեծ աշխատանք են տանում։ Հնարավոր չէ բոլոր երկրներում ուտեստը նույնությամբ մատուցել, դրա համար էլ բաղադրատոմսերը հնարավորինս հարմարեցվում են այն վայրի մարդկանց քիմքին, որտեղ բացվելու է նոր ռեստորանը, նաեւ այնպես է արվում, որ ուտեստները հետաքրքիր լինեն, համեղ ու տարբերվող։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եթե Մոսկվայի ռեստորանում մսային ուտեստները շատ չեն, ապա Երեւանում թիվը մի փոքր ավելի է։ Օրինակ՝ մատուցում ենք նեխուրի արմատի խյուսով նապաստակի միս, բաթաթի (քաղցր կարտոֆիլ) խյուսով ու լոլիկի մարմելադով բադի միս, սթեյք՝ ավոկադոյով եւ լոլիկի սալսայով։
Զուսպ մեկնարկ
Avocado Queen Yerevan-ն ընդամենը մի քանի օր առաջ է բացվել։ Փորձել ենք մի քիչ զուսպ մեկնարկել, որպեսզի թիմը կարողանա սովորել համատեղ աշխատանքին, վստահ լինել, որ անթերի կկարողանանք սպասարկել բոլոր հաճախորդներին։ Սա է պատճառը, որ դեռեւս աշխատում ենք առավոտյան 11-ից եւ նախաճաշ չենք մատուցում։ Երբ մտավախություն չենք ունենա, որ որեւէ այցելուի դեպքում ուշացում կունենանք կամ պահանջված չափանիշներից կշեղվենք, այն ժամանակ էլ կսկսենք ավելի վաղ բացել ռեստորանը, նախաճաշ մատուցել, իսկ երեկոյան մեզ մոտ կոկտեյլային տրամադրություն կլինի։
Ջոն Կասպարովը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս պահին մեր ամենակարեւոր նպատակը լավ, համեղ սնունդ մատուցելն է, ինչը, կարծես թե, վատ չի ստացվում։
GastroVino-ն երեւանյան ռեստորանի մեկնարկի կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել նաեւ Novikov Group-ի մոսկովյան գրասենյակից, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Avocado Queen կոնցեպտը Novikov Group-ը ակտիվորեն զարգացնում է 2018 թվականից: Առաջին ռեստորանը, որի խոհանոցն ամբողջովին հիմնված է վերջին տարիների հիմնական սուպերֆուդի՝ ավոկադոյի վրա, բացվել է Մոսկվայում Պատրիարքի լճակներում: Հիմա Avocado Queen ռեստորանները բացվել են մայրաքաղաքի մոդայիկ կետերում, Ռուսաստանի մարզերում, ինչպես նաեւ արտասահմանում:
Պատրաստվելով յուրաքանչյուր նոր ռեստորանի բացմանը՝ մեր հոլդինգը խնամքով ընտրում է հարմար վայր, որտեղ ըստ արժանվույն կգնահատվեն բրենդ շեֆ Գլեն Բալիսի Healthy Comfort Food-ի մոդայիկ կոնցեպտը եւ հեղինակային խոհանոցը: Եվ Երեւանը, որպես ԱՊՀ երկրների ամենաժամանակակից քաղաքներից մեկը, չափազանց սազական էր հերթական Avocado Queen-ի բացման համար»:
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: