×

«Ջուլիկ, մի հատ լանգետ». հայտնի սքետչի «հերոսը» EVN by Grtnak-ում

Աբովյան 3/1 հասցեում գործող EVN by Grtnak-ի ճաշացանկում երկու անուն կա, որոնք համեղ սնվել սիրողների ուշադրությունն առավել շատ են գրավում՝ «Ջուլիկի լանգետն» ու արքայախնձորի կեղեւի մեջ մատուցվող հավի կրծքամիսը:

Ջուլիկի լանգետը

«Ջուլիկ, մի հատ լանգետ». «Կարգին հաղորդման» սքեթչից հայտնի արտահայտությունը հիշեցնող Ջուլիկի լանգետը արդեն հասցրել է դառնալ EVN by Grtnak-ի ճաշացանկի ամենապահանջվածներից:

«Ցանկանում էինք տնական ինչ-որ ուտեստ մատուցել, որ հաճախորդը պատվիրելուց եւ ուտելուց իրեն տանը զգա: Խոհարարների հետ քննարկեցին ու որոշեցինք, որ այդ ուտեստը տավարի մսով լանգետ կլինի:


Բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը որոշելուց հետո մնացել էր անվան ընտրության հարցը: Հիշեցի հայտնի հումորային հաղորդումից «Ջուլիկ, մի հատ լանգետ»-ն ու հենց այդ տարբերակով էլ առաջարկեցի: Խոհարարների առաջին արձագանքն այսպիսին էր՝ ամոթ է, այդպիսի բան չենք անի, մենյուում չի կարելի, բայց ես չհրաժարվեցի այդ մտքից ու ճաշացանկում հենց այսպես էլ գրվեց՝ #Ջուլիկիլանգետ»,- GastroVino-ի հետ զրույցում պատմել է սրճարանի հիմնադիր Իննե Սախկալյանը:

EVN by Grtnak-ի խոհարար Արտակ Մարտիրոսյանն էլ ասել է, որ «Ջուլիկի լանգետը» պատրաստում են տավարի հնեցված ֆիլեից՝ հատուկ տեխնոլոգիայով:


«Լանգետի համար օգտագործում ենք դեմիգլաս սոուսը, որը պատրաստվում է տավարի վառած ոսկորներից ու գինուց: Այս սոուսի պատրաստման համար պետք է շատ համբերատար լինել, քանի որ երկար ժամանակ է պահանջվում խոհարարից»,- պատմել է նա:

Արքայախնձորով հավի կրծքամիս

Արքայախնձորի կեղեւի մեջ մատուցվող հավի կրծքամիսը եւս սրճարանն իրեն հատուկ ձեւով է պատրաստում: Այս ուտեստը ոչ միայն գաստրոնոմիական, այլեւ էսթետիկ հաճույքն է ապահովում։


Խոհարարի խոսքով՝ այն ներդաշնակեցնում է քաղցր եւ աղի համերը:

«Հատուկ համեմունքներով մարինացված հավի կրծքամիսը տապակած արքայախնձորի ու բուլղարական կանաչ ու կարմիր պղպեղի կտորների հետ դասավորում ենք նավակի տեսք ունեցող արքայախնձորի կեղեւի վրա: Մատուցում ենք տերիյակի սոուսով եւ բրնձով»,- ասել է խոհարարը:

Արփի Ջիլավյան

Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:


 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին