×

Mousse Cake House. Ռոքֆելերի խոսքերն ու մատչայի գաղտնիքները

Յուրահատուկ բիսքվիթ, մրգային ժելե ու նուրբ մուսային շերտեր. Երեւանում արդեն կարելի է գտնել տարբերվող համային համադրություններով մուսային տորթեր Mousse Cake House-ից: Այն նորաբաց ընտանեկան բիզնես է, որն առաջարկում է բնական հումքով պատրաստվող մուսային դեսերտներ:

Քաղցր բիզնեսի մասին GastroVino-ն զրուցել է հիմնադիրներ Էռնեստ Շաբոյանի եւ Մարինա Կուդբալյան-Շաբոյանի հետ:

Հոբբիից՝ բիզնես

Մարինա Կուդբալյան-Շաբոյանը մասնագիտությամբ բուժքույր է: Նախկինում հրուշակագործության մեջ այնքան էլ հմուտ չի եղել, միայն հասարակ թխվածքներ է պատրաստել: Նրա ամուսնու՝ Էռնեստ Շաբոյանի խոսքով՝ տորթերի պատրաստման հանդեպ հետաքրքրությունն առաջացել է ընտանիքի ընկերներից մեկի տրամադրած «Էսկիմո» թխվածքի բաղադրատոմսից հետո:

Էռնեստ Շաբոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այդ տորթն իր մոտ շատ լավ ստացվեց: Դրանից հաճախ էր պատրաստում: Երբ հյուր էինք գնում, միշտ «Էսկիմո» էինք տանում, քանի որ դեռեւս միայն դա էր ստացվում: Խնդիրն այն էր, որ «Էսկիմոն» ճանապարհին կարող էր փչանալ: Դրա համար էլ սկսեցինք փնտրել այլ տեսակի տորթեր, որոնք ավելի երկար մնալով՝ համային որակները չէին կորցնի: Այդպես, մեզ համար բացահայտեցինք մուսային դեսերտները»,- պատմում է Էռնեստ Շաբոյանը:

Մուսային տորթերից առաջինը, որը փորձեց պատրաստել Մարինան, հետագայում ստացավ «Ճերմակ ամպիկ» (White Cloud) անունը: Այն բիսքվիթային ու մուսային շերտերի եւ մրգային կամ հատապտղային ժելեի յուրահատուկ համադրություն է: Հետզհետե, տորթերի պատրաստումը Մարինայի համար հոբբի է դառնում, իսկ ավելի ուշ ամուսինները որոշում են բիզնես սկսել:  

Տորթ White cloud Լուսանկարը՝ Մեդիամաքս եւ Mousse Cake House


«Շուկան մոնիթորինգ անելուց հետո հասկացանք, որ մուսային դեսերտները համեմատաբար ավելի քիչ են, քանի որ եւ´ բաղադրիչներն են թանկ, եւ´ պատրաստումն է բարդ: Այնուամենայնիվ, պետք էր նաեւ ինչ-որ բանով առանձնանալ: Որոշեցինք տորթերը պատրաստել բացառապես բնական հումքով՝ առանց սննդային ներկանյութերի»,- պատմում է Էռնեստը՝ հավելելով, որ անհրաժեշտ օրգանական հումքը Մարինայի ընտանիքի անդամներն են ԱՄՆ-ից ուղարկում:

Համառությունն անհրաժեշտ է

Մուսային դեսերտները պատրաստման հատուկ բարդություններ ու նրբություններ ունեն: Մարինան հաջողում էր համային հաճելի համադրություններ ստանալ, սակայն սկզբնական շրջանում արտաքին տեսքը գեղեցիկ պահպանելը բավականին բարդ էր:

Մարինա Կուդբալյան-Շաբոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ջերմաստիճանի մի փոքր տատանում ու տորթն այլեւս չէր ստացվում: Շատ համեղ էր, սակայն շերտերը ծորում էին: «Պատրաստման տեխնիկան բավականին բարդ էր ու չէի կարողանում հասկանալ դրա նրբությունները»,- պատմում է Մարինան:

Տորթ Orange lake Լուսանկարը՝ Mousse Cake House


Մի օր Էռնեստը Մարինային է ուղարկում ամերիկացի բիզնեսմեն, միլիարդատեր Ջոն Դեւիսոն Ռոքֆելերի խոսքերը համառության մասին.

«Չեմ կարծում, թե հաջողության հասնելու համար համառությունից զատ կա որեւէ այլ ավելի կարեւոր մարդկային որակ: Համառությունը հաղթահարում է գրեթե ամեն ինչ, անգամ մարդկային բնությունը»:

Այս խոսքերը ոգեւորում են Մարինային, ու նա սկսում է համառորեն աշխատել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ամեն չստացված տորթի միջոցով մի նոր բան էի սովորում: Հասկանում էի, թե որտեղ էր սխալս, սովորում էի ուշադրություն դարձնել ջերմաստիճանի անգամ մեկ միավորի տարբերությանը: Հաջորդ անգամ պատրաստելիս նախորդ փորձն ամբողջապես հաշվի էի առնում: Անդադար փորձելու համառության շնորհիվ էլ սկսեցի հաջողել»,- հիշում է Մարինան:

Ընկերների օգնությամբ կարողացան բրենդ ստեղծել, եւ ընդամենը մեկ ամիս անց Mousse Cake House-ն արդեն ունի պատվիրատուներ ու համագործակցության առաջարկներ:

Տորթ Choco Լուսանկարը՝ Mousse Cake House


Մատչայի գաղտնիքը

Mousse Cake House-ն արդեն առաջարկում է 10-ից ավելի տորթեր՝ Purple sky, Orange lake, Matchadream, MatchaAll եւ այլն: Առկա տեսականու արժեքը տատանվում է 9 000-18 000 դրամի շրջանակում: Տորթերից մի քանիսի գլխավոր բաղադրիչը ճապոնական մատչայի փոշին է, որն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ:

«Մատչան պարունակում է մի շարք կարեւոր տարրեր՝ Ca, K, Fe, F, J , եւ վիտամիններ, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը, հիշողության եւ ուղեղի աշխատանքի բարելավմանը, իմունային համակարգի ամրապնդմանը: Կա մատչայի օգտագործման ճիշտ չափաբաժին, որը տորթերում պահպանում ենք:

Տորթ Matchadream Լուսանկարը՝ Mousse Cake House


Հրուշակագործության մեջ մատչայի առավելություններից է նաեւ այն, որ այն չեզոքացնում է նախորդ համը՝ թույլ տալով, որ համի ընկալիչները լիարժեք զգան տորթի հաջորդ համային ելեւէջները»,- մանրամասնում է Էռնեստը:

Չվախենալ չհաջողելուց

Մարինայի պատրաստած տորթերը տարբերվում են վառ գույներով, որոնք բոլորը ստացվում են բնական մթերքներով ինպրովիզացիաների շնորհիվ: Հաճախորդների կողմից շատ սիրված են նաեւ նարնջի բնական մզվածքով եւ գազարով պատրաստված տորթերը:

Տորթ Purple sky Լուսանկարը՝ Mousse Cake House


«Այժմ շարունակում եմ նոր բաղադրատոմսեր փորձել ու մասնագիտական գրականություն ուսումնասիրել: Առաջիկայում նաեւ ռուսաստանյան հրուշակագործի վարպետության դասերին եմ մասնակցելու: Որպես սկսնակ բիզնեսի հիմնադիր՝ խորհուրդ եմ տալիս չվախենալ չհաջողելուց, այլ փորձել հասկանալ՝ ինչում է սխալը: Եվ նորից՝ չվախենալ»,- ասում է Մարինան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամուսինների նպատակն է հետագայում հիմնել հրուշակեղենի խանութ-սրճարան: Մարինան ձգտում է նաեւ ստեղծել հեղինակային տորթեր, որի առաջին քայլերն արդեն իսկ անում է. Mousse Cake House-ի յուրաքանչյուր բաղադրատոմս հագեցած է հեղինակային տարրերով:

Գայանե Ենոքյան

Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին