Սեւ խավիար արտադրող աշխարհահռչակ Petrossian ապրանքանիշը, որն իր գործունեությունը Ֆրանսիայում սկսել է մեկ դար առաջ, մեկնարկել է Mantchouk par Petrossian (Mantchouk by Petrossian) անունով հայկական ու ռուսական խոհանոցի ուտեստների պատրաստմամբ զբաղվել:
Petrossian ընկերության հիմնադիր եղբայրներից մեկի՝ Մուշեղ Պետրոսյանի թոռը՝ Միքայել Պետրոսյանը, որը ներկայում ղեկավարում է Petrossian բրենդը, ֆրանսիական GQmagazine-ի հետ զրույցում ասել է, որ Mantchouk par Petrossian-ի ստեղծման համար իրեն ոգեշնչել են Իրինա տատի ու մորաքույրների լավագույն ուտեստները:
Միքայել Պետրոսյանը «Մանչուկ»-ի ստեղծումը նաեւ յուրահատուկ հարգանքի տուրք է համարում իր ծագմանն ու արմատներին: Անվան ընտրությունը եւս պատահական չէ՝ մանկության տարիներին տատն ու մորաքույրները «մանչուկ»-ով են կանչել իրեն:
«Mantchouk par Petrossian-ի ներկայացրած ուտեստներն ավելի լավ հասկանալու համար պետք է խորանալ Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված Պետրոսյանների հիշողությունների մեջ, որոնք վերակենդանացել են ընտանեկան բաղադրատոմսերի գրքերի շնորհիվ»,- ասել է նա:
Միքայել Պետրոսյանը
Ընկերության ղեկավարը պատմել է, որ եղբոր հետ ուսումնասիրել են տատին պատկանող բաղադրատոմսերի գիրքն ու հասկացել, որ այնտեղ ներկայացված ուտեստների հիմնական մասը ֆրանսիացիներին անծանոթ են: Նաեւ նշել է, որ թեեւ Ֆրանսիայում մեծ հայ համայնք կա, բայց հայկական ռեստորանները քիչ են:
«Ցանկանում ենք մարդկանց ծանոթացնել մեր պապի ու տատի ընտանեկան խոհանոցի հետ, որն առատ է, մատչելի եւ տարբերվող Petrossian-ի մյուս արտադրանքներից՝ խավիարից ու ապխտած սաղմոնից»,- ասել է Միքայել Պետրոսյանը:
Մսով պիրոգ | Լուսանկարը՝ Elise Dumas/The Pineapple Chef
Mantchouk par Petrossian-ի ճաշացանկում ռուսական խոհանոցից ներառված են տապակած կարկանդակներ՝ լցոնված սպանախով կամ ոչխարի պանրով, տավարի մսով, ձվով, բրնձով եւ սամիթով պատրաստված պիրոգ, սաղմոնի կուլեբյակա, կարմիր ճակնդեղով ավանդական բորշչ, մարինացված կաղամբի աղցան, բլինչիկներ:
Բորշչ | Լուսանկարը՝ Elise Dumas/The Pineapple Chef
Հայկականից՝ տոլման, լավաշը, հայկական լազանյա համարվող սու բյորեկը, որը պատրաստվում է սպանախով ու պանրով:
Մանթի | Լուսանկարը՝ Elise Dumas/The Pineapple Chef
Որպես աղանդեր «Մանչուկ»-ն առաջարկում է ռուսական վատրուշկաներ (շոռակարկանդակ), խնձորի շտրուդել, կարամելով եւ ընկույզով պիրոգ, իսկ խմիչքներից՝ գինի, գարեջուր, կվաս եւ օղի:
Mantchouk par Petrossian-ի ուտեստները վաճառվում են Փարիզում գտնվող Boutique Petrossian Courcelles-ում:
Պատրաստեց Արփի Ջիլավյանը
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: