Ավան վարչական շրջանի նորաբաց «Կորիզ» ռեստորանը համեղ ուտեստների սիրահարներին առաջարկում է կտրվել կենտրոնի աղմուկից ու խցանումներից։ Ռեստորան գնալու համար ավանցիներն արդեն կարիք չունեն «կենտրոն իջնելու», իսկ կենտրոնի բնակիչներին առաջարկվում է Երեւանն ավելի լավ բացահայտել՝ «Կորիզ» այցելելով։
Ավանցու համար
«Կորիզ» ռեստորանը պետք է բացվեր դեռ 2020-ի մարտին, սակայն համավարակի բռնկման պատճառով ռեստորանը սկզբնական փուլում սահմանափակվեց միայն պիցցայի ու պաստայի առաքումներով: Ամիսներ անց սկսեց գործել ռեստորանի բացօթյա հատվածը, որոշ ժամանակ հետո էլ՝ ներսի ընդարձակ տարածքը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր ռեստորանի ամբողջ հետաքրքրությունը հենց Ավանում գտնվելու մեջ է: Մեր նպատակն է զարգացնել կենտրոնից դուրս հատվածները, քանի որ Երեւանը միայն կենտրոնը չէ: Ընդունված է, որ Երեւանի ցանկացած ծայրամասում լինի միայն գարեջուր խմելու վայր, որտեղ միայն տղամարդիկ կհավաքվեն: Մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպերը. արդեն յոթ ամիս է՝ գործում ենք, ու կարող եմ վստահաբար ասել, որ մեզ մոտ դա ստացվում է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր մշտական այցելուները երիտասարդներ են, ընտանիքներ: Հարմարավետություն ու լավ ժամանց կարող է լինել նաեւ կենտրոնից դուրս, այլ ոչ կենտրոնի՝ իրար շատ մոտ գտնվող սրճարաններում»,- մեզ հետ զրույցում ասում է «Կորիզ» ռեստորանի PR եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Լուսինե Օհանջանյանը:
Լուսինե Օհանջանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանը հիմնել են երեք ընկեր, որոնցից մեկը նաեւ Basic Center խանութների ցանցի հիմնադիրն է։ Առաջին Basic Center խանութը 13 տարի առաջ բացվել է հենց Ավանում. այսքան տարիների գործունեության արդյունքում հիմնադիրներն արդեն հասցրել են լավ ճանաչել Ավանի բնակիչներին ու ծանոթանալ նրանց նախասիրություններին: «Կորիզ» ռեստորանն էլ գտնվում է հենց Basic Center-ի հարեւանությամբ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բավականին մեծ ներդրում ենք արել ռեստորանում։ Կենտրոնում նման ներդրումն ավելի քիչ ռիսկային կլիներ, բայց մենք գնացել ենք այդ ռիսկին ու պատրաստվում ենք շարունակել իրականացնել մեր գաղափարը։ Չի բացառվում, որ Երեւանի մյուս ծայրերում էլ զարգացնենք ռեստորանային բիզնեսը», - ասում է Lուսինեն: Նա հավելում է, որ «Կորիզը» միայն Ավանի բնակիչների համար չէ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր ռեստորանը նաեւ հատկապես այն մարդկանց համար է, որոնք իրենց հիմնական ժամանակն անցկացնում են կենտրոնում։ Այս դեպքում «Կորիզ»-ը կարող է առիթ դառնալ ծանոթանալու Երեւանի այլ վայրերին»։
Ոչ հայկական
Փորձել են ստեղծել միջերկրածովյան խոհանոցը ներկայացնող ռեստորան՝ շեշտը դնելով հատկապես իտալական, իսպանական, հունական ուտեստների վրա: Իտալացի շեֆ-խոհարար Ֆեդերիկո Մինունին է մշակել «Կորիզ»-ի ամբողջ ճաշացանկը։ Ֆեդերիկոն իր կարիերայի ընթացքում հասցրել է շատ տարբեր երկրներում աշխատել ու ծանոթանալ ոչ միայն իտալական, այլեւ եվրոպական ու լատինաամերիկյան խոհանոցներին:
«Կորիզ» ռեստորանի շեֆ-խոհարար Ֆեդերիկո Մինունին | Լուսանկարը՝ «Կորիզ»
Այս ռեստորանում շատ պահանջված են պիցցանները, տապակաները, ծովամթերքով պաելյաները, հատուկ սոուսներով պաստաները: Կան նաեւ մսի եւ ձկան հատուկ ուտեստներ։
Լուսանկարը՝ Կորիզ»
Համեղ պիցցայի գաղտնիքն աղյուսապատ վառարանն է, որը ներկայացված է վերեւի խոհանոցում. պիցցաները պատրաստվում են հենց հաճախորդի աչքի առջեւ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանում գործում է նաեւ առանձնացված բար, իսկ հիմնական մեծ խոհանոցը գտնվում է ներքեւի հարկում։
Լուսանկարը՝ «Կորիզ»
Աչքի են ընկնում նաեւ յուրօրինակ աղանդերը, շեֆ-խոհարարի հեղինակած թխվածքները։
Լուսանկարը՝ «Կորիզ»
Սկիզբը կորիզն է
Լուսինեի խոսքով՝ փորձում են չզիջել բարձրակարգ ռեստորաններին, այդ պատճառով էլ այստեղ «Ավանի գներ» չեն։
Լուսանկարը՝ «Կորիզ»
Տարածքը մեծ է, սեղանները բավականաչափ իրարից հեռու են դրված, ինչն էլ ազատ տարածություն է տալիս երեխաների շարժին: Ընտանեկան ու ընկերական հանգիստ միջավայրն, իսկապես, ապահովված է։
«Կորիզ»-ում շատ են կարեւորում նաեւ բնությունը, դրա համար էլ ռեստորանն անվանել են «Կորիզ»։ Ըստ հիմնադիրների՝ կորիզն ամեն ինչի սկիզբն է, նրանք էլ պլանավորում են ռեստորանը նոր գաղափարների սկիզբ դարձնել: Օրինակ, փորձելու են դրսի հատվածն ավելի մեծ այգու վերածել: Ռեստորանի բացման ժամանակ հյուրերին անգամ առաջարկել էին իրենց անուններով սերմ տնկել հողի մեջ ու մասնակցություն ունենալ այգու զարգացման գործում. բույսերի մի մասն արդեն տեղափոխել են այգի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կորիզ»-ի PR եւ մարքեթինգի բաժնի ղեկավարը պատմում է, որ այստեղի հաճախորդները մշտապես իրենց շնորհակալություն են հայտնում՝ Ավանում նման «տեղ» բացելու համար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Դժվար էր սկսել աշխատանքը համավարակի ժամանակ։ Կարելի է ասել, մեր ամբողջ բիզնեսը մարտահրավերներ հաղթահարելու վրա է կառուցված։ Ավանում ռեստորան՝ մարտահրավեր է, համավարակի ընթացքում ռեստորանի բացում՝ մարտահրավեր է: Մենք, սակայն, շատ ավելին ստացանք, քան ակնկալում էինք, պատկերացրեք՝ ռեստորանի առաջին երեկոյի համար սեղանների պատվերները նախօրոք մեկ օրում արդեն ավարտվել էին»,- ասում է Լուսինեն։
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Կորիզ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: