Ռեստորանների հայկական միությունը (ՌՀՄ) հայտարարել է, որ որեւէ առնչություն չունի հուլիսի 9-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի հետ, եւ ՌՀՄ որեւէ անդամ չի մասնակցել դրան։
«Ռեստորանների Հայկական Միությունը նաեւ անթույլատրելի է համարում հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ճգնաժամը արդեն որերորդ անգամ քաղաքականացնելու փորձերը որոշ անհատների, անհայտ փորձագետների եւ ռեստորանային ինդուստրիայի հետ կապ չունեցող այլ ոլորտների շահերը ներկայացնողների կողմից։
Առաջնահերթ համարելով հանրային առողջությունը, Միության անդամները խստիվ պահպանում են հակահամաճարակային կանոնները, եւ ներկայումս հնարավոր չեն համարում բազմամարդ միջոցառումների անցկացումը՝ կրելով դրա ֆինանսական հետեւանքները։
Հանրային սննդի ոլորտում իրապես կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու նպատակով Միությունը բանակցում է կառավարության հետ՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ։
Մենք լիահույս ենք, որ այդ առաջարկները մոտ ապագայում ընդունվելու են, եւ ոլորտը կարողանալու է դուրս գալ ճգնաժամից առաջիկա տարվա ընթացքում իրականացվելիք պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ», - ասված է ՌՀՄ հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: