×

«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացրել է իր գյուղատնտեսական ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա։

Ֆերմայում իրականացվում է մեքենայացված կիթ. կովերի մաքուր, ախտազերծված կաթն խողովակներով հոսում է դեպի փակ սառնարան՝ զերծ մնալով արտաքին միջավայրի հետ շփումից եւ պահպանելով համային ու հոտային որակական հատկանիշները: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելով` հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ անցնում է անհրաժեշտ մշակումները՝ պաստերիզացումից մինչեւ փաթեթավորում:


Կաթի որակի ապահովման գործում մեծ դեր ունի կենդանիների  կերակրման գործոնը. հիդրոպոնիկ համակարգով աճեցված  թարմ կանաչ  կերի եւ առվույտի վիտամիններով ու ֆերմենտներով հարուստ խառնուրդը, հատուկ կերախոհանոցում վերամշակում անցնելուց հետո, մատակարարվում է կենդանիներին: Ֆերմայում ավտոմատացված է նաեւ կերի բաժանումն ու կերակրման գործընթացը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ հատկապես այս ժամանակահատվածում կարեւոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին եւ գործարարների ուշադրությունը հրավիրել այս հեռանկարային ոլորտի վրա։

Դավիթ Երեմյանը եւ Տիգրան Խաչատրյանը


«Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար 7-8 մլն դոլարի ներդրում է պահանջվել, որից 600 000 դոլարը պետական սուբսիդավորում է։ 2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում այս ներդրումների իրականացման շնորհիվ մեկնարկեցինք ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ գործարկեցինք խոզաբուծական եւ տոհմային տավարաբուծական ֆերմաները: Ձեռք բերեցինք մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ եւ սկսեցինք կաթի ու կաթնամթերքի արտադրությունը: Ներկա պայմաններում գործարարների համար ավելի խելամիտ է ներուժն ուղղել դեպի  հեռանկարային եւ զարգացման տեսլական ունեցող ոլորտներ, եւ այս տեսանկյունից ավելի եմ կարեւորում հատկապես գյուղատնտեսության զարգացումն ու օրինակելի ֆերմերային տնտեսություններ հիմնելը: Մենք ունենք այս ճյուղը թռիչքաձեւ զարգացնելու բոլոր հնարավորությունները՝ շնորհիվ ներդրված ճիշտ կառավարման համակարգի ու բիզնես տեսլականի», - ասել է Դավիթ Երեմյանը:


«Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ մրցունակությունն առաջին հերթին արտադրողականություն է եւ առանց արտադրողականության շահութաբեր գործունեություն վարել հնարավոր չէ: Սա հենց այն օրինակն է, երբ այդ բոլոր հարցերը համատեղված են: Այս օրինակը պետք է շատ դեպքերում հասանելի լինի այն տնտեսությունների համար, որոնք ցանկանում են նույն ճանապարհն անցնել։ Կարեւոր է, որ տնտեսությունը նախատեսում է առաջիկա ամիսների իր գործունեության ընթացքում առաջարկել նաեւ տոհմային կենդանիներ, ինչը իրական հնարավորություն կդառնա այն տնտեսությունների համար, որոնք, առավելությունները տեսնելով եւ գնահատելով, մտադիր են իրենց տնտեսությունները վարել: Իսկ մենք մեր ծրագրերով շարունակում ենք աջակցել նաեւ տոհմային անասնաբուծությանը, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարկավորել արտոնյալ վարկերով` կիրառելով այս տարվա ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքը»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին