Ծովամթերքի եւ սթեյքի սիրահարների համար արդեն մեկ շաբաթ է գործում է Master Chef ռեստորանը, որտեղ կարելի է սիրելի ուտեստները համտեսելուց զատ նաեւ մթերային գնումներ կատարել:
Յուրահատուկ մոտեցման եւ ռեստորանի առանձնահատկությունների մասին GastroVino-ին պատմել է Master Chef-ի գործադիր տնօրեն եւ գաղափարի հեղինակ Տիգրան Սողոմոնյանը:
Ինչպե՞ս գտնել
Master Chef ծովամթերք եւ սթեյք-հաուսը գտնվում է Քոչինյան փողոցում, որ Զաքյան փողոցի շարունակությունն է Ամիրյանին հատվելուց հետո: Ռեստորանը հեշտությամբ կարելի է գտնել դրա հարեւանությամբ գտնվող «Փարիզ» հյուրանոցի եւ «Մայրիկ» ռեստորանի միջոցով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Master Chef-ի բացօթյա հատվածի մուտքի մոտ կարելի է տեսնել Անտոն Քոչինյանի կիսանդրին: Ի պատիվ պետական գործչի՝ ռեստորանում մատուցվում են հեղինակային «Քոչինյան» աղցանն ու սուրճը:
Սովորեցնելով ճիշտ ընտրել
Տիգրան Սողոմոնյանը պատմում է, որ ռեստորանի անվանման ընտրությունն ամենեւին էլ պատահական չէ: Այստեղ կարեւորում են հաճախորդների գաստրոնոմիկ գիտելիքների զարգացումը՝ իրենց քիմքին լավագույնս համապատասխանող ուտեստն ընտրելու համար:
Տիգրան Սողոմոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ռեստորանի յուրահատկությունն այն է, որ հաճախորդների հետ անցկացնելու ենք վարպետության դասեր մթերքների ընտրության եւ պատրաստման վերաբերյալ: Օրինակ՝ շատերը թեեւ սթեյքերի ընտրանուց գիտեն որոշակի դասական անվանումներ, հաճախ պատկերացում չունեն բուն մթերքների եւ դրանց միջեւ եղած տարբերությունների մասին: Ըստ մեր հայեցակարգային մոտեցման՝ հաճախորդներին հնարավորինս ներկայացնելու ենք, թե իրենք ինչով են սնվում, ինչու ընտրեն հենց տվյալ տեսակը եւ այլն»,- մանրամասնում է Տիգրան Սողոմոնյանը՝ հավելելով, որ նման ծանոթացումը վերաբերում է ոչ միայն ուտեստների, այլեւ խմիչքների տեսականուն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հենց այս նպատակով էլ ռեստորանի տարածքում կարելի է տեսնել ցլի մակետ, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ պատկերացում կազմել, թե որ սթեյքը ցլի որ հատվածի միսն է:
Համավարակային իրավիճակի նահանջից հետո ռեստորանում պարբերական կդառնան տարատեսակ վարպետության դասերը՝ ընդհուպ մինչեւ պատվերի պատրաստման ընթացքի ներկայացում: Իսկ մինչ այդ, հաճախորդների ցանկության դեպքում հենց պատվերի ժամանակ էլ կարելի է տեղեկանալ առաջարկվող տեսականու առանձնահատկություններին՝ ավելի ճիշտ ընտրություն կատարելու համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շուկայի գաղափարը
Ռեստորանի տարածքն առանձնանում է նաեւ ներկառուցված հատուկ շուկայով, որտեղից կարելի է գնել տարատեսակ մթերքներ եւ խմիչքներ՝ հենց շուկայական գներով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Շուկայի գաղափարի հիմքում մեր մենյուի ուտեստների բաղադրիչների ցուցադրությունն է, որպեսզի մարդիկ կարողանան հստակ տեսնել այն մթերքները, որոնցով պատրաստվում է իրենց պատվերը, կարողանան նաեւ տեսողական ընտրություն կատարել»,- ասում է Տիգրան Սողոմոնյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տարածքում կա նաեւ մանկական սրահ, որը կգործի համավարակային իրավիճակի ավարտից հետո: Սրահի աշխատակիցը կհետեւի երեխաների խաղին, իսկ ծնողները կկարողանան հանգիստ վայելել իրենց ժամանակը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գնային քաղաքականություն
Տիգրան Սողոմոնյանի խոսքով՝ ռեստորանի բացումն առավել վաղ էր նախատեսվում, սակայն համավարակի տարածման կանխարգելումից բխող սահմանափակումները փոքր-ինչ հետաձգեցին այն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր առջեւ խնդիր էր դրված՝ կա´մ բացումն անել հիմա, կա´մ առհասարակ չանել: Թեեւ ընտրությունը ռիսկային էր, սակայն վստահ ենք՝ կանոնների պահպանմամբ գործունեություն ծավալելը ճիշտ որոշում է, քանի որ տարբեր հաստատությունների փակումից ո´չ պետությունն է շահում, ո´չ էլ աշխատակիցները»,- նշում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանի գործադիր տնօրենը հավելում է, որ թեեւ գործունեությունը սկսել են բավականին բարդ շրջանում, սակայն ռեստորանում առկա բացառիկ տեսականին եւ մրցունակ գնային քաղաքականությունը կօգնեն հաջողել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Շուկան մոնիթորինգ անելուց հետո՝ սահմանել ենք մատչելի գներ ինչպես սննդի մենյուի, այնպես էլ խմիչքների ընտրանու համար՝ որոշ դեպքերում հավասարեցնելով անգամ խանութներում առկա արժեքին»,- նշում է Տիգրան Սողոմոնյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա հավելում է, որ ռեստորանում գործում է երկու գին՝ տեղում պատվերի եւ takeaway տարբերակի համար, որն առավել մատչելի է: Բացի այդ, գործում է նաև առաքման ծառայություն:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: